gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

Emma Kosakyan«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

 

«Ինչու է մարդն ապրում աշխարհում»

Վերնագիրը հետաքրքրե՞ց, որոշեցիք բացել հոդվածն ու կարդա՞լ: Լավ, շնորհակալ եմ, չնայած ասեմ, որ վերնագիրը ես չեմ գրել, այլ Գևորգ Տեր-Գաբրիելյանն է մի օր մտածել ու որոշել իր էսսեն այս վերնագրով կոչել: Չգիտեմ, էսսեն համաձայն էր այդ մտքին, թե չէ, այնուամենայնիվ, երևի չի էլ հարցրել: Թէ ինչո՞ւ է ընտրել հենց այդ վերնագիրը, այլ ոչ թե՝  «Մարդը ինչու չպիտի ապրի աշխարհում» կամ գուցե`  «Մարդը ապրում է հենց այս աշխարհում, որովհետև այդպես է պետք», չգիտեմ, երևի ամենալավ տարբերակն էլ ընտրել է նա: Բայց, ինչպե՞ս է ընտրել, գուցե, պառկել է քնելու, բայց աչքը չի կպել, սկսել է մտածել: Կամ թեյ խմելի՞ս, իսկ եթե թեյ չի՞ սիրում, ուրեմն, հաստատ, երթուղայինում՝ պիկ ժամին տուն գնալիս է եղել. չորս կողմից հրմշտոց,  շա՜տ անհարմար վիճակ, մյուս կողմից էլ` մեջքն է ցավել ու քաղցած է եղել, ու ճանապարհը շատ երկար է թվացել: Մտածել է՝ ինչո՞ւ այսքան մարդ ապրում աշխարհում, կամ առհասարակ ինչո՞ւ  է մարդը ապրում աշխարհում, չէ՞ որ աշխարհը փոքր է, կամ գուցե երթուղայի՞նը: Լավ, ինչևէ, անցնենք առաջ: Հոդվածը չեմ գրել՝  վերնագրի ծագումնաբանությունը բացահայտելու, առավել ևս, այն դեպքում, որ հեղինակը գուցե երթուղային չի էլ նստում, իր մեքենայով է նախընտրում շարժվել:

Ես շատ եմ սիրում կարդալ ու հատկապես այն գրքերը, որոնք իմ մտքերը խառնում են իրար՝ հանկարծակի սկսած անձրևի ժամանակ հրապարակի մեջտեղում կանգնած մարդկանց նման, ովքեր անձրևանոց չունեն: Ու «Ինչու է մարդն ապրում աշխարհում» էսսեն հենց այդ շարքից էր: Վերնագիրը կարդալուց սկսեցի մտածել. երևի բոլորս ենք,  չէ՞, մեզ տվել այս հարցը` ինչո՞ւ ենք ապրում աշխարհում, ո՞րն է մեր ապրելու իմաստը, կամ արդյոք կա՞ իմաստ, ո՞րն է կյանքի նպատակը, մարդ էակի նպատակը: Աշխարհում այնքան շատ մարդ է ապրում, բայց երբեմն մարդկանց պակասից ենք մենք նեղվում` թանկ, հարազատ, կարևոր մարդկանց պակասից: Մի՞թե այդքան շատ մարդկանց մեջ չէինք կարող ունենալ  շատ թանկ մարդիկ: Իհարկե, չէինք կարող, քանի որ թանկ են կոչվում, որովհետև եզակի են, հատուկենտ, կորցնելու վախը կա:

Հեղինակն ասում է, որ մարդն ապրում է աշխարհում ստեղծագործական աշխատանք իրականացնելու, երջանիկ լինելու համար: Ասում է, որ ամեն մարդ հանճար է, կարծես հեղինակը զրուցում է քեզ հետ, պատմում իր տեսակետները, բայց մի րոպե, եթե զրուցում ենք՝ ես էլ խոսեմ: Ես կարծում եմ, որ ներկայիս իրականության մեջ, ոչ բոլոր մարդիկ են ապրում աշխարհում: Որոշներն ապրում են իրենց մտքերում, իրենց հորինած աշխարհում, անցյալում, ապագայում ամեն տեղ, բայց ոչ աշխարհում, այն աշխարհում, որն հենց այստեղ է ու հիմա: Շատ մարդիկ այնքան են խճճվել իրենց կենցաղային գործերում, որ աշխատանքն ու ընտանիքը, դասերը, հարաբերությունները կապել են իրար, պարանների նման, քարկապ գցել մի կերպ, իրենք էլ լվացքի նման կախվել այդ պարանից ու փորձում են հասցնել  ամեն ինչ: Ի՞նչ ապրելու մասին է խոսքը:

Ես կարծում եմ, որ մարդ ապրում է ապրելու համար` երջանիկ, ինքնաբավ, խաղաղ: Բայց ի՞նչ է երջանիկ ապրելը: Դա կողքից ասված  «Շատ երջանիկ ես երևում»-ը չէ, հաստատ: Դա խաղաղ մտքերդ են, մաքուր խիղճդ է, ծնողներիդ հպարտ հայացքն է, հայրենիքիդ համար արված որևէ քայլն է, ընկերոջդ  հաղթանակով ուրախանալն է, քամու հետ վազելն է, ավազին նկարելն ու արևածագին նայելն է, դա ՆՐԱ ձեռքը բռնելն է ու երազելն է…

Իրոք, երբեմն երազներում մենք ավելի լիարժեք ենք ապրում, լիիրավ, քան իրականում: Ինչո՞ւ, որովհետև երազներում  ամեն ինչ հասցնում ենք, ամեն ինչ կարող ենք. չկան այն սահմանները, որոնք մեզ սեղմում են իրականում:

Էսսեում ասվում է, որ մարդիկ ապրում են տարբեր խորհուրդներով, մի մասը տեսնում են, թե ինչպես է աշխարհը զարգանում և իրենք ևս մասնակցում են զարգացմանը, դրա մի մասն են կազմում: Բայց, արդյո՞ք դա այն զարգացումն է, որը պետք է մարդուն երջանիկ ապրելու համար, թե՞ դա արվում է` ասելու համար, թե` տեսեք–տեսեք, զարգանում ենք, առաջ են գնում: Լավ, գնում ենք առաջ, բայց արդյո՞ք դա օգնում է մարդուն ավելի երջանիկ դառնալու համար, թե նրան ավելի է սահմանափակում: Զարգացման ու տեխնոլոգիաների դարում մարդը զարգանում է, բայց դրան զուգահեռ ավելի հեռու է կանգնում իր նմաններից՝ մարդկանցից: Կարծես այս  դարում մարդուն մարդ պետք չէ, այլ սարք, տեխնիկա: Ժպտալու համար երկու ստեղ սեղմելը փաստորեն հերիք է: Մարդ իր հարազատների հետ կենդանի շփում գրեթե չունի: Մեր միջև միշտ կանգնած են հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ: Մենք չենք զգում դիմացինին, մենք տեսնում ենք միայն այն, ինչ նա ցույց է տալիս՝ ի՞նչ «սմայլ», որ նկարում է, այլ ոչ թե` ինչ նրա աչքերն են մեզ ասում: Մենք նույն քաղաքում ապրող մեր ընկերների հետ գրեթե ամեն օր շփվում են համացանցով, բայց եկեք անկեղծ լինենք. մենք այժմ ավելի հեռու ենք մեր հարազատներից, քան տասնյակ տարիներ առաջ: Ներկայիս դարում մարդուն պետք չեն մարդիկ. հերիք է սուրճ եփող սարքը, գրադարանավարուհի պետք չէ` էլեկտրոնային գիրք կա, վերջ, նստիր ու գիրք կարդա: Ու այսքանից հետո ասում ենք, որ մենք ապրում ենք ավելի լավ, քան մեր նախնիները, և մեզնից հետո եկող սերունդն ավելի լավ է ապրելու: Այդ ինչպե՞ս: Մենք ստեղծում ենք  նոր դեղամիջոցներ, նոր  գյուտեր են արվում, նոր բացահայտումներ: Թվում է, թե ավելի շատ մարդկանց կյանքեր կփրկվեն, բայց ցավոք, ստեղծում ենք  տարբեր ուտելիքներ, հյութեր, բուրգերներ` քիմիական չգիտեմ ինչ հավելումներով, որոնց դեմ մեր ստեղծած դեղերը ծիծաղելի են: Էլ չասեմ` օր օրի աղտոտվող օդի, ջրի, հատվող անտառների մասին ու դրանց կողքին  շատ սիրուն փակցված պաստառների «Մաքուր պահենք մեր քաղաքը», «Չծխե՛լ» ու այսպես շարունակ: Կարծես մարդիկ երկակի խաղ են խաղում: Ավելի լավ է մաքուր սնունդ արտադրել, չաղտոտել, որ այդքան շատ նոր  դեղահաբերի կարիք չի լինի:

Էսսեում ասվում է, որ մարդը և անկախ օղակ է, և կախյալ: Սա մեծ շանսեր է տալիս մարդուն և ազատ գործելու, և մխիթարվելու, եթե չկարողացավ: Ես կարծում եմ, որ մենք միայն կախյալ օղակ ենք  կախված բնությունից, հասարակությունից ու մեր քայլերում միայն այնքան ենք ազատ, որքան թույլ են տալիս վերոնշյալները, որ լինենք: Բնության մեջ թթվածինը չլինի` մենք չենք լինի: Միգուցե թթվածնային բարձիկներով ապրենք և մեզ ազատ զգանք, անկախ, բայց մի օր կվերջանա, չէ՞, բարձիկի թթվածինը, ու կրկին մենք կախյալ ենք: Մենք կախված ենք հասարակությունից, նույնիսկ, եթե ասենք, որ մենք հաշվի չենք նստում կարծիքների հետ, ընդունված նորմերի հետ, միևնույն է, միայն այն, որ մենք մասն ենք մարդկության, արդեն իսկ մեզ կապում է բոլորին: Դա նույնն է, որ կակտուսի փշերից մեկն ասի, որ ինքը անկախ է մյուս փշերից, բայց մյուս բոլոր փշերի հետ նույն բույսի մասն է, կախված է նրանից:

Բայց մի բանում ես համակարծիք եմ, որ  գնալով ավելի են շատանում ստեղծագործ մարդիկ: Կամ գուցե շատ էին: Ուղղակի հիմա ամեն ինչ ավելի հանրային է ու բոլորին հասանելի: Հիմա քչերն են իրենց նոր գաղափարներն օրագրերի մեջ պահում` նախընտրում են կիսվել, պատմել, տարածել, ինչ անենք, որ երբեմն դրանք անիմաստ  մտքեր են լինում, որ վաղուց ասվել էր, բայց կարևոր է, որ այժմ կա այդ համարձակությունը` կիսվելու ու պատմելու: Ու նույնիսկ, եթե  անիմաստ է, բացառում է այն տարբերակներից մեկը, որով կարելի է հասնել իմաստ ունեցողին, ուրեմն՝ լավ է:

Շատ երկարեց կարծես: Ավարտեմ էսսեում ինձ ամենագրաված մտքով. «Մարդն իր պատմության մեջ  դեռ երբեք չի հանդիպել մի իրադրության, որ չկարողանար հաղթահարել: Ուրեմն հավանական է` սա էլ կհաղթահարի ընթացքի մեջ»…