Այսօր ամսի 30-ն է, օրը` երեքշաբթի, ժամը` 11:27…: Արթնացա քնից, հագնվեցի, լվացվեցի… Եվ այդպես շարունակ: Վաղը Ամանոր է, և բոլորը նախապատրաստվում են. ոմանք նրբաբլիթներն են փաթաթում, ոմանք դեռ գնումների կեսը չեն արել, ոմանք խմորեղեն են թխում և այլն: Մեկը չկա հարցնի` բա դու (այսինքն, ես) ի՞նչ ես անում: Դե, արդեն ասացի չէ, որ առավոտը վեր կացա ու ընկա կրակը: Մաման, դու մի ասա, գառան կաղապարով տորթ է ուզում թխի: Պահոոո’, դե, Մերի ջաաա’ն, ջանդ յուղի: Մաման արդեն շխկոց-թխկոցը գցել էր, ես էլ ձևացնում էի, իբր քնած եմ: Տեսա, չէ’, չի ստացվում, անաղմուկ գնացի հյուրասենյակ, ու նստեցի համակարգչի առաջ: Մեկ էլ, ըհը, մաման ձայն տվեց.
- Մերի, արի այստեղ:
- Հա, մամ, հիմա գալիս եմ (թե ասա` քեզ պե՞տք էր` գնայիր հյուրասենյակ):
- Ասա, մա’մ, ի՞նչ ա եղել:
- Հարիչը վերցրու ու սկսի հարել:
-Վաաայ, մաաա’մ, երեկ եմ եկել Աբովյանից, հոգնած մեռնում եմ, դու արա, էլի…
- Երկրորդ անգամ չկրկնեմ:
- Հա, լավ, կանեմ:
Անցա գործի: Դե, ինչ ասեմ, ի վերջո, էլ ինչ ձեր գլուխը ցավեցնեմ, հարեցի վերջացրեցի: Տորթը թխվեց:
-Մաա’մ, դե կաղապարը բաց արա, հանիր, տեսնենք, ինչ է դարձել տորթս:
Մայրիկը հանեց ու ինչ… Ընտիր գառնուկ էր ստացվել:
- Մաաա’մ, գիտես ինչի՞ ա սենց լավը եղել:
- Ինչո՞ւ:
- Իմ ձեռքն է կպել:
- Հա, դու քեզ գովի’-գովի’:
Երբ ես խոհանոցից մի պահ դուրս եկա, մայրիկը գառնուկի մեջ մետաղադրամ թաքցրեց: Հենց բերեց, որ դնի սեղանին, ասաց` մեջը կոպեկ կա: Դե, Մերի ջան, այնպես արա, որ այդ մետաղադրամը քեզ ընկնի, չէ որ շատ ես ուզում, որ նոր սկսվող տարին լավը լինի: Ու նաև` չէ որ, տորթը ես եմ թխել: