Տոնածառը զարդարեցինք երեկ երեկոյան: Այն չի փոխվել քո գնալուց հետո, միայն ծայրի կտորն է պոկվել, բայց հանգիստ եղիր, արդեն ամրացրել ենք:
Առաջին խաղալիքը ես կախեցի, դե, սովորության համաձայն, որպես տան փոքր: Հարցնում ես, թե Ձմեռ պապից ի՞նչ եմ ուզել, ոչինչ:
Զարմանալի պատահականությամբ քո գնալուց հետո Ձմեռ պապը որոշեց, որ ես արդեն մեծ եմ, կամ էլ համարեց, որ ունեցածս աման-չամանը բավարար են ողջ կյանքիս համար: Մինչև մեկ տարի առաջ պահում էի դրանք, բայց 15-ում որոշեցի, որ արդեն հոգնել եմ դրանցից:
Գիտես, ես էլ հեքիաթի գրքեր էլ չեմ կարդում, վաղուց մեծ եմ դրանց համար: Լուրջ գրականություն եմ ուսումնասիրում, դե այն գրքերը, որոնցից մի ժամանակ հոտ էի քաշում:
Կեսգիշերին շամպայնը Հայկն է բացում, արդեն վարպետ է այդ գործում, գիտի առանց ջրհեղեղի բացել:
12-ից առաջ էլի նախագահն ու կաթողիկոսն են խոսում: Չես հավատա, բայց նրանց խոսքերն էլ են նույնը:
Ամեն ինչ նույնն է, բայց առաջվանը չի: Առաջվանը չի, որովհետև ես շատ շուտ բացահայտեցի, որ 12-ին Ձմեռ պապը չէր թակում դուռը, այլ դու էիր երեք անգամ զգուշորեն թխկթխկացնում սեղանի տակ: Ամեն ինչ նույնը չի, որովհետև ես կարոտել եմ այդ ձեռքն ու երեք թխկթխկոցը…
Շնորհավոր Նոր տարի, պա՜ պ: