Հա, հա. դու այստեղ ես, տերևների մեջ խառնվել ու դարձել ես մի ամբողջություն…
Բայց ուշադիր նայելով անգամ չեմ գտնում քո ստվերը:
Սակայն գտա քեզ, իմ նուրբ երազ, չիրականացված անուրջ: Դու արդեն տերև՜ ես, ծառի այն չորացած տերևը, որը ի վերջո ընկնելու էր ցած, տրորվեր անցորդների կողմից ու այդպես էլ հուշ մնար անկատար:
Բայց ես խնդրեցի ծառին, ու քամուց առաջ ընկա: Պոկեցի քեզ, ու դու դարձար իմ աչքերի առաջ մեռնող, բնության ու ԱՇՆԱՆ մի մասը… Դու արդեն աշուն ես, մեղմ ու բարի աշուն… Քամի ես, որ շոյում է իմ վարսերը, ու արև ես, որ ծակծկում է աչքերս, սակայն ժպտում երկնքից, բայց… Բայց մի րոպե, ախր, ախր ինչո՞ւ չեմ տեսնում քո այդ ժպիտը, եթե արև ես ու ինձ ժպտում ես երկնքից… Միգուցե արժանի չեմ այդ ժպիտին, որ տեսնեմ, միգուցե ես նույնպես պիտի տերև լինեմ, կամ էլ երկնքի լազուրին արժանի մեկը, ով թևերը դեպի վեր պարզած կսլանա ու… Միգուցե այնտեղից տեսնեմ բոլորին ու ավելի լավ գրեմ, վերջապես ճանաչեմ ավելի լավ ամենը, ինչը այստեղ այդքան էլ պարզ չէ:
Բայցևայնպես, մտածում եմ, որ ավելի լավ է լինել այն մեկը, ով դեռևս լավ չբացահայտված այս մարդկության ու աշխարհի մեջ առաջին հերթին կարողանա բացահայտի ինքն իրեն. Թեպետ դա աշխարհի ամենադաժվար բանն է` բացահայտել ինքդ քեզ:
Ամեն պահ դժվարանում եմ ասել, թե ինչ եմ զգում աշնանը: Ամեն աշնան տերև տարբեր է, սակայն կարծես թե, նույնն է, ու նույնն է ամենը:
Դու իմ տերևն ես արդեն, աշնան պարզ ու մաքուր այն տերևը, որը կարծես իմ թալիսմանը լինի: Իսկ հետո… Հետո էլ ե՞րբ կարող եմ ասել, որ աշունը գույն է, սեր ու իրական կյանքի գույնը:
Դու իմ տերևն ես: Լսո՞ւմ ես` ունկնդիր եղիր մանկական սրտիս ուժեղ բաբախյուններին: Այնքան նուրբ են ու այնքա՜ն աշնանային… Այնքան բարի, ու միևնույն ժամանակ, տարօրինակ: Կարծես թե ինքս եմ տարօրինակը, միգուցե այս աշխարհից չեմ, կամ աշխարհն է իմ մեջ փոխված: Ուզում եմ տերևին համոզել, որ լսի ինձ, ավելի ճիշտ, լսի հոգուս ձայնը, ու ես վստահ եմ, նա լսում է ինձ:
Իմ, արդեն մարած տերև, ժպտում ես էլի, ու հիմա է, ու հիմա է, որ ես արդեն տեսնում եմ քո հանդարտ ու բարի ժպիտը, քանզի էլ արև չկա, նա մայր է մտել: Արևը երկնային մարմին չի պարզապես, նա աշխարհ է, իմ ուրիշ աշխարհը: