Sabina Davtyan

Ապագայի գրքից

Հաճախ լսում եմ՝ «Դու գեղեցիկ ես գրում», բայց երբ սկսում եմ գրել, գեղեցկության մասին չեմ մտածում: Երբ գրում եմ, հաճախ թվում է, թե հենց այդ բառերը թույլ են տալիս ինձ ապրել, մի փոքր թեթևացնել այն, ինչ ներսումս ծանրացել է տարիների ընթացքում։ Գրելով՝ ես կարծես  թղթին եմ  հանձնում իմ հոգու ամենածանր բեռները: Գրելով ես ազատվելու, ապրելու, կյանքը մի քիչ ավելի տանելի դարձնելու հնարավորություն եմ գտնում։ Այն պահերին, երբ ինքս ինձ հետ եմ՝ գրելու ընթացքի մեջ, ինձ թվում է, թե կանգնած եմ դիմացս խոյացող ցավի ու հիշողությունների պատի առջև՝ անխուսափելի ու անխոցելի, բայց, միևնույն ժամանակ, պատրաստ՝ դեմ առ դեմ հանդիպելու դրանց, առանց կեղծ ժպիտների ու առանց վախի։

Ասում են՝ «Գրիր գիրք։ Թող քո պատմությունը լսեն»։ Խորհուրդ են տալիս կիսել իմ կյանքը, ապրված ճամփաները, չասված մտքերը, բայց ինչ-որ տեղ սրտիս խորքում գիտեմ, որ որքան էլ ազնիվ լինեմ գրածիս մեջ, մարդիկ երբեք չեն ընկալի այդ պատմությունը այնպես, ինչպես ես եմ այն զգում։ Նրանք կտեսնեն միայն բառերը, կընկալեն տողերը մակերեսային ընթերցումով, սակայն չեն հասկանա այն խորությունն ու ցավը, որ թաքնված է դրանցում։ Այդ տողերը պարզապես բառեր չեն։ Ամեն մի նախադասություն կրում է իմ ապրած ցավն ու կորուստը, իմ մենամարտն ու հույսի վերջին նշույլը։

Ինձ հաճախ թվում է՝ եթե երբևէ գրեմ այդ գիրքը, այն կլինի ինձ համար վերջին խոստովանությունը, որից հետո կազատվեմ հիշողություններից ու թաքնված զգացմունքներից։ Կարծես այդ էջերում ինձ թույլ տամ արտահայտել այն ամենը, ինչը տարիներ շարունակ մնացել է ներսումս։

Բայց ես հասկանում եմ, որ երբ մարդիկ կարդան այդ գիրքը, շատերը կմտածեն, թե այն ընդամենը հորինվածք է՝ գեղեցիկ ու նրբորեն շարադրված պատմություն։ Նրանք երբեք չեն կռահի, որ դա իրական է, որ այդ հերոսը ես եմ։ Հնարավոր է՝ նրանք կմտածեն, որ սերն ու ցավը պարզապես գրված են ընթերցողների համար, որ դա ընդամենը մի գեղեցիկ պատմություն է։ Եվ նույնիսկ եթե ոչ ոք չհավատա այդ պատմության իրականությանը, ես կիմանամ՝ այն իմն է, իմ անձնական ճշմարտությունը, իմ ապրած ճամփան, իմ երազանքները, իմ պայքարը՝ մնալու կանգուն, սիրելու ու ապրելու համար, անգամ երբ կյանքը ինձ այլ բան էր առաջարկում։

Հաճախ մտածում եմ՝ իսկ եթե մի օր համարձակվեմ գրել այն ամենը, ինչ կա ներսումս, ամբողջությամբ ու առանց կեղծիքների, մարդիկ կհավատա՞ն։ Մարդիկ հաճախ չեն ցանկանում տեսնել ցավն ու խավարը, որը շրջապատում է մեզ։ Նրանք ցանկանում են գեղեցկություն, ոգեշնչում, ուզում են լսել սիրո ու երջանկության պատմություններ, բայց իրականությունն այլ է: Կարծում եմ, որ իմ պատմությունը երբեք չի լինի այն, ինչ մարդիկ սովոր են կարդալ։

Երբեմն ինձ թվում է, թե այդ գիրքը կլինի իմ հոգու խորը մասերը բացահայտելու միջոցը, այն անկյունները, որոնք ես միշտ թաքցրել եմ։ Կգտնվեն բառեր, որոնք ես երբևէ չեմ համարձակվել արտասանել, խոսքեր, որոնք վաղուց թաքցրել եմ աշխարհի աչքից։

Այդ գիրքը ես կլինեմ՝ մերկ, խոցելի, ամենախոր երազանքներով ու ցավերով։ Գուցե այնտեղ գտնվեն բառեր, որոնք ես ինքս երբևէ չեմ համարձակվել արտասանել։ Գիրքը կլինի այն լռությունը, որից ես խուսափում եմ, այն հարցերը, որոնք ինքս ինձ չեմ տալիս, որովհետև վախենում եմ պատասխաններից։ Երբեմն պատկերացնում եմ, որ այդ գիրքը կլինի իմ հոգու վերջին հանգիստը, որտեղ ես կթողնեմ իմ բոլոր մտքերը, իմ բոլոր երազանքները, որոնք կյանքում երբեք չեն իրականացել։

Գուցե այս գիրքը կլինի իմ խիզախությունը՝ բացվելու աշխարհին, թեկուզ գիտակցելով, որ կարող եմ չհասկացված մնալ։ Միգուցե այն կլինի մի վերջին փախուստ, որը, չնայած իր ցավին ու վախին, կարող է ինձ տալ այն ազատությունը, որին միշտ ձգտել եմ։

Եվ հասկանում եմ՝ այդ գրքում պետք է լինի ամեն ինչ՝ առանց ձևի, առանց վախի, առանց դատարկ գեղեցկության։ Այնտեղ պետք է լինի ցավը, իրական, կոպիտ, այն ցավը, որ ես միշտ փորձել եմ թաքցնել աշխարհից, որ այն չվախեցնի մյուսներին։

Կգրեմ այն, ինչ ունեմ, առանց թաքցնելու, առանց կեղծելու, և այդ ամենի հետ նաև կբացեմ իմ հոգու ամենամութ կողմերը, որովհետև գիտեմ, որ դա կլինի իմ ճշմարտությունը՝ ամբողջությամբ ու ամբողջությամբ իմը։

Գիրքը՝ դա ես եմ, իմ երազանքները, իմ հիշողությունները, իմ երազանքների մնացորդները, որոնք կյանքը, ժամանակն ու ճակատագիրը երբեք չթողեցին իրականություն դառնալ։