Այսօր կդառնամ տասնհինգ տարեկան: Տասնհի՞նգ, հա, էլի՝ տասնհինգ. ինչ շուտ անցան տարիները. ասելը հեշտ է, բայց ի՜նչ կյանք մնաց հետևում:
Ինչքա՜ն ապրած ու չապրած րոպեներ մնացին, ինչքա՜ն ասված ու չասված բառեր մնացին օդում կախված, ինչքա՜ն ու ինչքա՜ն:
Հետ եմ նայում ու մտածում, թե տասնհինգ տարի օդից թթվածին շնչող այս մարդն ինչ տվեց աշխարհին, բացի վերցնելուց:
Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ եմ փոխում իմ ներկայությամբ, ու ի՞նչ կլինի բացակայությանս դեպքում:
Ո՞վ եմ ես: Մի գյուղացի աղջնակ, ով ամեն օր արթնանում է, խառնվում դպրոց շտապողների խմբին, ու թվում է, թե առանց ինձ էլ ամեն ինչ կարգին կլիներ, բայց… Բայց չէ: Իմ պակասը կզգային, երևի, եթե մարդիկ էլ չզգային, թաղի շները հաստատ կզգային, որովհետև… Ուղղակի կզգային:
Խանութի վաճառողուհին արկղի մեջ մնացած ու չվաճառված երկու բուլկուց կզգար, որ մեկը խանութ չի եկել, ու որ այդ մեկը ես էի: Կամ էլ այդ օրը, մեկը իմ բաժինն էլ կգներ, ու վաճառողուհին էլ չէր զգա, որ ես չեկա:
Չէ, բայց ուսուցիչներս հաստատ կզգային: Ներկա-բացակայի ժամանակ, կիմանային, որ չկամ: Գուցե այդ օրը «միամիտ» որոշեն, որ ներկա-բացակա անել պետք չէ, ու չեն էլ զգա, որ հինգերորդ վանդակը դատարկ մնաց:
Հա՛, լավ, ինձնից անվերջ դասի րոպեները հարցնող Արմենը կզգա. երբ ոտքով խփի աթոռիս, ու ես չպատասխանեմ, նա հաստատ կզգա: Բայց չէ, Արմենը դասի եկած չի լինի, և իմ ու ժամացույցի բացակայությունը ոչ մեկը չի զգա:
Չէ, բայց տանը հո՞ կզգան: Երբ մայրս բացի սենյակիս դուռն ու այն հավաքած տեսնի, կզգա, որ չկամ (մեր մեջ ասած, սենյակս միշտ թափած եմ թողնում): Մայրս կզգա՝ հաստատ կամ երևի:
Բայց ես կամ, ու արդեն տասնհինգ տարի: Թե ինչ ես տվի ու վերցրի աշխարհից այս տարիներին, գիտեմ միայն ես:
Վերջում կավարտեմ սիրելի գրքիս, սիրելի տողերով.
Արա այն լավը, որ կարող ես,
Այն ամենով, ինչով կարող ես,
Ամեն գնով, որ կարող ես,
Ամենուրեք, ուր կարող ես,
Ամեն վայրկյան, երբ կարող ես,
Ամեն մեկին, ում կարող ես,
Այնքան, որքան դեռ կարող ես: