
Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Նախորդ հարցազրույցից հետո ինձ շատ հետաքրքրեց վիրտուալ իրականության գաղափարը, և ես որոշեցի անել ևս մեկ հարցազրույց` այս անգամ Ֆրանսիայից ժամանած Շերին Լակդարի հետ:
-Ներկայացեք խնդրում եմ:
-Ես Շերին Լակդարն եմ` «Էրվե» կազմակերպության համահիմնադիրն եմ: Կազմակերպությունը զբաղվում է իմերսիվ տեխնոլոգիաներով, որոնցից են` վիրտուալ իրականությունը, լրացված և միքս իրականությունները: Այսպիսով, մենք զարգացնում ենք դրանց բովանդակությունը որպես ապրանք, ինչպես նաև երբեմն ստեղծում ենք ծրագրային ապահովումներ վիրտուալ իրականության մեջ կինոթատրոնի դահլիճների ստեղծման համար:
-Ինչպե՞ս իմացաք Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին և ինչպե՞ս եկաք այստեղ:
-Մենք արդեն երկու տարի է, ինչ համագործակցում ենք «Institut français»-ի հետ, այսպիսով, իրենք մեզ զանգահարեցին գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոն ավանին մասնակցելու համար: Եվ հենց այդպես մենք հայտվեցինք այստեղ:
-Նախկինում եղե՞լ եք Հայաստանում:
-Ոչ, սա իմ առաջին այցն է Հայաստան:
-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:
-Շատ եմ հավանել, շատ գեղեցիկ է: Դե, իրականում դեռ ժամանակ չեմ ունեցել Հայաստանին լավ ծանոթանալու համար, քանի որ այստեղ շատ աշխատանք կա անելու, բայց անպայման մի քանի օր կտրամադրեմ տեսարժան վայրեր այցելելուն:
-Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է Հայաստանում զարգացնել ֆրանսիական մշակույթը:
-Կարծում եմ` պետք է զարգացնել փոխանակումները, որպեսզի մարդիկ շարժվեն, որպեսզի այդ շարժը լինի հայերի և ֆրանսիացիների միջև, ինչու ոչ, նաև դասընթացներ և կրթական միջոցառումներ լինեն այս երկու երկրների միջև: Հիմա այստեղ շատ դպրոցներ կան, ինչը, կարծում եմ, այս զարգացման համար առաջնային է: Էլ ի՞նչ կարող ենք անել… Ուտել հայկականը Ֆրանսիայում և ֆրանսիականը` Հայաստանում: