Տեխնոշաբաթ

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց Տեխնոլոգիական շաբաթ 2018-ը: Սա ուսանողական խորհրդի նախաձեռնությունն է, և անձամբ ինձ համար ամենասպասված շաբաթներից մեկը, նոր հնարավորություն սեփական գաղափարները կյանքի կոչելու և նորը բացահայտելու համար: Մեկնարկը տրվեց «Բաց դռներ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջայցեր ունեցանք Ա.Ա. Մելիքյանի անվան ՀԱՊՀ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնական-հետազոտական, գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոններում, էներգետիկայի լաբորատորիայում և ANEL- ում: Շրջայցի ընթացքում ծանոթացանք կենտրոնների գործունեությանը և նրանց նորագույն տեխնիկական լուծումներին տարբեր բնագավառներում: Դրականն այն էր, որ բոլոր կենտրոններում լսում էինք նույն բառերը, որ իրենց լաբորատորիաների դռները միշտ բաց են ուսանողության համար և միշտ պատրաստ են աջակցել:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Այս բոլոր սարքերը, որ մենք ձեզ ցուցադրում ենք, թանգարանային նմուշներ չեն: Մենք այս սարքերը ցուցադրում ենք որպես հնարավոր գործիքներ ձեր ապագա կուրսային, ուսումնական, հետազոտական աշխատանքների համար,- նշում է գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Արեգ Գրիգորյանի միտքը շարունակեցին ՀԱՊՀ կենտրոնում, որտեղ անօդաչու սարքերին ծանոթանալուց հետո զրուցեցի կիբեռնետիկայի 4-րդ կուրսի ուսանող Ներսես Ներսիսյանի հետ, որն այժմ հետազոտական կենտրոնի աշխատակից է.

-Լաբորատորիան բացվել է այս տարվա փետրվարին՝ «Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ: Լաբորատորիայի նպատակն է` նախագծել և հետազոտել թռչող անօդաչու սարքերը: Ուսումնասիրում ենք անօդաչու սարքերի կառավարման ալգորիթմները և աշխատում կատարելագործել դրանք: Մենք փորձում ենք ստեղծել կիրառական պրոդուկտ, որը կիրառելի կլինի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության մեջ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այն հարցին, թե ում համար է հասանելի լաբորատորիան, Ներսեսը պատասխանեց, որ չնայած նրան, որ լաբորատորիան գտնվում է Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, այն հասանելի է ցանկացած այլ հաստատությունում սովորող ուսանողի համար, ով ցանկություն ունի աշխատելու:

Մեր երիտասարդները ունեն իրենց գաղափարները իրականության վերածելու հնարավորություն, և ուրեմն, ի գործ…