Փոքրիկ շախմատիստը՝ Ալեքս Սահակյանը, 11 տարեկան է: Ամեն անգամ արձակուրդների ժամանակ գալիս է Հալիձոր՝ պապին և տատին այցելության: Ի դեպ, նրա տատն ու պապը մեր հարևաններն են:
Ամեն անգամ, երբ Ալեքսը գալիս է Հալիձոր, ես առավոտ կանուխ իմանում եմ դրա մասին, որովհետև երբեմն նրա ձայնից եմ արթնանում: Շատ աշխույժ անձնավորություն է, նրա հետ շփվելուց երբեք չես ձանձրանա:
Ինչ նրան հիշում եմ, սիրում է շախմատ խաղալ, իսկ եթե իր հետ խաղացող չկա, ապա համակարգչով է խաղում:
Մի քանի օր առաջ, երբ լսեցի, որ Ալեքսը Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որոշեցի նրա հետ հարցազրույց վարել:
-Ողջույն, Ալեքս ջան, մի փոքր կպատմե՞ս քո մասին. քանի՞ տարեկանում և ինչպե՞ս որոշեցիր զբաղվել շախմատով, ո՞վ էր քեզ ոգեշնչել:
-Մանկությունից հետևում էի պապիկներիս ու հայրիկիս շախմատային խաղերին։ 4 տարեկանից գիտեի խաղաքարերը, իսկ արդեն 6 տարեկանում կարողանում էի խաղալ։ Հաճախում էի պարի խմբակ, սակայն խուսափում էի պարապմունքներից և հետևում էի կողքի սրահում շախմատի խմբակում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայրիկիս ու պապիկներիս խաղով ոգեշնչված՝ որոշեցի զբաղվել շախմատով։
-Կպատմե՞ս առաջին խաղիդ մասին, ինչպիսի՞ տպավորություններ ունեցար:
-Առաջին խաղս դժվարանում եմ մտաբերել, սակայն լավ հիշում եմ առաջին հաղթանակս։ 2012 թվականի հունիսի 1-ին մասնակցեցի երեխաների պաշտպանությանը նվիրված համաքաղաքային միջոցառմանը և զբաղեցրի առաջին պատվավոր հորիզոնականը։
-Կպատմե՞ս ամենատպավորիչ խաղիդ մասին:
-Իմ ամենատպավորիչ խաղը 2014 թվականի հունիսին «Տաթևեր» ճոպանուղում Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի հետ կազմակերպված սեանսն էր։ Սեանսի արդյունքում շախմատիստների ստորագրությամբ շախմատի տախտակ նվեր ստացա:
-Գիտեմ, որ նրանց հետ խաղացել ես: Ի՞նչ տպավորություններ ունեիր Լևոն Արոնյանի և Մանգուս Կարլսենի հետ խաղից:
-Հպարտության և միևնույն ժամանակ պատասխանատվության ու համարձակության զգացումներն էին ինձ պարուրել:
-Ո՞ւմ հետ ես երազում խաղալ:
-Երազում եմ խաղալ Հիկարու Նակամուռայի հետ:
-Եթե ճիշտ հասկացա, հենց նա է քո ֆավորիտ շախմատիստը:
-Նա իմ ֆավորիտների շարքում է:
-Արդյոք հետագայում կշարունակե՞ս շախմատով զբաղվել, թե՞ մեկ այլ մասնագիտություն կընտրես:
-Հետագայում նույնպես կզբաղվեմ շախմատով, կկատարելագործեմ ունակություններս և կձգտեմ արդեն հանդես գալ միջազգային հարթակում:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունես:
-Մարտին կմասնակցեմ Հայաստանի առաջնության կիսաեզրափակչին՝ փորձելով անցնել եզրափակիչ: Հաճելի ու տպավորիչ էր վերջին հանդիպումս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Նա ինձ շնորհավորեց, մաղթեց նորանոր հաղթանակներ ու հորդորեց երբեք չհրաժարվել շախմատից։