Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Մի գյուղի մասին, որն ապրում է

Ձմռանն իմ գյուղը սառում է, մրսում: Փողոցները դատարկվում են, ձայները լռում: Եթե բախտդ բերի, ու ձմեռը տաք լինի, փողոցում կանգնած կարող ես լսել թռչունների ծլվլոցը, կամ երբեմն տեսնել վազվզող թափառական շների: Հակառակ դեպքում դու պիտի կամ լռության ընկերը դառնաս, կամ՝ թշնամին: Բայց, այնուամենայնիվ, երբեմն դու կլսես դռան ճռռոցը, որովհետև մարդիկ դուրս են գալիս վառելափայտ վերցնելու և ներս են մտնում: Ձմռանն այստեղ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Հարկավոր է միայն տեսնել ծխնելույզից ելնող ծուխը և հասկանալ, որ մարդիկ դեռ մնացել են:

Ձմռանն իմ գյուղը սառում է, մրսում: Այն նաև ամբողջանում է ձմռանը: Ձմռանը մարդիկ չեն լքում Ագարակը, այլ գալիս են նրան ջերմացնելու: Գալիս են հիշողությունների հետևից, երբեմն խենթի նման մտնում մարդկանց տներ, փորձում լրացնել կիսատ թողած զրույցները, փորձում լրացնել այն դատարկությունը, որ առաջացել է դրսում: Մինչդեռ այստեղ առանց նրանց է դատարկություն առաջացել: Կիսատ է մնացել ամեն գործ. անմշակ է մնացել այգին, ծառին է մնացել միրգը, դաշտում է մնացել խոտը: Իսկ տերը… Տերը մնացել է դրսում։

Երբեմն, երբ ինչ-որ միջոցառում է լինում գյուղում, ու նկար եմ հրապարակում սոցցանցերում, մեկնաբանություններում դրսում ապրող ագարակցիները փորձում են հիշել, թե ովքեր են նկարի միջի մարդիկ, որ մի ժամանակ իրենց հարևաններն ու ընկերներն էին: Դեմքի կնճիռներում փորձում են գտնել այն պահերը, որոնք ապրել են միասին փողոցի ամեն անկյունում:

Գյուղս հիշում է, նա ամենալավն է հիշում, թե ինչպես էին նրանք առաջ ֆուտբոլ խաղում, «թռցնում» հարևան այգու ցոգոլները, լողում գետում: Գյուղս հիշում է, թե ինչպես էին նրանք «հալամուլա» և «յոթ քար» խաղում, ինչպես էին ձմռանը սահում բլուրներից ու ինչպես էին գարնանը իրար օգնելով դնում տան հիմնաքարերն ու փորում այգին: Գյուղս հիշում է: Գյուղս դրանով է ապրում: Գյուղս դրանով է գյուղ: Ագարակցին դրանով է ագարակցի:

Բայց և այնպես, իմ գյուղն օր օրի ծաղկում է, ավելի գեղեցիկ ու բարեկարգ է դառնում: Դառնում է ավելի գրավիչ, որովհետև անգամ դրսում գտնվելով՝ ագարակցին պարտքի և պատասխանատվության զգացում ունի իր գյուղի նկատմամբ: Իսկ գյուղս ամեն երեկո ննջում է՝ հավատալով, որ վաղն ավելի լավ է լինելու: