Անցած տարի ապրիլի 24-ին տատիկս պատմում էր իր եղեռնապուրծ ընտանիքի պատմությունը.
«Պապս 1Օ տարեկան էր, երբ գառներին սարում արածեցնելիս տեսնում է, թե ինչպես է այրվում իր գյուղը: Վազում է դեպի գյուղ և տեսնում այրվող թոնրատունը, որտեղ դեռ առավոտյան իր մայրը հաց էր թխում: Տեսնում է մի դժոխային վիճակ՝ թուրքերը այրում ու կոտորում էին ամեն ինչ իրենց ճանապարհին, սակայն ճանաչելով պապիս, ընտանիքի անդամերին չեն վնասում: Պապս՝ Նիկոլ Փաշան, որին նաև անվանում էին Սարի Նիկոլայ, վաճառական է եղել Ղարսում և մեծ հեղինակություն է ունեցել թուրք պաշտոնյաների շրջանում: Նա կարողանում է սայլին տեղավորել բազմանդամ ընտանիքն ու պարտադրում, որ հեռանան դեպի արևելք: Իրեն գցելով այրվող թոնրատան կրակի ժանիքների մեջ, պապս փորձում է փրկել տարիների կուտակած կճուճով ոսկիները: Նստելով ձին, գնում է, որ հասնի իր ընտանիքին: Հայրս հիշում էր, թե ինչպես էին իրենք հեռվից տեսնում իրենց հորը ձիու վրա, բայց այդ պահին նրան է մոտենում ասկյարների հրամանատարը, (որը հաճախ էր հյուրընկալվելՆիկոլի տանը) և պահանջում, որ կճուճը իրեն տա: Կճուճներից մեկը տալիս է նենգ թուրքին, իսկ մյուսը խնդրում է, որ թողնի իր ընտանիքին կերակրելու համար: Երբ պապս շարժվում է դեպի սայլը, թուրքը թիկունքից կրակում է: Պապս ընկնում է ձիուց: Մոտենալով ընկած վիրավոր պապիս, թուրքը հափշտակում է երկրորդ կճուճը և քարով ջարդում է պապիս գլուխը: Եվ այս ամենը տեսնում է մազապուրծ եղած ընտանիքը: Թաքնվելով ցերեկը, գիշերով կարողանում են հողին հանձնել հոր դին:
Չդիմանալով ճանապարհի տառապանքներին, մահանում է մայրը: Որբացած ընտանիքը, սոված-ծարավ, եվ որոշները թոքախտով հիվանդ, կտրելով Արփաչայ գետը, օրեր անց հասնում են Գյումրի»:
Ես անխոս լսում էի ու զգում, թե ինչպես եմ փշաքաղվում…
Դրանից անցավ տասը օր: Ես Հայաստանի պատմության թանգարանում էի, և մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Ինչին հիացած նայում էի՝ պարզվում էր, որ կապված է Կարսի ու մերձակա բնակավայրերի հետ, ու պատահական չէ, որ հենց այդտեղ էլ տեղի ունեցավ մի հանդիպում, որից հետո հայկական տարազների մասին իմ ունեցած բոլոր պատկերացումներն ու մտքերը փոխվեցին: Ես տեսա Կարսի տարազը: Տեսա ու հիացա, կամ էլ սիրահարվեցի դրան միանգամից: Հիմա հաստատ չգիտեմ, թե ինչ էի զգում այդ պահին, բայց հեռվից ինձ այդպես հիացնող ու գրավող տարազի ծագումը սկզբում ես չգիտեի, ու երբ մոտեցա ու կարդացի, որ դա Կարսի տարազն է՝ փշաքաղվեցի այնպես, ինչպես դրանից տասը օր առաջ տատիս պատմությունից էի փշաքաղվել: Տեսնելով այդ տարազը, ես պատկերացրի, թե ինչպես էր տատիկիս տատիկը կրել այն ու քայլել Կարսի փողոցներում, որոնք այնքա՜ն պարզ էի պատկերացնում (տատիկիս պատմությունը լսելուց հետո երկար ժամանակ ուսումնասիրում էի Կարսը ու բազմաթիվ նկարներ էի տեսել): Ու հիմա նոր հասկանում եմ, թե ինչպես կարելի է կոչել այն ամենը, ինչի մասին պատմեցի ձեզ:
Դա արյան կանչն է:Արյան կանչը, որը ինձ ու մեր սերնդից շատերին հետ է տանելու դեպի մեր իսկական էրգիրն ու տունը: