Անձրև չի գալիս, աշուն չէ։ Խորթ է թվում, բայց տերևաթափ էլ չկա։ Առհասարակ, ժամանակներն են փոխվել։ Հիմա տերևները հաղթում են քամուն, պնդերես են կամ երևի չափից դուրս շատ են վախենում թափառականի՝ ճակատագիր դարձած իրենց ուղուց։ Ոչինչ չի հուշում, որ այսօրը նման չի լինելու միլիոնավոր անցածներին ու մի այդքան էլ սպասվողներին․ ամեն բան սովորական է։ Հետո՞ ինչ, որ այսօրը հայտնվել է այստեղ, արտասովոր ոչինչ չկա, երեկվա մասին էլ մեկ ուրիշն էր պատմել, վաղվա մասին խոսողների պակաս էլ վախենամ՝ չզգացվի։ Ոչ մի օր անտարբերության չի մատնվի, բայց դրանց նույնության ծանրությունը կշարունակի կախված մնալ քաղաքի վրա, մի քիչ էլ աշխարհի ու եթե բախտը բերի, մոլորակի վրա… Ապա նաև կրկնությունից փախչող մեկի որբացող հոգում։ Մոլորակի վրա կախված էդ ծանրությունը քչերը կնկատեն․ թեթևների դարն է, չէ՞ վերջապես։ Բայց դու՝ իմ լավ ու հիմար ընկեր, դու ինչպես միշտ առաջինը կզգաս էդ ծանրությունն ու մի պահ կթվա, թե ահա, խեղդվում ես դրա՝ ժամ առ ժամ խտացող գոլորշիներից, դու էդպես էլ չսովորեցիր թեթևների օրակարգը, էդպես էլ չմտար նրանց դարաշրջան։ Ինչ է թե տարբերվո՞ւմ ես, գրողը տանի քեզ, խելագար, վերջ տալ է պետք, էդ ծանրությունները կյանքից դուրս շպրտելու անպատկառություն ունեցիր… Իսկ եթե չէ, ուրեմն մի դժգոհիր, որ լուսանցքում ես մնացել։ Անառակները մեղավոր չեն քո թուլամորթ բարոյականության համար։ Իսկ եթե իրոք կոկորդ ճանկռող ծանրությունից շնչառությունդ դադարեցնի իր տարիներ տևող անմիտ պայքարը, ի՞նչ ենք անելու, տապանաքարիդ վրա մեծ ու խոշոր տառերով գրելու ենք․ «Մեռավ, որովհետև տարբերվո՞ւմ էր, որովհետև այնքան ուրիշ էր, որ խեղդվեց ձեր միօրինակության խղճուկ ջրափոսո՞ւմ»։ Վերջացրո՛ւ ու ապրի՛ր, ինչքան հնարավոր է՝ արագ-արագ ապրիր։
Սովորական օր է։ Ու հենց դա է «անհամակերպվելին», ախր էդ սովորականությունը հավերժություն ենթադրող սարսափելի անհավասարություն է ամփոփում իր մեջ։
Հերթական մի օր է՝ մեկի համար ազատության մեջ նվնվալու, մյուսի համար՝ մի տեղ փակված՝ հանուն դրա պայքարելու, մեկի համար՝ սիրելիին գրկելու, մյուսի համար՝ նրան անվերջ կարոտելու սովորական կոչվող ու հոգի մաշող մի օր։
Սովորական է, իսկ մենք դրանից հրճվում ենք։ Մեր մեղքը չէ, գոհանում ենք նրանով, որ այսօրը երեկվանից մի քայլ էլ հետ չէ, ինչքան էլ կոկորդ պատռենք, մեկ է՝ մենք վախենում ենք այն ամենից, ինչ նոր է… Սովորել ենք հնի տաղտկալի կանոններին, վախենում ենք, որ մի թեթև փոփոխությունից հետո կկորցնենք այն ամենը, ինչ երբեք չհասցրինք վաստակել։ Ահա՝ ինչու սովորականության գիտակցումով սրտի մի ծանր բեռից ենք ազատվում կարծես, որը գուցե ամբողջ գիշեր տանջել է մեզ։ Սովորակա՞ն, չէ, մեզ աշխարհ է պետք, որում երջանկության հերթափոխ կլինի, որ ի վերջո ամենօրյա երջանիկների ու տարաբախտների միջև մի քիչ համաչափություն մտնի։
Լավ է, որ գոնե անձրև չի գալիս, թե չէ նա, ով կարոտում է, հաստատ կտխրեր, ախր իր անձրևանոց բռնողը չկա ու չկա, իսկ ինքը այդքան ուժ չունի միաժամանակ կարոտելու ու անձրևանոց քարշ տալու համար։ Ինքը պիտի թրջվի ու թրջվի այնքան, մինչև անձրևը հոգնության կամ խղճահարության բեռան տակ մարդանա ու հանձնվի, հետո փակվեն մոլորակի բոլոր անձրևանոցները, բոլորը՝ բացի մեկից, որն էդպես էլ չէր բացվել…
Մարտ, 2020