artyom avetisyan portret

Արտյոմ Ավետիսյան, լսո՞ւմ ես մեզ

Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի լավագույն թղթակիցներից էր Արտյոմ Ավետիսյանը:

Սեպտեմբերի 15-ին նա կդառնար  21 տարեկան…

Արտյոմի մասին անցյալ ժամանակով երբեք չի լինում խոսել: Իսկույն պատկերանում են ջինջ կապույտ աչքերն ու անսահման վարակիչ ժպիտը:

Արտյոմը սիրում էր գրել, նկարահանել, լուսանկարել: Նա բացահայտում էր աշխարհը, և այդ աշխարհը ստանում էր պայծառ գույներ, շաղախվում սիրով ու թախիծով:

Այսօր էլի հետահայաց կարդում ենք Արտյոմի պատմությունները, էն պատառիկները, որ մնացին մեզ ու մտածում էն ամենի մասին, որ մնացին նրա սրտում…

 

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎԱԾ ՏԱՏՍ

 

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

 

ԶԱՐԶԱՆԴ ՊԱՊԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

 

Երբ տուն վերադարձա, պապս հավաքում էր այգու ծառերի չորացած ճյուղերը:

-Մաքրվել է այգին, որ չորացած ճյուղերը հավաքել ես:

-Կարո՞ղ ես ինձ օգնել;

-Լսիր պապի, ուզում եմ ասես, թե ինչո՞ւ են քեզ ասում «Զարզանդ»:

-Դե, որովհետև շատ ավելի պահանջկոտ ու խիստ եմ եղել, քան հիմա: Հիմա դուք ինձ չեք լսում: Չգիտեմ` դա՞րն է փոխվել, թե՞ դուք եք ավելի չարաճճի դարձել:

-Պա՛պ, որ դու այդքան պահանջկոտ ես եղել, տատը ո՞նց է հավանել քեզ:

-Դե, եսիմ, հավանել է, էլի: Խստության հետ մեկտեղ, եղել եմ նաև կատակասեր: Հիշում եմ, որ ընկերոջս՝ Աշոտին, աղջիկ չէին տալիս իր տգեղ լինելու պաճառով: Իսկ նա աղջիկ էր հավանել և ուզում էր ամուսնանալ նրա հետ: Աշոտը ինձ առաջարկեց ներկայանալ իր փոխարեն: Երբ ընկերոջս ծնողները գնացին խնամախոսության, ինձ տարան իրենց հետ: Մինչ ծնողները զրուցում էին, ես աղջկան փախցրեցի և տարա ընկերոջս տուն:

«Ահա ընկերս, սա էլ քո հարսնացուն,  տես ինչ բացատրություն պետք է տաս նրան»: Ես տուն վերադարձա, մայրս զարմացել էր իմ պահվածքի վրա:

-Բա դու ինչպե՞ս ամուսնացար

-Ես տատիդ հավանել էի դեռ դպրոցում: Նա բարետես արտաքինով աղջիկ էր, սովորում էր գերազանց: Տատիկդ էլ ինձ էր հավանել, բայց չէր խոստովանում:

-Իսկ ինչպե՞ս իմացար, որ քեզ հավանել է:

-Երբ կանանց տոն էր լինում, նվեր անելիս տատդ չէր մերժում: Իսկ երբ սեր խոստովանեցի, չմերժեց. և մենք թաքուն ամուսնացանք;

-Թաքո՞ւն, ո՞նց, այ պապի, ոչ մեկ չիմացա՞վ:

-Էդ մեկն էլ չեմ ասի, դա իմ ու տատիդ գաղտնիքն է: Դու ինձ խոսեցնում ես, որ չաշխատե՞ս:

-Չէ՛ պապի, ինձ ուղղակի հետաքրքիր է քո անցած ճանապարհը:

-Էհ, իմ անցած ճանապարհը շատ դժվար է եղել: Այսօրվա նման ամեն ինչ այդքան հեշտ չի եղել: Մի կտոր հաց ստեղծելը շատ դժվար էր: Այդ պատճառով սկսեցի զբաղվել ձկնորսությամբ և խոհարարությամբ: Ես և կրտսեր եղբայրս ուռկան սարքեցինք և բոլորից թաքուն գնացինք ձուկ բռնելու: Վերցրեցինք նավակը և մտանք ծով (Սևանա լիճ): Սկսեցինք ձուկ բռնել: Ինչքան շատ էինք բռնում, այնքան ավելի ոգևորված գնում էինք խորքերը: Մի անգամ հենց գնացինք ծով, եղանակը վատացավ: Սկսեց ուժեղ քամի, և ծովն ալեկոծվեց: Մեր անզգուշության պատճառով եղբայրս ջուրն ընկավ: Ես մի կերպ փրկեցի նրան:

-Շա՞տ էիք վախեցել:

-Վախեցել էինք, բայց ոչ այնքան շատ, որ ես նորից չգնայի ծով: Ես արդեն մենակ էի գնում ծով և ավելի շատ ձկներ բռնում:

-Իսկ ի՞նչ էիր անում այդքան շատ ձկները:

-Վաճառում էի, չորացնում էի: Մի անգամ չափից ավելի շատ էի բռնել, և ոստիկանները տեսան:

-Բա քեզ ի՞նչ արեցին, պա՛պի:

-Ձերբակալեցին: Ինձ պատժամիջոց նշանակեցին. մեկ տարի տնային կալանք:

-Բա այդ ժամանակ ի՞նչ էիր աշխատում:

-Սկսեցի խոհարարությամբ զբաղվել:

-Ինչ դժվար է եղել քո կյանքը, պա՛պ:

-Հիշելը նույնպես դժվար է: Մի բաժակ ջուր բեր, շատ խոսեցի, կոկորդս չորացավ:

-Ա՛ռ պապի, ծովից եմ բերել, բայց մեջը ձուկ չկա:

-Դուռա՛կ, արդեն ձեռք ե՞ս առնում:

-Չէ պա՛պի, ուղղակի կատակեցի:

-Գնանք տուն, արդեն ցուրտ է, ճյուղերն էլ վերցրու, որ վառարանը վառենք:

Զարզանդ պապի ասածն ինձ համար օրենք է