Արթնացա ժամը 7:30-ին: Արևի շողերը աչքերս ծակում էին. շողերը սենյակս դրախտ էին դարձրել: Աչքերիս ցավից արագ վեր կացա, դուրս եկա սենյակիցս:
Տանը բոլորը քնած էին: Նախաճաշեցի, վերցրի վերարկուս, պայուսակս և դուրս եկա տանից: Արևի շողերը ողջ Երկիրը գրկել էին: Դուրս եկա գլխավոր փողոցի մայթ։ Կողքովս ամառային շորերով վազում էին ամերիկացի կամավորականները։ Տեսնում էին, ճանաչում և հայերից «թասիբով» ասում.
-Բա՛րև։
-Hi, mister Rey,- ասացի ես։
Տարօրինակ է, չէ՞, միստր Ռեյը՝ հայերեն, ես՝ անգլերեն։ Հասա դպրոցի դարպասների մոտ։ Մի կին էր կանգնած՝ ձնծաղիկի փոքր փնջեր ձեռքին, անցող-դարձողին ասում էր.
-Ձնծաղիկ, երեխե՛ք, ձնծաղիկ, ազի՛զ, բալ ջան, լավ հոտ ա գալիս:
Դե, մենք էլ պատասխանում էինք.
-Գնալիս կգնենք, որ մամային տանենք։
Դպրոց մտա, դասղեկս ասում էր.
-Տեսա՞ք ձնծաղիկ վաճառող կնոջը՝ գարունն արդեն եկել է:
Դպրոցի բակում ձնծաղիկի հոտ էր տարածվել։
Այս տարի ե՞րբ էինք ձմեռ տեսել, որ գարունն էլ նոր էր եկել: Մարտ ամիսն անցել է, բայց նույն եղանակն է, ինչ ձմռանը:
Եղանակային քաոսից հասկանում ենք, որ գարունն արդեն պաշտոնապես մեզ հետ է: