albert abrahamyan kapan

Մեր բժշկուհի Կարինեն

Ես հիմա ծառայում եմ բանակում: Հաճախ, երբ ինքնազգացողությունս վատանում է. Ուղարկում են բուժկետ: Այստեղ կանայք են աշխատում, և մենք՝ նորակոչիկ զինվորներս, միանգամից  զգում ենք ընտանեկան ջերմություն Հենց նման մի այցելության ժամանակ էլ զրուցեցի Կարինե Կոստանյանի՝ բժշկուհի Կարինեի հետ։

-Ավարտել եմ մանկաբարձական ուսումնարանը, 25 տարի աշխատել եմ Աշտարակի հիվանդանոցում։ 25 տարի աշխատելուց հետո կրճատվեցի և դարձա գործազուրկ։ 4 տարի չաշխատեցի, որից հետո շատ պատահական առաջարկ ստացա, մասնակցեցի հարցազրույցի և անցա այն։ Այդ ժամանակ էլ հայտնվեցի Պաշտպանության նախարարությունում, և արդեն 8 տարի է՝ ծառայում եմ հայրենիքիս։ Աշխատանքս շատ եմ սիրում, այս տարիների ընթացքում դեռ չեն պատահել զինվորներ, որ ինձ ինչ-որ հարցում ստեն։ Եղել են ինձ հետ միշտ պարզ, կիսվել են իրենց խնդիրներով, ընդունել են իմ խորհուրդները։ Այս 8 տարվա մեջ միշտ վայելել եմ հարգանք զինծառայողների կողմից։ Ասեմ, որ աշխատանքս շատ բարդ է և մեծ պատասխանատվություն է պահանջում, ես զինվորների կողքին եմ ինչպես իրենց մայրը։ Սկզբում շատ դժվար էր հասկանալ զինվորի ներաշխարհը, բայց տարիների ընթացքում շփվելով նրանց հետ՝ ես կարողացա հասկանալ նրանց։ Աշխատանքիս պատասխանատվությունը մեծ է, սա այն աշխատանքն է, երբ գործ ունես մարդու կյանքի հետ։ Այո, ես սահմանին չեմ, բայց այստեղ էլ ես իմ գործը կատարում եմ պատվով և հաղթահարում եմ ամեն դժվարություն, փնտրում եմ և գտնում ճիշտ լուծում բոլոր հարցերում։ Այս կյանքում առաջնահերթ մարդ պետք է մարդ լինի, որպեսզի սեր և հարգանք վայելի բոլորից։

Ես 51 տարեկան եմ, ունեմ երկու երեխա։ Աղջիկս ամուսնացած է, երեխա ունի, իսկ տղաս 16 տարեկան է, և նա էլ հայրենիքի վաղվա պաշտպանն է։ Ինձ բոլորը մի հարց են շատ տալիս՝ արդյոք դժվար չէ՞ այդքան տղամարդկանց հետ աշխատելը։ Այո, շատ դժվար է այդքան տղամարդանց մեջ աշխատելը, բայց եթե կինն ունի բարոյական բարձր կերպար, նա մեծ հարգանք կվայելի իր շրջապատում՝ անկախ այն բանից, շրջապատում կանայք են շատ, թե տղամարդիկ։

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն, իրենց ծնողներին համբերություն այս 2 տարիների ընթացքում։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս կարողանանք մեր երկիրը, մեր հողը պահել մեր աշխատանքով և լինել զգոն ցանկացած պահի։