Առավոտ էր, հայրենի գյուղիս գեղեցիկ առավոտներից մեկը: Ամեն օրվա պես գնում էի դպրոց: Հասա դպրոց, ու խառնվելով երեխաների ամբոխին, վազեցի դասարան: Մտա ու զարմանքից քարացա. դասարանում բացի ինձնից ոչ ոք չկար: Անգամ սեղաններն ու աթոռները տեղում չէին: Հանկարծ աչքովս ընկավ պատուհանի գոգին դրված գիրքը: Զարմացած շուրջս էի նայում, երբ մեկն ինձ ասաց.
-Մոտեցի՛ր:
Ինձ թվաց, թե ականջներս են ձայն տալիս այդ լռությունից, բայց երբ մեկ անգամ էլ լսեցի, համոզվեցի, որ ո՛չ: Մոտեցա պատուհանին դրված գրքին: Կարդացի վերնագիրն ու ծիծաղի մի ճիչ արձակեցի: Գրքի վերնագիրը «Գիրք» էր:
Սովորությանս համաձայն առաջին բանը, որ արեցի, գրքի կազմը զննելն էր: Այն «գերող» էր: Բացեցի գիրքն, ու ի զարմանս ինձ, այն դատարկ էր: Մտածում էի, որ այսօր իմ օրը չէ, և չգիտես ինչու, զարմանալի դեպքերը ուղեկցում էին ինձ: Դեռ զննում էի գիրքն, ու հանկարծ գիրքն սկսեց խոսել:
-Երևի զարմացար, որ միայն դու ես դասարանում:
-Անկեղծ ասած, շա՜տ,- պատասխանեցի ես՝ ինքս էլ չհասկանալով, թե ում:
-Զարմանալի չէ, որ դու ինձ տեսնելով ամենևին էլ չուրախացար,- ասաց նա :
-Ինչո՞ւ եմ ես մենակ,- հարցրի ես:
-Ընկերներդ այսօր դասի չեն եկել, որովհետև ուսուցչուհուդ հանձնարարած գիրքը չեն կարդացել (շա՜տ զբաղված էին համացանցում), դու այսօր մենակ ես:
-Բայց… Իսկ ուսուցիչնե՞րը… Հասկացա՜, նրանք գիտեին, որ ոչ ոք չի կարդացել, և դասի չեն գա:
-Ցավում եմ, բայց ուզես, թե չուզես, դու այսօր ստիպված կլինես մենակ մնալ ինձ հետ այնքան ժամանակ, մինչև գիտակցես իմ կարևորությունը:
-Եթե ես պետք է մենակ մնամ, առանց ընկերներիս, ես կնախընտրեի հեռախոսով խաղալ:
-Հենց դրա համար էլ ես այստեղ եմ, որպեսզի դու մենակ չմնաս:
-Մենակ մնալ մի գրքի հետ, որը ունի տարօրինակ վերնագիր և, չգիտես՝ ինչպես, խոսում է: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի:
-Դուք բոլորդ գնալով մոռանում եք իմ գոյության և կարևորության մասին՝ ինձ փոխարինելով այդ համացանցի հետ:
-Լսի՛ր, ընկերս: Չնեղանաս իհարկե, բայց դու էլ գիտես, որ 21-րդ դարը տեխնիկայի դար է: Բոլորը կապված են համացանցին, և քո ժամանակը ոչ ոք չունի:
-Գիտեմ, լա՜վ գիտեմ: Բայց դուք չեք հասկանում իմ կարևորությունը: Մարդը որքան էլ զարգանա և նոր տեխնոլոգիաներ ստեղծի, միևնույնն է, պետք է գիրք կարդա:
-Գիտես, ես համամիտ եմ, ու դրա ապացույցն այն է, որ ես գիրքը կարդացել եմ և եկել եմ դասի: Բայց դու էլ հասկացիր, որ նոր սերունդը քեզ չի սիրում:
-Դա նման է այն բանին, երբ դու մարդուն չես ճանաչում, բայց վատ կարծիք ունես նրա մասին: Նրանցից շատերը դասագրքերից բացի ուրիշ գրքեր չեն կարդացել և չգիտեն, թե դա ինչ բան է:
Ես հասկանում էի, որ այն, ինչ նա է ասում, ճշմարիտ է: Ես ինձ մեղավոր էի զգում…
-Այդ դեպքում ինչպե՞ս անեմ, որ քեզ սիրեն:
-Վաղը, երբ դասի գաս, պատմիր ընկերներիդ, որ գիրքը շատ լավն էր, ասա՛ նրանց, որ անպայման կարդան, և վստահ եղիր՝ նրանք կանեն դա, երբ տեսնեն, որ դու այդքան ոգևորված ես պատմում գրքի մասին:
-Լա՛վ, կանեմ այնպես, ինչպես ասացիր:
-Շնորհակալ եմ: Եվ մի բան էլ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրել. շարունակի՛ր նույն ոգով, և մի օր էլ…
-Արթնացի՛ր, արթնացի՛ր,- ձայն էր տալիս մայրս:
Ես արթնացա քնիցս, ու որքան էլ ցավալի էր, դա ընդամենը երազ էր: Մի երազ, որը իրականություն էր ասես, միայն այն տարբերությամբ, որ գրքերը չեն խոսում: Երազ, որն ինձ այնքան բան տվեց, որ իրականությունը տալ չէր կարող:
Գիրքը խոսքերը վերջացնել չկարողացավ, դրա համար էլ ես կգրեմ այն, ինչ ենթադրում եմ, որ պետք է ասեր նա: «Ես գիտեմ, որ դու սիրում ես գրել. շարունակի՛ր նույն ոգով, և մի օր էլ մարդիկ կկարդան քո գրքերը»:
Ես ձեռքս առա թուղթ ու գրիչ, որ գրեմ այն, ինչ տեսա երազում:
Առավոտ էր: Սովորական առավոտներից մեկը…