Փոքրիկ ու տաքուկ գյուղ է իմ Շենիկը: Չորս կողմը փոքր ու քարքարոտ լեռներ են, դատարկ փողոցները իրար են միացված խճճված ճանապարհներով, բարձր բարդիները շարված են փողոցների ծայրերին՝ իբրև արթուն հսկիչներ:
Տարվա բոլոր եղանակները գյուղում գեղեցիկ ու տարբեր կերպ են արտահայտվում:
Այս տարի ձմեռը սկսվեց սաստիկ ցրտով: Վերջին տարիներին գրեթե ձյուն չտեսած ճանապարհները կորան բքի մեջ: Ամեն կողմից լսվում էր, որ ցուրտ ձմեռ է լինելու, վառելիքի հարց պետք է լուծել:
Փետրվարը նույնպես սկսվեց ձյունոտ: Ճանապարհների սառույցը կոտրեց վերևի փողոցից եկած լուրը՝ գյուղում 3 երեխա է ծնվել նույն օրում:
Մեր գյուղի պես փոքր գյուղերում նման լուրերն արագ են տարածվում: Աջից ու ձախից լսվում էին օրհնանքներ. «Առողջ լինեն, երջանիկ»: Գյուղը նոր կյանք առավ: Հացատների ժանգոտած կողպեքները բացվեցին, թոնիրները՝ վառվեցին: Ուրախություն է, նշել է պետք:
Խորովածի հոտը մեր բակ էլ հասավ: Կա-չկա՝ վերևի փողոցից է: Հացատներից դուրս եկած ծուխը նստեց գյուղի վրա ու տաքացրեց այն: Թոնրի կրակը մարեց ու իջավ: Գիշերը գյուղը քնեց:
Էլի ցուրտ է, ցուրտ փետրվար: