Ամեն աղջնակի հպարտություն, ամեն երիտասարդի ուժ և օրինակ իր հայրն է, իսկ ինձ համար նա մի ամբողջ աշխարհ է:
Հայրս` Մինաս Հրանտի Սարգսյանն է: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում: Նա զինվորական է`հայկական բանակի գնդապետ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, և հայ-ադրբեջանական հակամարտությունները գնալով ավելի սրվեցին, մինչև հայկական բանակի ստեղծվելը տարածաշրջանի երիտասարդներով, որսորդական հրացաններով կազմակերպել են տարածաշրջանի ինքնապաշտպանությունը: 1992 թվականի օգոստոսի եռամսյա հավաքներին, շրջանի զինկոմիսարիատին կից ստեղծված գումարտակում ծառայության անցավ որպես դասակի հրամանատար: Ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտությունը փոխարինվեց զինվորականի պատասխանատու ծառայությամբ: Ծառայում է հայկական բանակում շուրջ 24 տարի: Ծառայության հանդեպ ունեցած սերս ինձ փոխանցվել է ժառանգաբար: Դոմինանտ է հանդիսացել և հուժկու հարված տալով ռեցեսիվին, մտել է իմ գենոտիպի մեջ: Ես էլ հիմա հուժկու հարված եմ տալիս իմ երկրորդ եսին և գնում եմ ինձ պարուրած ծառայության հետևից…
Այսօր, երբ արթնացա, ասես, ինչ-որ բան իմ ներսում փոխված լիներ: Եվ որոշ ժամանակ անց հասկացա, թե դա ինչն էր: Մեծացել է ևս մեկ տարով իմ բանակը:
Հայրս ծառայությունից տուն եկավ: Ես մոտեցա և ինչպես բնորոշ է ինձ, զեկուցեցի.
-Իմ հերթապահության ընթացքում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել: Տան հերթապահ`Սարգսյանների անդրանիկ դուստր` փոխգնդապետ Սարգսյան:
-Ազատ,- ծիծաղելով պատասխանեց հայրս…