Մանե Մ. Սարգսյանի բոլոր հրապարակումները

mane m sargsyan

Մի ուսանողի պատմություն

Բարև սիրելի ընթերցող, եթե դու ինձ ճանաչում ես, ապա պետք է, որ տեղյակ լինես իմ ուսանող լինելու փաստի մասին: Սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում: Ամենադժվար համալսարաններից մեկը, եթե ոչ` միակը: Մասնագիտական առարկաների հետ զուգահեռ անցնում ենք «ոչ պետքական» առարկաներ և «երեք» դրական գնահատականով փակում: Բայց այսօր նյութիս թեման համալսարանը չէ, այլ մի ուսանողի պատմություն, ով մնում է Երևանում եղբոր հետ:

Ես Ճամբարակից եմ, Երևանում ապրում եմ, ինչպես արդեն հասկացաք, եղբորս հետ: Տան միակ աղջիկը ես եմ: Եվ մայր եմ, և քույր, և խոհարար, և «հավաքարար», և վերջապես, ուսանող: Ինչպե՞ս եմ հասցնում դասերիս հետ տնային գործերը: Ճիշտն ասած, ինքս էլ եմ զարմանում ինձ վրա:

Երբ դու ապրում ես մի տան մեջ, որտեղ բացի քեզանից կա ևս երեք աղջիկ, խնդիրն ավելի արագ է լուծում ստանում, իսկ այս «օտար» քաղաքում, այս նոր կացարանում միակ աղջիկը լինելով, սովորում ես հույսդ միայն քո ուժերի վրա դնելուն, շաբաթվա մեջ ամենաքիչը չորս անգամ, չորս տարբեր տեսակի ճաշ պատրաստելուն, տունը շաբաթվա մեջ գոնե երկու անգամ «մասշտաբային մաքրման» ենթարկելուն: Եթե ապրում ես տղայի հետ, պետք է, որ տեղյակ լինես, որ տղան շաբաթվա մեջ գոնե երկու անգամ, եթե ոչ ամեն օր, պետք է «ջրիկ ճաշ» ուտի: Դա չգրված օրենք է…

Չնայած եղբոր հետ ապրելն իր դրական կողմերն էլ ունի: Նախ, եթե խանութից գնելու բան կա, նա է գնում: Միսն է կտրտում, հարկ եղած դեպքում նաև կարող է ճաշ պատրաստել, ու այդ ժամանակ անկախ քո կամքից, հասկանում ես, որ նա քեզանից ավելի լավ է պատրաստում, թեկուզ ձվածեղ կամ «ժարիտ»: Բայց այդ ճաշ պատրաստելու «ակցիան» կարող է գործել տարին մեկ կամ երկու անգամ: Մոռացա նշեմ` չզարմանաք, եթե ամեն անգամ քո պատրաստած ճաշն ուտելուց նա ձեզանից դժգոհ մնա: Դա սովորական է: Ուղղակի լուռ համակերպվեք, և հիշեք. դրսում նա գովում է ձեզ:

Եթե խորհուրդի կարիք զգաք, գրեք: Մեծ սիրով կօգնեմ:

mane m sargsyan

Արծիվներ

Նրանք հպարտ են, նրանք ուժեղ են, նրանց համար վախ բառը հավասարազոր է ստորացման: Նրանք պայքարում են, քանի որ թշնամին համարձակվել է քայլ անել դեպի նրանց սրբությունը:

Կա մի բառ, որն արտասանելիս աչքերիդ առջև մի դաժան ու սարսուռ առաջացնող տեսարան է հայտնվում: Գույների բոլոր երանգները խառնվում են՝ ստեղծելով մի նոր կարմիր: Հայ զինվորի կարմիրը…

Ինչպե՞ս շարունակել ժպտալ, երբ ամեն պահի մտովի հայտնվում ես սահմանին, երբ ամեն անգամ աչքերդ փակելիս՝ որդուն կորցրած մոր պատկերն է հայտնվում տեսիլքի նման: Փորձում ես զգալ այն ցավը, որը զգում է որդուն կորցրած մայրը, ամուսնուն կորցրած կինը, սիրեցյալին կորցրած աղջիկը: Ցավը նույնը չէ, բայց պատճառն ընդհանուր է: Իսկ այն ցավը, որը զգում է զինվորը՝ տեսնելով, թե ինչպես է իր զինակիցը արնաքամ լինում ու վաjրկյաններ անց` անշնչանում: Ինչպե՞ս խոսենք այդ ցավի մասին: Արցունքների միջոցով, մի քանի տոկոսով կարողանում ենք մեղմել հոգու մղկտացող վերքի ցավը, իսկ ինչպե՞ս մեղմի զինվորը:

Ասում են՝ տղան իրավունք չունի լաց լինելու: Իսկ ի՞նչ անի նա, եթե ներսը այրվում է, եթե հոգին հանգստացնել է փորձում, ի՞նչ անի, երբ ցավը խեղդում է ներսից: Թե՞, եթե նա տղա է, ապա իրավունք չունի ցավ զգալու: Ի՞նչ անի նա, երբ ներսը քանդվում է անզորությունից, քանդվում է խոսել չկարողանալուց: Նա ուղղակի կլռի, կհավաքի բոլոր մնացած ուժերն ու կշարունակի կռվել, ուրիշ ճանապարհ չկա: Կամ եթե լինի էլ, բոլորի վերջը նույնն է լինելու:

Ներելու ուժը կվերածվի պայքարի, պայքար հանուն գոյատևման, հանուն ապագայի:

-Մա՛ն, դու պատկերացնո՞ւմ ես, ես անգամ հավ չէի կարողանում մորթել, իսկ էստեղ…

Մեր խաղերը

Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:

Մենք չորսն ենք, չորս «հարազատ արյուն»: Չորսով այնքան խաղեր կարող եք խաղալ, բայց մենք չէինք սիրում կրկնվել, մենք էինք ստեղծում մերը, նորը և միգուցե միակը իր ոճի մեջ:

Այ, օրինակ, «Ճանապարհային պտույտ». լսե՞լ եք այս խաղի մասին, կարծում եմ, ոչ: Այս խաղը սովորելը շատ հեշտ է, ուղղակի սպասում ես այն օրվան, երբ հայրիկդ ձեզ նորից կտանի Շամշադին` Սարի ճանապարհով, իսկ հետո սպասում ես, թե երբ պետք է մեքենան պտույտ կատարի, և նրա հետ հավասար թեքվում ես աջ կամ ձախ: Իսկ ամբողջ խաղի էությունը կայանում է հակառակորդին տապալելու մեջ, և պարտված է համարվում նա, ով կդիմեր մայրիկի օգնությանը: Մի քանի շաբաթ առաջ նորից Սարի ճանապարհով տեղ էինք գնում, և ակամա հիշեցինք մեր հորինած խաղի մասին, պտույտի հետ թեքվում էինք, կրկին տապալում թշնամուն», բայց չստացվեց այս ամենից նորմալ խաղ: Կարո՞ղ եք կռահել` ինչու: Մենք մեծացել ենք արդեն:

Հիշում եմ, թե ինչպես չէի սիրում քնել: Չէ քնելը սիրում էի, ուղղակի քույրիկներիս հետ միևնույն ժամին չէի ուզում քնել: Ախր, ես մեծացել էի, ես իրավունք ունեի մեկ ժամ ուշ պառկել քնելու, միայն սերիալս նայելուց հետո: Եվ գիտեք` ինչ էի անում, որ հայրիկս չբարկանար և թողներ մեկ ժամ էլ արթուն մնայի: Դասերս, երբ սովորում էի, օրագիրս չէի լրացնում, իբրև թե մոռացել եմ, և լրացնում էի միայն այն ժամանակ, երբ քույրերս գնում էին քնելու, ժամանակ էի շահում և վայելում սերիալս:

Հե՜յ մանկություն, հետ կգաս գոնե մի օրով, որ կարողանամ խաղալ իմ խաղերը…

mane m sargsyan

Արդեն դու իմն ես

Դու իմ նոր տունն ես, իմ համալսարանը: Քեզ մոտ գալու համար ես երեք տարի անընդմեջ պարապել եմ: Եվ առանց պարապմունքի չեմ պատկերացրել իմ օրը: Իսկ հիմա արդեն պետք է հարմարվեմ մի նոր օրակարգի: Սովորեմ ապրել առանց պարապմունքի գնալու: Առավոտյան դպրոցի փոխարեն գնամ ամենատարօրինակ, ամենահետաքրքիր համալսարաններից մեկը, իսկ հինգից հետո ոչ թե գնամ պարապմունքի, այլ գամ տուն:

Իմ համալսարան, դու այնքան բարի և հոգատար ես: Քեզ դիմողներին ընդունում ես գրկաբաց, սակայն, եթե նրանցից մեկը փորձում է փոքր ինչ ծուլություն անել, դու նույն բարեհամբույր ձևով նրանց հաջողություն ես մաղթում:

Սակայն սկզբի համար հաջողություն ասելը դեռ շուտ է: Պետք է նախ ողջունել, իսկ ողջույն առանց ուրախության, դա ողջույն չէ: Ուսանողական խորհուրդը որոշեց, որ մերձեցման երեկո պետք է կազմակերպվի:

«Հարգելի առաջին կուրսեցիներ, ուրախ ենք տեղյակ պահել Ձեզ, որ շուտով` սեպտեմբերի 24-ին, վարչական մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունենալու«Բարի գալուստ բժշկական» երեկոն (welcome party)…»

Այդ միջոցառմանը նաև անակնկալ հյուր ունեցանք: Մեզ ողջունելու էր եկել ռեկտորը` Մ. Նարիմանյանը: Ողջույնի խոսքից հետո սկսեցինք լիաթոք ուրախանալ և երկու ժամով մոռացության մատնեցինք դասերը:

Հաճելի երեկոյից հետո հասկացանք, որ ոչ միայն գտել ենք նոր ընկերներ, այլ նաև համալսարանն է «մեզ ընդունել»: Ես հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ ես Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ:

mane m sargsyan

Սերը, անկախությունը և թագավորի տղան

Նա ունի սիրտ, ունի հոգի, զգացմունքներ: Եվ ես սիրում եմ նրան, գիտե՞ք: Բայց չգիտեմ` նա ինձ սիրո՞ւմ է: Իմ Հայաստանը ինձ սիրո՞ւմ է: Կներես, որ քեզ հետ «դու»-ով եմ խոսում, բայց կարծում եմ, դու դրանից չես նեղանա: Դու այն վայրն ես, որտեղ ես ծնվել եմ, ապրում եմ ու պատրաստվում եմ ապրել: Որտեղ ես դեռ մանկուց սկսել եմ երազանքներս ի կատար ածել, որտեղ նոր երազանքներ են ծնվել ու անցել իրագործման փուլ: Սակայն կան երազանքներ, որ այդպես երազանք էլ կմնան:

Ով ինձ ճանաչում է, գիտե, որ ես երազել եմ, և ինչու չէ, շարունակում եմ երազել ծառայելու, սահմանին կանգնելու և հայրենիքս պաշտպանելու մասին:

-Ես 60 երեխա եմ ունենալու: 60-ն էլ տղա: Եվ նրանք բոլորն էլ զինվորական են դառնալու,- ասում էի ես, երբ դեռ փոքր էի:

-Այդքանին ի՞նչ ես անում, մի քիչ շատ չե՞ն,- հարցնում էին բոլոր նրանք, ովքեր լսում էին իմ տարօրինակ երազանքի մասին:

-Նրանք բոլորն էլ հայրենիքին են ծառայելու, սահմանին կանգնելու: Ես իմ երկրի բանակը «կհզորացնեմ»:

Իմ, այսպես կոչված, երազանքից անցել է ավելի քան տասը տարի:

Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 25- ամյակին նվիրված հանդիսավոր երթի ժամանակ, մի շատ հետաքրքիր դեպք եղավ: Փոքրիկներին ոստիկանները անցկացնում էին «սահմանը», որպեսզի կարողանան ավելի պարզ տեսնել երթը: Եվ ծնողներից մեկը իր երեխային նախօրոք «հրահանգել» էր:

-Թագավորի տղային ասեք` թող գա,- ասաց ծնողներից մեկը ոստիկանին:

-Թագավորի տղան ո՞վ ա,- զարմացած հարցրեց ոստիկանը, և այդ տարածքում գտնվող մարդիկ սկսեցին տարօրինակ նայել այդ մարդուն:

-Դուք ասեք, ինքը կիմանա` ում մասին ա գնում խոսքը:

-Թագավորի տղան ո՞վ ա: Կանչում են:

Եվ այդ պահին ոստիկանի ձեռքը բռնած մեզ է մոտենում «թագավորի տղան»:

Միայն նա չէ, որ թագավոր է, թագավոր են բոլոր նրանք, ովքեր կանգնած են սահմանին, ովքեր դեռ փոքր տարիքից երազում են սահմանին կանգնելու մասին, և ովքեր ուղղակի նվիրված են իրենց երկրին:

mane m sargsyan

Տատիկիս ուժը երկնքից

Ես ունեմ երեք տատիկ: Ավելի ճիշտ, ունեի, մինչև նրանցից մեկը չմահացավ: Ովքեր լսում էին երեք տատիկ ունենալու մասին, միշտ հարցնում էին.

-Ման, բայց ո՞նց:

Կպարզաբանեմ: Նրանցից մեկը մայրիկիս մորաքույրն է, ուղղակի դեռ մանկուց նա է մեզ պահել, խնամել, մեծացրել, և նրան էլ մյուս տատիկներիս նման սիրել եմ ու հիմա էլ սիրում եմ, չնայած նրան, որ երկնքում է:

Միշտ հավատացել եմ, որ հարազատ մարդիկ, երբ մահանում են, շարունակում են երկնքից պահպանել ու պաշտպանել մեզ, ճիշտ ուղու վրա դնել, և ճիշտ խորհուրդներ տալ: Ու սրտիս խորքում վստահ եմ, որ իմ բժիշկ դառնալու ցանկության մեջ նա էլ ներդրում ունի:

-Իմ Մանուշակը պետք է բժշկուհի դառնա: Հագնի իր նման ճերմակ խալաթ և բարձրակրունկները հագին ընդունի և ճանապարհի իր հիվանդներին: Երանի այնքան երկար ապրեմ, մինչև տեսնեմ իմ բալին,- ամեն անգամ, երբ իմ ապագայից էինք խոսում, ասում էր նա: Նրա խոսքերը հիշում եմ մինչև հիմա, բառ առ բառ:

-Տատ, ես չեմ ուզում: Իրավաբան եմ դառնալու: Իմ սեփական ընկերությունն եմ ունենալու:

Հա, բա չէ` իրավաբան կդառնամ, չնայած ընկերություն կարելի է: Այն ժամանակ այնքան էի ոգեորվել  այդ ընկերության գաղափարով, որ նույնիսկ անունն էի որոշել. «ԼաՄանե Սանիմ»:

Լսեք մեծերին: Նրանք երբեք չեն սխալվում: Տատիկ, Մանուշակդ, երազանքիդ ճանապարհին է, արդեն առաջին խալաթն է հագել…

mane m sargsyan

Մարդիկ կարող են

Տապակած կարտոֆիլ: Ամենահեշտ պատրաստվող ճաշատեսակներից է: Վերցնում ես թավան, մեջը լցնում ձեթ, կարտոֆիլը մաքրում, լվանում, կտրատում և լցնում ես թավայի մեջ ու սպասում մինչև տապակվի: Երկար ժամանակ հարկավոր չէ տապակվելու համար: Այս ամբողջ գործընթացը ձեր ժամանակից խլում է ընդամենը 15-20 րոպե, եթե ոչ ավելի քիչ: Սակայն, երբ մտքերդ անցնում են հարձակման, ճաշը պատրաստ է լինում ավելի ուշ, քան կմտածեիր. 15-20 րոպեն կարող է դառնալ 30, կամ էլ մեկ ժամ:

Սեփական փորձով համոզվել եմ, ուղիղ հինգ ժամ առաջ ընդամենը վերցրեցի մաքրած կարտոֆիլը և սկսեցի կտրատել: Մեկն ավելի հեշտ էր կիսվում, մյուսն ավելի դժվար: Մարդկանց են նման, գիտե՞ք: Կան մարդկանց տեսակներ, որոնց կարող ես շատ հեշտ վիրավորել, «դանակով անցնել նրա միջով», կոտրել սիրտը, խառնել ներսը և դժբախտացնել: Կան մարդիկ, որոնք արդեն կոփվել են և պատրաստ են «դանակի» հարվածին, բայց միևնույն է, այս դեպքում միայն մտնելու սկիզբն է դժվար: Մտնելուց հետո արագ «բաժանվում է» երկու մասի, և կրկին կրկնում նախկին ապրածը:

Ուղղակի մի նմանվեք կարտոֆիլի կիսվելուն: Պաշտպանվեք: Մարդիկ կարող են, կարտոֆիլն է անպաշտպան:

Հ.Գ. Մանեն արդեն ուսանող է: Ապրում է Երևանում: Ինքներդ կռահեցիք. ստիպված է ճաշն ինքնուրույն եփել:

mane m sargsyan

Նորի հինը

Վախենում եմ… Չեմ քնել գիշերը… Անհանգիստ եմ… Տարօրինակ է, հանգիստ եմ… Լացս գալիս է… Լավ է լինելու…

Իմ լսողական ընկալիչը արդեն սովորել էր համարյա ամեն պահի այս նախադասությունները լսելուն:

Սովորական դարձած այս բառերի խումբը, որը անհանգիստ իմաստ էր արտահայտում, շատերի համար անսովոր էր:

-Ինչքան են անհանգիստ: Հլա տեսեք` ոնց են նիհարել:

-Նիհարե՞լ,- մտածում էի ես,- ի՞նչ եմ արել, որ նիհարեմ: Հա, ճիշտ է, պարապում եմ, բայց հա հետո ի՞նչ: Չնայած երևի ամենածանր գործը հենց այդ պարապելն է, եթե իրոք պարապում ես, ոչ թե զբաղվում մտավոր մարզանքով, իբր ֆիզիկականն ավարտել ես:

-Քիմիան և կենսաբանությունը ուղեծրից դուրս առարկաներ են: Չփորձեք համեմատվել մյուս պարապողների հետ: Քիմիան իր մեջ ներառում է և ֆիզիկա, և մաթեմատիկա, և հայոց լեզու, և կենսաբանություն,- ասում էր մեր ուսուցչուհին:

Առաջին քննությանը կարող ենք ասել ցտեսություն: Վերցնել նրա հետ կապված բոլոր հիշողությունները և պահել մեծ կիսագնդերի մի անկյունում, իսկ նյութականը` նկուղի խուլ անկյունում, կամ էլ օգտագործել որպես թուղթ` այրելու համար:

Բացումն արված էր: Կարծում եք հաջորդին արդեն վախ, անհանգստություն չկա՞ր: Գիտեք, եթե այսպես մտածեք, շատ կսխալվեք, քանզի անհանգստությունը եռապատկվել, քառապատկվել էր, և առանց դեղահաբի այդ վիճակից հեշտորեն չէինք կարող դուրս գալ:

-Արդեն փորձ ունեք, ավելի հեշտ կլինի:

Իսկ ոչի՞նչ, որ պատասխանատվությունը ավելի է մեծանում և բարձր ստանալու գաղափարը սկսում է զբոսնել մտքում: «Պատվի հարց է»,- այսպես են ասում մեծերը:  Մենք պատվով հաղթահարեցինք: Եվ հիմա էլ պատվով վայելում ենք մեզ հասանելիք արձակուրդը: Հաջողություն բոլոր նրանց, ովքեր ընդունվեցին այս տարի:

«Կռվում» հաղթեցինք, մնում է «պատերազմը»:

Կանաչ ճանապարհ…

mane m sargsyan

Հիշողությունների արկղիկը շուտով կփակվի

Հիշողությունները դրանք կյանքի ամենահիանալի երևույթներն են: Երբ կրկին վերապրում ես այն, ինչի միջով անցել ես ժամանակին: Նրանք քեզ համար դառնում  են կյանքի մի շրջան ձևավորող և գեղեցկացնող մասնիկներ:  Ապրել ներկայում և երջանկանալ հիշողություններով…

Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ես կապրեմ ամենաքաղցր պահերը` վերջին զանգ, ընդունելություն, նոր ընկերներ, միջավայր: Կհայտնվեմ լիովին անծանոթ մի շրջապատում, սակայն իմ հիշողությունների և նրանց բաղկացուցիչ մասը կազմող իմ քույր և եղբայրների հետ միասին:

Իմ դասընկերների հետ ունցել եմ անսահման հիանալի պահեր: Այս երեք տարին յուրաքանչյուրիս համար լի է անմոռանալի ապրումներով, որոնք մենք շատ ապահով «թաքցրել» ենք  մի «արկղի մեջ», որտեղ հերթով դասավորված են բոլոր հիշողությունները:  Ցանկության դեպքում կարող ես բացել  և նորից վերապրել:

Իմ համառ բնավորությանը ընկերներս շատ  լավ ծանոթ են, և որպեսզի ինձ չնեղացնեն, պատասխանեցին իմ տրված հարցին:

Հարց, որն առիթ հանդիսացավ բացելու «արկղիկը», ուր արդեն խնամքով պահ էին տրված հիշողությունները:

Եվ այսպես, ասեք`

Ամենավառ տպավորությունը դպրոցական տարիներից, որ երբեք չեք մոռանա:

«Մեր «ջրոցին» չեմ մոռանա: Այնքան  լավ եմ հիշում, կարծես երեկ լիներ: Երբ  որոշեցինք և բոլորս մեկ մարդու նման ուղևորվեցինք Թթուջուր: Ամեն ինչ հիանալի անցավ»,- պատասխանեց Ֆելիքսը`ապագա ռազմական բժիշկը:

«Ձեզ տեսնենք աղջիկներ» միջոցառումը: Մեր հիշողությունների ամեն մի դրվագը ասես քիմիական հավասարումներ լինեն` մեկը մյուսից կախված: Մի նյութ բաց թողնես, ռեակցիան սխալ կընթանա»,- պատասխանեց Սվետան` ապագա դեղագործը:

«Մեր փախուստի օրը: Չնայած նրան, որ շատ խոսեցին մեզ վրա, բայց միևնույն է, հիանալի պահեր ապրեցինք միասին»,- իր հիշողություններով կիսվեց նաև Սաթինեն:

«Էքսկուրսիաները: Բայց ինձ համար ավելի տպավորիչ էին հատկապես տունդարձի ճանապարհին ավտոբուսի մեջ միասին երգելը: Երբ երգում էինք և հաշվի չէինք էլ առնում ճիշտ ենք երգում, ձայն ունենք, թե ոչ: Ուղղակի վայելում էինք այդ պահերը»,- իր պատասխանով կրկին մի հիշողություն հանեց արկղիկից  Արգիշտին:

Իսկ իմ հիշողություններն անսահման են. մեր առաջին հանդիպումը դասարանի «նորեկների» հետ (ի՞նչ նորեկ, եթե այդ դասարանում բոլորս էլ նորեկ էինք),  առաջին էքսկուրսիան, առաջին համատեղ խնջույքը, առաջին մրցույթները, հաղթանակները, պարտությունները:

Ամեն բան ժամանակին վերջանում է… Մի երկու օրից դպրոցական հիշողություններով արկղիկը այլևս չի լցվի նոր հիշողություններով, խնամքով կփակվի, և երբ տխուր լինենք, հուսահատված ու տխուր, կբացենք այն, կհանենք հիշողությունները, կուրախանանք, կջերմանանք ու կշարունակենք ապրել ու պայքարել:

mane m sargsyan

Խորհրդավոր հանգստություն

-Վերջին ժամը չեք անում: Տուն գնացեք:
-Երևի ընկեր Չիլինգարյանը այստեղ չի,- անցավ բոլորիս մտքով, բայց ոչ մեկս չմտածեցինք վատի մասին:

Բարձր տրամադրությամբ դուրս եկա դպրոցից: Եվ առանց շտապելու, վայելելով արևի ջերմությունը և պարզ երկնքում ճախրող թռչունների ընկերակցությունը մտքերիս մեջ սուզված հասա տուն: Սակայն այդ խորհրդավոր լավ նորությունով հագեցած օրը սկսեց ինձ տարօրինակ թվալ: Չգիտեմ ինչպես, բայց զգում էի, որ վատ բան է լինելու… Որոշ ժամանակ անց զանգ ստացա ընկերուհուցս:

-Ման գիտե՞ս, ինչի են ձեզ տուն ուղարկել,- հարցրեց նա:
-Դե պատմության ժամն էր: Երևի ընկեր Չիլինգարյանը գործեր ուներ:
-Չէ, Ման, Ղարաբաղում պատերազմ է սկսվել:
-Պատերա՞զմ…

Այդ պահին սիրտս սկսեց արագ բաբախել, արյունը երակներումս սկսեց եռալ: Ուզում էի վեր կենալ և գնալ Ղարաբաղ: Մի միտք էր  պտտվում գլխումս: Բայց ինչո՞ւ: Ճիշտ է, զարմանալի չէր ու ինչ-որ մի տեղ նաև սպասելի էր: Բայց միևնույն է, ինչո՞ւ պատերազմ սկսեց: Այդ գույժը սկսեց արագ տարածվել: Որտեղ գնում էիր` նույն թեման էր, նույն խոսակցությունները: Մի տեղ անիծում էին թուրքին, մյուս տեղում հավաքվածները ուզում էին րոպե առաջ հասնել Ղարաբաղ: Եվ ամեն հայր ցանկանում էր այդ պահին գնալ և իր որդու փոխարեն կանգնել սահմանին:

Չնայած այդ նորությանը, ամեն ինչ շարունակում էր մնալ առաջվա նման: Երեխաները խաղում էին բակում, պարապողները շտապում  էին պարապմունքի: Ամեն ինչ հանգիստ էր:

-Այնտեղ ական կա, հիմա կպայթի: Շուտ, վազենք…
-Գնացինք, արագ:
-Սպասեք` գալիս եմ:

Երեխաների խաղի բնույթն էլ փոխվեց: Գնդակով խաղալու փոխարեն նրանք «զենք» էին վերցրել: Եվ «պատերազմ» էին կոչում իրենց խաղի անունը: Միշտ ասել եմ, որ դեռ վաղ տարիքից երեխայի մեջ ձևավորվում է հայրենասիրությունը: Շատերը համաձայն չեն այս մտքի հետ, կլինեն նաև մարդիկ, որ ինձ սխալ կհամարեն: Բայց ես կասեմ միայն մեկ բան: Եկեք Ճամբարակ և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ:

Մենք ունեցել ենք հերոսներ, ունենք հերոսներ և կունենանք:  Ցավալի է, բայց կյանքն է այսպիսին: Ու նրանք գնում են, որ շարունակեն երկրի վրա սկսած իրենց գործը: Նրանք գնում են, որ երկնքից հսկեն ու պաշտպանեն մեզ այնպես, ինչպես դիրքերում: