Ամիսներ առաջ էր, որ ծանոթացա Լևոն Խեչոյանի հետ: Որոշել էի ֆիլմ նկարել նրա մասին: Երբ այդ մասին ասացի ծանոթներիս, մի քիչ թերահավատությամբ նայեցին դրան: Ասացին, որ իզուր չգնամ նրանց տուն ու հարցնեմ նրան. նախ, որովհետև դեռ փոքր եմ, փորձ չունեմ, և հետո` ինձնից առաջ քանի՜- քանի՜ լուրջ ռեժիսորների է մերժել…
Բայց ես չլսեցի ոչ-ոքի ու որոշեցի անձամբ գնալ նրանց տուն ու իրենից ստանալ կամ մերժում, կամ համաձայնություն:
Իմանալով միայն, որ ապրում է Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գտնվող հիվանդանոցի մոտակայքի ինչ-որ շենքում, որի վրա գրված է «Հարություն», ես, ամիսներ առաջ ճամփա ընկա մեծ գրողի տուն: Շփոթված էի, չգիտեի` ինչ էի ասելու նրան, որտեղից էի սկսելու. «Բարև ձեզ: Ես Շուշանիկն եմ: Տասնվեց տարեկան եմ: Ձեզ հետ միասին ապրում եմ Հրազդանում և ուզում եմ ֆիլմ նկարել Ձեր մասին, չնայած ոչ ոք չի հավատում, որ կստանամ Ձեր համաձայնությունը, բայց ես եկել եմ անձամբ դա Ձեզնից լսելու…»: Այդ ժամանակ իմ մտքերը ինձ ծիծաղելու աստիճան սարսափելի էին թվում: Ես որոշեցի ոչինչ չմտածել այդ պահին, բացի իրենց տունը գտնելուց: Հուզմունքս ավելի էր ավելանում, երբ ճանապարհին ում հարցնում էի, թե չգիտե՞ն արդյոք որտեղ է ապրում Լևոն Խեչոյանը, բոլորը տարակուսած նայում էին ինձ, կարծես, թե ինձ բարկացնելու համար, եւ դա նրանց հաջողվում էր: Փոքր ժամանակ ես մտածում էի, որ հայտնի մարդիկ (գրողները, դերասանները, երգիչները…) մի տեսակ անիրական, ոչ շոշափելի էակներ են: Ինձ թվում էր` նրանք ո՛չ հաց են ուտում, ո՛չ ջուր խմում, ո՛չ էլ սովորական մարդու կյանքով ապրում: Նրանց հանդեպ ունեցած խորը ակնածանքս ստիպում էր ինձ առասպելականացնել մտավորական ասված կերպարը: Ես, այդ պահին, երբ մարդիկ շշմած նայում էին ինձ` Խեչոյանի անունը լսելիս, մխիթարվում էի այն մտքով, որ գուցե նրանք չեն կարող երևակայել անգամ, թե Խեչոյանի նման մեծ գրողը կարող է ապրել իրենց հետ կողք-կողքի:
Վերջապես գտա շենքը: Թակեցի առաջին հարկի բնակարաններից մեկի դուռը.
-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում,- հարցրեցի ես:
-Վերև, – ասաց դուռը բացած կինը` մատը վեր ուղղելով:
-Լավ, շնորհակալություն,- ասացի ես ու բարձրացա վեր:
Հաջորդ դուռը:
-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում,- հարցրի ես երկրորդ անգամ:
-Մի հարկ վերև բարձրացեք,- եղավ պատասխանը:
-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում: Ինձ ասացին…,- խոսքը բերանումս կիսատ մնաց:
-Այո, այո, համեցեք ներս,- ասաց մեղմ դիմագծերով ու շարժուձևով մի կին: Այնպիսի տպավորություն էր, կարծես, թե ինձ վաղուց սպասում էին այնտեղ: Հետո ինձ ուղեկցեց Լեւոն Խեչոյանի աշխատասենյակ: Շատ յուրահատուկ վայր էր դա: Սենյակն ամբողջությամբ լցված էր արվեստի գործերով: Պատերը գրքերի ու կտավների առատությունից չէին երևում: Կային նաև կիրառական արվեստին առնչվող բավականին հին իրեր: Մի խոսքով, դա ավելիշատ նման էր թանգարանի, քան աշխատասենյակի:
Գրքերի ծանրությունից կռացած գրասեղանի առաջ նստած էր ինքը՝ Լևոն Խեչոյանը: Բարևեցի, հետո ներկայացա, թե ով եմ: Ասացի` ուզում եմ ֆիլմ նկարել իր մասին: Պատմեցի ամեն ինչ՝ սկսած մարդկանց թերահավատությունից բռնածս գործի հանդեպ: Ժպտաց, հետո ասաց, թե ճիշտ եմ արել, որ չեմ լսել ոչ ոքի ու եկել եմ, ավելացնելով, որ, եթե մարդը ուզում է ստեղծագործել, չպիտի մերժես նրան: Հետո երկար, զննող հայացքով նայեց ինձ ու հարցրեց.
-Գիտե՞ս, թե ինչքան դժվար է արվեստի ուղով քայլելը:
-Գիտեմ,- ժպտալով պատասխանեցի ես,- բայց ուզում եմ զգալ այդ հաճելի դժվարությունը:
Նա նորից ժպտաց: Կարծես թե նրան իմ պատասխանը դուր եկավ: Հետո հարցրեց, թե ինչու եմ ուզում հենց իր մասին ֆիլմ նկարել: Ես էլ անկեղծ պատասխանեցի, որ այդ ֆիլմով նախ իմ, հետո էլ իմ ընկերների համար ուզում եմ բացահայտել Լևոն Խեչոյան մարդուն ու գրողին: Չձևացրի, փորձեցի լինել պարզ, առանց այլևայլությունների: Անկեղծ մարդկանց դուր է գալիս պարզությունը: Չասացի, որ ինչ-որ լուրջ վավերագրող ռեժիսոր եմ: Չթաքցրի նաև, որ դա իմ առաջին լուրջ գործն է լինելու, բայց դա չխանգարեց նրան, որ համաձայնվի: Միայն ասաց, որ առողջական խնդիրներ ունի ու երկու օրից գնում է Գերմանիա բուժման անորոշ ժամանակով, և ֆիլմը նկարահանել հնարավոր կլինի միայն իր վերադարձից հետո: Փոխանակվեցինք հեռախոսահամարներով: Խեչոյանը խոստացավ, որ վերադառնալուց հետո անպայման կզանգի: Ես էլ կատակեցի, թե, եթե ինքը չզանգի, ես անհամեստություն կանեմ ու առաջինը կզագեմ: (Էլ ինչ իմանայի, որ հավերժ լռելու էր նրա հեռախոսը, և իմն էլ երբեք հնարավորություն չէր ունենալու զանգել նրան): Հետո խոսեցինք մի քիչ արվեստից, գրականությունից, դպրոցից… Եկավ հրաժեշտի պահը: Նա ինձ իր գրքերից նվիրեց: Հետո ճանապարհեց մինչև աստիճանները՝ չնայած ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր: Հրաժեշտ տվեցինք միմյանց: Վերջում ժպիտով նայեց ինձ ու ասաց.
-Ես քեզ հաջողություն եմ մաղթում:
-Շնորհակալ եմ,- ասացի ես՝ կարծես օդի մեջ զգալով կորստի հոտը: Երևի մի ժամ էի մնացել նրանց տանը, բայց ասես այդ աշխատասենյակում՝ գրողի աշխարհում, ժամանակն ու տարածությունը այլ կերպ են ընթանում: Մի ժամում մի տարվա տպավորություններ էի ստացել: Հիմա եմ հասկանում, որ ես հայտնվել էի այն տարօրինակ «գործարաններից» մեկում, որտեղ արվեստագետը՝ գրողը, ստեղծում է հերոսներ և նրանց պահ է տալիս գրքի էջերին: Երբ մենք գիրք ենք կարդում, այդ հերոսները, զգացմունքներն ու հույզերը դուրս են գալիս գրքի էջերից և լցնում մեր տները, այնտեղից անցնում են մեր էության մեջ, և առասպելն ու տեսիլքը դառնում են իրական: Ինչքա՜ն շատ են զգում արվեստագետները ու ինչքա՜ն նուրբ, և դրանից այնքան շատ է հասնում մեզ, ու դեռ էլի քիչ ենք զգում նրանց զգացածից: Հենց դրանում է կայանում արվեստագետի ու սովորական մարդու տարբերությունը:
Մեր հանդիպումից հետո ես ակտիվ կերպով սկսեցի կարդալ Խեչոյանի գործերը, գլխումս սցենարներ գրել- ջնջել: Աչքերիս առջևով անցնում էին ֆիլմի կադրերը, բայց ես զանգ չէի ստանում գրողից: Իմ ոգևորությունը փոխանցվել էր բոլոր ծանոթներիս, ընկերներիս, հարազատներիս: Բոլորը փորձում էին տեղեկություններ բերել ինձ գրողի մասին. ճիշտ, թե սխալ, նրանց համար կարևոր չէր, միայն, թե գոհացնեին ինձ: Եվ այսպես, մի օր ինձ տեղեկություն հասավ, թե Խեչոյանը վերադարձել է Գերմանիայից: Ես նորից գնացի նրանց տուն, բայց պարզվեց սուտ լուրեր էին: Բավականին երկար զրուցեցի կնոջ՝ տիկին Ամալյայի հետ: Մենք նստել էինք գրողի աշխատասենյակում, և ես ուշադրությամբ լսում էի տիկին Ամալյայի պատմությունները ամուսնու մասին: Հանկարծ աչքս ընկավ անկյունում դրված հսկայական թղթերի կույտին:
-Ի՞նչ է սա, տիկի՛ն Ամալյա,- հարցրեցի ես հետաքրքրությամբ:
-«Մհերի դուռը» վեպի սևագրերն են: Գրասեղանի վրա էլ մաքրագիրն է: Լևոնն ամեն ինչ պատրաստեց, գնաց: Ասաց` Գերմանիայից գամ, նոր կտպենք,- պատասխանեց նա խորին հավատով:
Ես էլ շարունակում էի անհամբեր սպասել նրա վերադարձին, ու մի օր…
Երբեմն մահը այնքան ծիծաղելի և փոքր երևույթ է դառնում, երբ փորձում է սպանել կյանքը: Կյանքը հզոր երևույթ է, և ոչ մի մահ երբեք չի կարող հաղթել նրան…
Մի քանի օր առաջ գրախանութում էի: Մի աղջիկ կար այնտեղ: Երևի կլիներ իմ տարիքին: Գրախանութից գնեց Լևոն Խեչոյանի գրքերից մեկը ու շտապով դուրս թռավ խանութից՝ կարծես չհամբերելով ծանոթանալ գրքի բովանդակությանը:
-Տարօրինակ աղջիկ է,- ասաց գրավաճառը,- այսօր արդեն երկրորդ անգամն է գնում նույն հեղինակի գիրքը:
Թվում է՝ թե մարդը չկա, և նա չպիտի ապրի, բայց արի ու տես, որ նա ապրում է և նույնիսկ արժեքներ է դաստիարակում: Այդ ժամանակ դու ևս մեկ անգամ հասկանում ես, որ, իրոք, մահը ծիծաղելի երևույթ է, երբ հիշողություններն ու մարդը, արվեստն ու գրականությունը դառնում են չխամրող արժեքներ:
Հ.Գ. Այսօր բավականին շատ է խոսվում Լևոն Խեչոյան գրողի ու մարդու մասին: Բոլորը փորձում են ինչ-որ բան հիշել, պատմել: Չեմ ուզում, որ նյութս դասվի դրանց շարքին, չնայած, որ բավականին զիջում է: Ուզում եմ, որ պատմությունս կարդացողները մի պահ կանգ առնեն մտածելու այն իսկական արժեքների մասին, որոնցով պիտի դաստիարակվեն: Գրքերի մեջ փնտրեք իրական արժեքները: Նրանք Ձեր կողքին են:
Հրապարակվել է 2014/04/27