zinaida-eghiazaryan-new

Մանկությանս ամենաանհեթեթ երազանքը

Մանկություն՝ իմ կյանքի ամենաուրախ, ամենաերջանիկ ու անհոգ տարիները։ Որքան հրաշալի հուշեր ու անկեղծ ժպիտներ կան այնտեղ։ Ինչքան եմ անհոգ վազվզել, անվերջ խաղացել․․․

Այնտեղ ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ ու ներդաշնակ էր․․․
Երբ փոքր էի, ես ունեի մի անհեթեթ երազանք՝ ուզում էի շուտ մեծանալ․․․

Երբ փոքր ենք լինում, միշտ երազում ենք մեծանալու մասին, բայց երբ մեծանում ենք, նորից ցանկանում ենք վերադառնալ մանկություն, նորից երեխա լինել․․.

Չենք գիտակցում, որ մանկությունը մեզ մի անգամ է տրվում, բայց ժամանակի անկասելի վազք-ընթացքի պատճառով դառնում է անդարձ անցյալ․․․

Մանկություն․ մեր կյանքի թերևս ամենահրաշալի ժամանակահատվածը․․․

«Գնդակ, տիկնիկ, Mario, անունգոռոցի, գործագործ»․․․ Անվերջ կարող եմ շարունակել այս շարքը։ Սրանք են իմ մանկության ամենաները․․․

Մակություն, որտեղ չկային ո՛չ հեռախոս, ո՛չ համացանց, ո՛չ հեռախոսային խաղեր, ո՛չ էլ սոցիալական էջեր, սակայն փոխարենը կային անկեղծություն, մաքրություն ու պարզություն։

Հիշում եմ՝ սենյակումս գորգ կար՝ նախշերով, գույնզգույն, հայկականը հիշեցնող։ Քնելուց առաջ միշտ նայում էի, հաշվում նախշերը, տարբերակում գույներն ու երազում, որ մեծանամ, գորգագործ դառնամ։ Գորգ գործեմ, որ ինձ նման երեխաները պառկեն ու նայեն․․․ Հիմա փոխվել են ժամանակները, փոխվել են մարդիկ ու նրանց մտածելակերպը։ Չքացել է, չկա այն ամենը, ինչը կար․․․ Հիմա կա եսի մեջ ամփոփված մարդ, որն ապրում է միայն իր համար, չի մտածում շրջապատող մարդկանց բարօրության մասին․․․

Ավաղ, անդարձ կորցրել եմ դեպի զարմանահրաշ մանկություն տանող ճանապարհը, չկա հետդարձի հնար․․․
Գալիս է մի օր, երբ հասկանում ենք, որ տարիքը էլ չենք կարող ցույց տալ ձեռքի մատների վրա, և որ շրջապատի կարծիքը մեզ համար դառնում է չափազանց կարևոր ու թելադրող․․․
Այնքան դժվար է հավատալ, որ մանկությունս ինձնից հեռացել է անդարձ ու այսուհետ ապրելու է միայն իմ հուշերում։

Ժամանակ, կա՛նգ առ, ես չեմ ուզում մեծանալ․․․ Ես ուզում եմ մնալ երեխա, նախկինի պես անվերապահ հավատալ հրաշքներին ու հեքիաթներին, վստահ լինել, որ բարին է ամենազոր ու հաղթող․․․

Մանկությունը յուրաքանչյուրիս համար հրաշալի սկիզբ է․․․