Եթե ծանոթ մեկին ես հանդիպել, ու բարևից հետո չգիտես ինչ ասել, անպայման կարելի է մի հիմարություն դուրս տալ եղանակի մասին.
Օրինակ կարելի է ասել.
-էս ձյունը ինչի° եկավ:
Չնայած էս մեկը ավելի վատն է.
-Ե՞րբ են ավարտվելու շոգերը, մի կարգին շունչ քաշենք:
Ես էդպես էլ անում եմ, դե ի՞նչ կա որ, հո իրար ճակատի չե՞նք նայի: Դե բոլորս էլ հիմարի մեկն ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Որոշներս ավելի շատ, քան մյուսները, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մենք` մարդիկս, չգիտենք, թե շատ բաներ ինչի համար ենք ասում:
Օրինակ, այ, այն օրը քեռի Սարգիսը կես ժամ վիճում էր ընկերոջ հետ, թե Ճամբարակի բլրի հետևի պատը 65-ին են կառուցել.
-Չէ, 64-ին:
-65-ին:
-64-ին:
-Բայց ինչի՞ 65-ին:
Կարելի է ասել, ես համոզված եմ, որ նրանք երկուսն էլ չգիտեին պատասխանը, ու ժամանակ էին ձգում, մինչև մեկը եկավ ասաց, որ Թորոսի տատն է մեռել, ու ասել է, թե մսացու է պետք ճարել: Դե ինչ, կարող եմ ասել` ապրի Թորոսի տատը, մեզ փրկեց 64 ու 65 թվերը երկու ժամ լսելու սպառնալիքից:
Բայց դա իրականում կարևոր չի: Ես ուրիշ բանից եմ ուզում խոսել, ես իհարկե, նկատի չունեմ, թե Թորոսի տատի մեռնելը ոչ մի բան է, բայց ինչքա՞ն կարելի է մարդկանց շեղել կատարվող իրական դեպքերից մահերով: Ընդհանրապես մեզ հեշտ է տարատեսակ բաներով շեղել ինչ-որ բան նկատելուց, ինչպես հաճախ լրատվական դաշտում է արվում, ու ինչպես հիմա ես եմ անում, մինչև որոշեմ ինչ գրել հետո: Բայց հանգիստ, Թորոսի տատի անունը էլ չեմ տա: Ես մի նոր հիմարություն հիշեցի, որ մենք օրը մի քանի անգամ փչում ենք:
-Կբարևես Աննային, իմ փոխարեն:
-Ինքն էլ է բարևում:
Չէ, ինձ իրոք հետաքրքիր է, հեչ եղե՞լ է, որ «ինքը» բարևի:
Էս ամեն տեսակ հիմար պայմանակնությունները իրականում ծիծաղելի չեն: Ամեն անգամ ես կարգին նյարդայնանում եմ, երբ մեր տուն հյուր եկած մեկը երկու ժամ մնալուց հետո որոշում է ասել, որ իրոք ուշ է, «Եկանք մնացինք ստեղ», ու ծնողներս պետք է անպայման վրա բերեն, որ «Նոր ենք նստել, ի՞նչն է ուշ», հետաքրքիր է,(իրականում հետաքրքիր չէ), որ նույնը լինում է, երբ մենք ենք գնում իրենց տուն, այդ նույն մարդիկ միանգամից սկսում են կարծել, թե` «Դե ի՞նչ կա որ, նստեք էլի, խոսում ենք»:
Ես իրոք ամեն անգամ չեմ հասկանում ինձ և մնացածին, որ տուն եկած հյուրերին ասում ենք. «Վա~յ, առանց դրա չէի՞ք կարա գալ, ամոթ չի՞» ու լսում` «Լավ դե, մեծ բան չի», ու նույնը պատահում է մեզ հետ, երբ ինքներս ենք որոշում մի բան տանել հետներս, հյուր գնալիս:
Ձեզնից ո°վ էր այդքան պարապը, որ մեր ուղեղից մի երկու գդալ վերցրել է ու տեղը հիմարություն լցրել, մտածելով. «Մարդ են, թող խոսեն, էլի»: