suren karapetyan

Դո՞ւ ես օգտագործում սարքը, թե՞ սարքն է օգտագործում քեզ…

Խորհրդավոր հարցի հեղինակը հանրահայտ դերասան Դենզել Վաշինգտոնն է, երբ հարցազրույց էր տալիս BBC-ին։ Վերջերս նմանատիպ հարց ինձ էի տալիս ու լրիվ անտեղյակ էի Վաշինգտոնի հարցազրույցից։ «Սարք» ասելով նկատի ունեմ մեզնից անբաժան սմարթֆոնին։ Սրա ու այսօրվա աշխարհի մասին գրել եմ «Բացի կոճակը սեղմելու կարողությունից» հոդվածում։ Հիմա մի քայլ առաջ գնամ ու սկսենք քննարկել սոցիալական ցանցերը ու դրանց ազդեցությունը մեզ վրա։

Առավոտյան բոլորս միանգամից վերցնում ենք հեռախոսը ու սկսում անընդհատ news feed-ով ներքև իջնել, ստուգել ծանուցումները, insta-ից FB, FB-ից․․․(ստեղ կարա լինի ցանկացած կոմբինացիա) ու նման բաներ, հա ու ընդունում եմ՝ բացառություններ լինում են։ Իսկ, երբ սովորական ու շատ հաճախ ռեֆլեքսային դարձած գործողությունները չես անում, մի տեսակ տարօրինակ, ես կասեի նույնիսկ դատարկության զգացողություն է առաջանում։ Զգացողությունը կանվանեմ «մենակության սինդրոմ»։ Սրա պատճառը փորձեմ կարճ բացատրել․ երբ մենք սոցիալական ցանցերից ենք օգտվում, մեզ ընկերներով շրջապատված ենք զգում, որը, բնականաբար, արհեստական հոգեբանական աջակցություն է, բայց, երբ դադարում ենք դրանցից օգտվել, կանգնում ենք լուրջ հոգեբանական խնդրի առաջ։  Էս թեմայով խորհուրդ կտամ նայել հետևյալ վիդեոն։

Բոլորս էլ քիչ թե շատ կախվածության մեջ ենք։ Ռեֆլեքսորեն ստուգում ենք՝ ով լայքեց, նույնիսկ ստանում որոշակի բավականություն ու արդեն սկսում մտածել հաջորդ հրապարակման մասին։ Ավանդական կախվածություններին փոխարինելու են եկել սոցիալական ցանցերը։ Սրանք ունեն մարդկանց վրա ազդելու հզոր ռեսուրսներ։ Օրինակ ֆեյսբուքը, որը ունի մոտ 2 մլրդ օգտատեր (ավելին քան քրիստոնեության հետևորդներն են) վարձում է «ուշադրության մասնագետներին», ովքեր նույնականացնում են Լաս Վեգասի խաղատներից որոշ սկզբունքեր։ Այսպիսով աշխարհում պայքար է ընթանում մեր ուշադրության համար, իսկ մենք չենք էլ նկատում։

20180519_WOC855

The Economist-ը շատ հետաքրքիր հետազոտություն է արել 14-24 տարեկան բրիտանացիների շրջանում, ովքեր օգտվում են սոցիալական ցանցերից։ Հետազոտության արդյունքում առանձնացվեցին հետևյալ խնդիրները, որոնք ամենից հաճախ են հանդիպում՝ քնի խախտում, կարևոր իրադարձություն/նորություն բաց թողնելու մտավախություն, բուլլինգ, վախ արտաքինից (body image), անհանգստություն, դեպրեսիա և միայնություն։

Թեման շատ բարդ է ու ժամերով կարելի է քննարկել։ Ես ծայրահեղությունների կոչ չեմ անում, որովհետև ներկայում ունենք այն, ինչ ունենք` աշխարհը առանց սոցիալական ցանցերի անհնար է պատկերացնել։ Հա, չմոռանամ նշել, որ դրանք ունեն նաև բազմաթիվ դրական կողմեր, ուշադիր ուսումնասիրեք The Economist-ի արդեն մեզ հայստնի հոդվածը։