«Ահարս, դու կապրե՛ս մեր մեջ, դու հավերժ կմնա՛ս մեր սրտերում»,-ասում է Նաիրան իր հերոս ամուսնու` 44-օրյա պատերազմի մասնակից Ահարոն Մովսիսյանի մասին։
Ահարոն Մովսիսյանը ծնվել է 1989թ․ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ Հաճախել է Ս. Քոլոզյանի անվան դպրոցը։ Նա մասնագիտությամբ՝ դիպուկահար, իսկ կոչումով ենթասպա էր։ Երկու տարի իր պարտքը կատարելուց հետո վերադառնալով կազմում է ընտանիք։ Նա ունի երկու զավակ․ 9-ամյա Անդրանիկը և 8-ամյա Զառան։
Ահարոն Մովսիսյանի կինը միշտ ժպիտով է հիշում իրենց ապրած ամեն մի րոպեն։ Ըստ Նաիրայի՝ նրանք սիրեցին իրար հեքիաթային սիրով և հասան իրենց հեքիաթին դժվարությամբ։ Սակայն իրենց հեքիաթը ավարտվեց 2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։
«Պատերազմը սկսելուն պես մեծ անհամբերությամբ սպասում էր ռազմաճակատ մեկնելու իր հրամանին և հոկտեմբերի երեքին՝ վաղ առավոտյան, իր կամքով մեկնում է Արցախը պաշտպանելու։ Օրեր շարունակ դաժան և ծանր մարտեր են մղում։ Ընկնելով շրջափակման մեջ, խիզախորեն շարունակում է առաջ գնալ և պաշտպանել զինակից ընկերներին։ Սակայն թշնամու մի կրակոցը խլում է նրա կյանքը»,-պատմում է նրա կինը՝ Նաիրան։
Նրա որդին՝ Անդրանիկը, նամակ է գրել իր հերոս հայրիկին, որով նա ասում է, թե ինչքան հպարտ է իր հայրիկով, որ առանց երկմտելու գնաց կռվելու թուրքերի դեմ, որ գնաց պաշտպանելու հայրենիքը (Նամակը ներքևում):
Նաիրան ասում է․ «Ահարոնը իր կյաքը զոհեց հանուն կյանքերի, հանուն հայրենիքի բարօրության, բայց կան մեր երկու հրեշտակները։ Նրանք Ահարոնից մնացած երկու մասնիկներն են, որոնք միշտ վառ են պահելու Ահարոնի մասին հուշերը, և նա միշտ ՆԵՐԿԱ է լինելու։
Հ․Գ. Մենք բոլորս մեր այս օրվա համար պարտական ենք մեր ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ։
Մենք պարտավոր ենք իմանալ նրանց կատարած ամեն մի սխրանքի մասին։
Մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը։