Հաճախ ես մտածում եմ՝ արդյո՞ք իմ երկրում կարող է գոյություն ունենալ մի օրենք, որի շնորհիվ կարող եմ իրականացնել իմ երազանքը: Հետաքրքիր է, չէ՞, թե ինչ կապ ունի օրենքը ինձ նման աղջնակի հետ:
Լա՛վ, կասե՛մ:
Ես երազում եմ դառնալ ազգիս, հայրենիքիս ամենապիտանի, ամենակարևոր մարդկանցից մեկը՝ զինվոր: Անկեղծ ասած, մի փոքր վախ կա իմ ներսում, բայց հուսով եմ, որ վերջնականապես կհաղթահարեմ այն։
Ես ուզում եմ ինքս զգալ այն նույն զգացողությունները, որոնք տոգորում են զինվորին, երբ զենքը ձեռքն է առնում ու մեկեն դառնում ազգի պաշտպան, խաղաղության երաշխավոր ու գրավական։ Երբ պատվով կրում ես զինվորական համազգեստը։
Մանկության տարիներին հաճախ ենք լսում. «Մի՛ դադարիր երազել: Հավատա՛ քո երազանքներին»։ Բայց մոռանում են ասել, որ պետք է աշխատել, որ դրանք իրական դառնան: Թե չէ` երազանքները միայն մտքեր են ու այդպիսիք էլ կմնան։
Ես ուզում եմ փոքրիշատե փոխել, ավելի լավը դարձնել ինձ շրջապատող աշխարհը: Կարելի է ասել՝ երազանքը նաև ահազանգ է: Ահազանգ, որը սթափեցնում ու հուշում է, որ իմ ճակատագիրը միայն ի՛մ ձեռքերում է։
Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասում են, որ երազանքներ չունեն: Ինչպե՞ս կարելի է ապրել աներազանք, աննպատակ, օգուտ չտալով ազգիդ ու երկրիդ։
Ես ինձ այնքան վստահ ու պաշտպանված եմ զգում, երբ գիտեմ, որ մեր սահմանը հսկում է բարի, խելացի, խիզախ զինվորը: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել նրա ազատագրած, հայի արյունը տեսած հողի վրա: Ես հավատում եմ հայ զինվորի աչքերի փայլին, հավատում եմ նրա խելքին ու ուժին, հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Նաև այս է պատճառը, որ ես ուզում եմ դառնալ զինվոր ու կանգնել սահմանին։
Այո՛, այո՛, շա՜տ հնարավոր է, որ ինձ նման մի փոքր աղջնակ ունենա նման երազանք։
Զինաիդա Եղիազարյան
Գագարինի միջնակարգ դպրոց, «Կանթեղ» գրական խմբակ