arman baghdasaryan

Բռնոցի

-Ապե, հիմա գնում ենք օֆիս, թրեյնինգին կմասնակցես ու կորոշես՝ ուզում ես աշխատել, թե չէ:

-Դե, գնացինք կանգառ:

Ես և Կոստը (անունը Սամվել է, «ածականն» է Կոստ) նստեցինք ավտոբուս և հինգ րոպե հետո սկսեցինք զրուցել մեր կողքի աթոռին նստած պապիկի հետ:

-Պապի ջան, ո՞ւր ես բա գնում:

-Սոչի,- ասաց նա զվարճալի դեմքով:

Մնացած մասը մեր խոսակցության, այսպես ասած, «ոչ եթերային» էր:

Օֆիսում Կոստը մասնակցեց թրեյնինգի, որից հետո մենք դուրս եկանք, ինչ-որ անծանոթ բակում նստեցինք, որպեսզի ես Կոստին ևս մեկ անգամ բացատրեմ հարցման թղթերը լրացնելու ձևը:

Այդ պահին մի կին անցավ՝ տարիքով, սև երկար զգեստով, տարօրինակ աչքերով, հետաքրքիր ոսկեգույն մեծ վզնոցով և, ինչպես ասաց հետո Կոստը, կարմիր «դուբից» պատրաստված ձեռնափայտով:

Քանի որ Կոստը միստիկ և անհավանական բաներին շատ է հավատում, ասաց.

-Արմ, հանկարծ էս կնգա աչքերի մեջ չնայես:

-Կոստիկ, թարգի, եքա մարդ ես,- ասացի ես և ուշադիր նայեցի այդ կնոջ աչքերի մեջ:

-Արմ, դու տեսա՞ր էդ կնգա վիճակը: Ինքը մի հատ միստիկ կերպարի ա նման, ես կարդացել եմ, որ իրա աչքերի մեջ նայելուց հետո վատ բան ա լինում:

-Կոստ, քեզ բուժվել ա պետք, տեսա՞ր դրա վզնոցը, լրիվ Թուփակ էր:

Մենք նստեցինք այդ բակում, որպեսզի մի քիչ հանգստանանք, և այդ պահին լսեցինք կնոջ ձայն.

-Վայ, վայ, բռնեք, փախավ:

Հիմա դարակի մութ անկյունից հանեք ձեր երևակայությունը և պատկերացրեք՝ վազում է մի տղա՝ պայուսակով, ականջները ձեռքերով փակած:

«Կարո՞ղ ա պայթուցիկ ա դրել ու փախչում ա»:

Կոստը միանգամից վազեց նրա հետևից, իսկ ես՝ Կոստի հետևից:

Կոստը բռնեց տղայի ձեռքից, ես վազեցի, որ հարվածեմ տղային, բայց մի տարիքով մարդ, ով նույնպես այդ տղայի հետևից էր վազում, ասաց.

-Չէ, չէ, ապեր, չխփես:

Տղան Կոստին հրեց և շարունակեց վազել:

Ես անցա Կոստին, հետո Կոստը հավասարվեց ինձ, թվում էր, թե ուղղակի մրցավազք է:

Տղան վազեց մի փակ շքամուտքով շենքի մոտ, որտեղ մենք բռնեցինք նրան:

-Ի՞նչ ես արել, արա, խոսա, թե չէ․․․

-Չէ, ախպերս, բան չի արել, չխփես,- վերջապես հասնելով մեզ՝ ասաց տարիքով մարդը:

-Ապեր, բաց թող՝ փախնեմ, էլի, խնդրում եմ բաց թող, իրանք ինձ ուզում են բռնեն:

-Արմ, աուտիստ ա, բան մի արա, թող էդ մարդը հանգստացնի,- ինձ մի կողմ տանելով՝ շշուկով ասաց Կոստը:

Նստեցինք, որ շունչներս կարգավորենք, մեկ էլ Կոստն ասաց.

-Բա որ ասում էի՝ էդ կնգա աչքերի մեջ չնայե՞ս: