Երեք հարյուր յոթանասուն հազար. սա այն մարդկանց թիվն է, որ արտագաղթել է Հայաստանից նախորդ կառավարության շրջանում: Իսկ քանի՞սը դեռ կարտագաղթեին, եթե չլինեին վերջին իրադարձությունները, որոնց արդյունքում փոխվեց քաղաքական իրադրություն, իշխանություն, կառավարություն, փոխվեցին շատ ու շատ բաներ: Այս հարցի պատասխանը ես չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ մեկին, ում համար նշածս փոփոխությունները առիթ հանդիսացան վերանայելու սեփական որոշումները երկրից գնալ-չգնալու հետ կապված:
Քսանմեկամյա Շուշանիկ Ասատրյան է՝ ծնունդով Երևանից, արմատներով՝ Մուշից ու Սյունիքից: Ապրել ու մեծացել է քաղաքային միջավայրում, բայց շատ կապված է բնությանն ու լեռներին, ասում է՝ կիսով չափ քաղաքացի եմ, կիսով չափ՝ լեռնեցի.
-Երևանում ամենաշատը Սայաթ Նովա փողոցն եմ սիրում, ինչ-որ հարազատ զգացողության կա այնտեղ: Իսկ հեղափոխության օրերին, երբ նստարաններով փակել էին, ավելի կոլորիտային էր դարձել:
Հեղափոխությանը դեռ կհասնենք, նախ հասկանանք, թե ինչ ճանապարհ է անցել նա, ու որն է եղել պատճառը երկրից մեկնել ցանկանալու:
Օրեր առաջ Շուշանիկն ավարտեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, հիմա արդեն հետադարձ հայացքով է հիշում.
-Լրագրությունը եղավ այն մասնագիտությունը, որով ես կարողացա լրացնել դպրոցական տարիների իմ զբաղմունքների՝ պարի, նկարչության, երաժշտության բացն ու կարոտը, -ասում է ու հավելում,- դե, նաև հետաքրքրասեր եմ, սիրում եմ «բզբզալ»:
Այդպես «բզբզալով» էլ չորրորդ կուրսում համատեղեց ուսումը աշխատանքի հետ և որպես լրագրող սկսեց աշխատել Vivaro News-ի բիզնես և տեխնոլոգիաներ բաժնում: Բայց փաստորեն, այս հանգամանքն էլ հետ չպահեց նրան, ու նա որոշեց ավարտելուն պես մեկնել երկրից.
-Ծնողներս ասում էին՝ ինչո՞ւ չէ, գնա, աշխարհ տես: Բայց շրջագայելուց բացի ես ընդմիշտ մեկնելու միտք ունեի: Ինչո՞ւ: Որովհետև հիասթափվել էի շատ բաներից: Անարդարություն էր, լճացում, չկար մնալու մոտիվացիա:
Շուշանիկն անկեղծ ասում է, որ սկսել էր ինչ-որ տեղ չսիրել քաղաքը, որովհետև երբ տեսնում էր, որ ծնողներն իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, երբ հասկանում էր, որ կոտրված շատ ճակատագրեր կան, չէր ուզում դրանց շարունակողը դառնալ:
-Ես սիրում եմ ժպտացող մարդկանց, – պատմում է նա,- բայց առաջ, երբ երթուղային էի բարձրանում, բոլորն այնքան լուրջ դեմքերով էին նստած, որ կարծես կյանքը մեռած լիներ նրանց մեջ: Նրանք նայում էին մեզ ու մտածում՝ դե լավ, երեխա է, մեզնից հոգնած չի լինի, ու երբ տեղ էինք զիջում, երբեմն անգամ շնորհակալություն չէին ասում, իբր այդպես էլ պիտի լիներ:
-Իսկ այսօ՞ր, -հարցնում եմ:
-Այսօր սկսել են ժպտալ, – ասում է ու ինքն էլ ժպտում:
Հետո հիշում է երազանքների մասին, որոնք ևս արտերկրի հետ են կապված.
-Պիտի գնամ Չինաստան, Չինական պատը հաղթահարեմ ու ոտքով հասնեմ Հնդկաստան:
Այդ պահին մեր գլխավերևով մի ինքնաթիռ է անցնում, Շուշանիկը նայում-նայում է ու կես կատակ-կես լուրջ ասում.
-Այ, դրանով էլ կգնամ, բայց այսօր արդեն՝ միայն վերադառնալու մտքով:
Փոփոխությունները, որ կատարվեցին նախևառաջ մարդկանց ներսում, և երազանքները, որոնք նրանք բերեցին իրենց հետ նոր օրեր, իհարկե գեղեցիկ են, բայց արդյո՞ք այս ամբողջը սպասելի ու կանխատեսելի էր, արդյո՞ք առաջին իսկ օրերից կար հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու…
-Սկզբում անհավատ էի,- պատմում է Շուշանիկը,- որովհետև դժվար էր հավատալ, երբ տանը բոլորը շարունակ կրկնում էին՝ մարտի մեկ, մարտի մեկ: Ես ինքս բնավորությամբ այնպիսին եմ, որ սկզբում կողքից նայում եմ հասկանալու համար՝ արժե՞ միանալ թե ոչ: Ու մեկնակետը, որ ինձ դուրս հանեց, եղավ այն, որ սկսեցին բերման ենթարկել ու ճնշել իմ հասակակիցներին, նույնիսկ ինձնից փոքրերին, որոնցով հիմա ես միայն հպարտ եմ: Դրանից հետո ես չէի կարող չմիանալ, կարծես ինչ-որ ուժ զարթնեց իմ մեջ և ուղարկեց փողոց՝ «Ես էլ եմ դուրս գալիս, դե ինձ էլ խփիր» գիտակցումով:
Հեղափոխության թեժ օրերը, փաստորեն, համընկան Շուշանիկի տարեդարձին, ու նա, անծանոթների հետ փողոց փակելով ու շուրջպար բռնելով, ազդարարեց ծննդյան «խնջույքի» մեկնարկը.
-Երեկոյան արդեն այլ վայրում շարունակեցի ուրախանալ ընկերներիս հետ: Ի դեպ, տորթիս հետևից ոտքով եմ գնացել. բոլոր փողոցները փակ էին:
Շուշանիկն ասում է՝ սա սերունդների հեղափոխություն էր, որովհետև երիտասարդ սերունդը հաղթահարեց մի բան, որը ավագ սերնդի համար մնացել էր երազանք.
-Գուցե ես էլ էի կոտրված, գուցե ինչ-որ գենետիկ հիշողությամբ իմ մեջ էլ կար մարտիմեկյան վախը, բայց այսօր ես ուրախ եմ, որ ավագ սերունդը մեր աչքերին արդեն հավատով է նայում,- ասում է ու ամփոփում,- ես իմ ապագան այլևս Հայաստանում եմ տեսնում: