Ես Հերոսի քույր եմ

Ես Հերոսի քույր եմ  ու այսօր ուզում եմ խոսել եղբորս մասին:

Նորայր Նահապետյանը եղբայրս է:  Բնավորությամբ շատ բռնկուն, բայց միաժամանակ, շատ ընկերասեր, բոլորի կողմից շատ սիրված և հարգված է:

Բարձրահասակ, ամրակազմ, թիկնեղ, շագանակագույն աչքերով, շիկահեր, գեղեցկադեմ երիտասարդ է եղբայրս:

Նորայրս ծնվել է 1997թ.-ի հունվարի 4-ին: Սովորել է Հացիկի միջնակարգ դպրոցում:

Ուսումն ավարտելուց հետո մեկնել է  զինվորական պարտքը տալու հայրենիքին: Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Եղել է կարգապահ, օրինակելի զինծառայող,  արժանացել է բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի, ստացել է ավագ սերժանտի կոչում և սիրվել հրամանատարների ու իր ենթակաների կողմից:

Եղբայրս մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Երկու տարի ծառայելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության Արմավիրի՝ Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում որպես ավագ սերժանտ:

Եղբայրս ամուսնացած է, ունի  2 տարեկան դուստր, իսկ տղան դեռ չի ծնվել:

IMG-0814

Մասնակցել է քառասունչորս օրյա պատերազմին, ցուցաբերելով կարգապահություն և քաջություն, ստացել է լեյտենանտի կոչում և տեղափոխվել կռվի դաշտ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու: Մարտեր է տարել կռվի թեժ կետերից մեկում՝ Կուբաթլուում:

Եղբորիցս արդեն բավական ժամանակ է լուր չունենք: Վերջին անգամ մեզ հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 21-ին։ Շատ պատմություններ ենք լսել նրա զոհվելու կամ գերի ընկնելու մասին, սակայն դեռևս ոչ մի հիմնավոր ապացույց չունենք: Հույսը չկորցնելով դեռ սպասում ենք նրա վերադարձին:

Կարևոր չէ, թե ինչ են խոսում եղբորս մասին, մեկ է, ես հավատով սպասում եմ նրա վերադարձին և գիտեմ, որ կգա:

Կարոտել եմ… Կարոտել եմ մեր կռիվները (էդ նորմալ է, չկան քույր-եղբայրներ, որ չկռվեն): Ուզում էի բանակի 2 տարին շուտ անցներ, որ գար ու էլի կռվեինք: Կռվում ենք, էլի կռվում ենք, բայց արդեն քաղցր են թվում մեր կռիվները… Նայում եմ իր պատվոգրերին, նայում եմ իր շքանշաններին ու ինքս ինձ ասում` այ, էս պատվոգրից մի հատ էլ պիտի իմ անունով լինի, հենց Նորոյինի կողքին… Ուզում էի ես էլ սովորել Վազգեն Սարգսյանի անվան վարժարանում, ոնց ինքը…

Անվերջ կարող եմ խոսել իր մասին, դա իր հանդեպ ունեցած իմ անսահման սիրուց, հարգանքից ու իրեն ունենալու հպարտությունից  է: Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ` ինչ է կատարվում  իմ ներսում… Բառերս չեն հերիքում նկարագրելու անսահման սերս եղբորս հանդեպ… ՀԵՐՈՍ… Այս բառը ցավ է պատճառում ինձ արտաբերելիս, բայց ավելի շատ հպարտություն եմ զգում լսելիս:

Չեմ ասել երբեք, բայց հիմա կասեմ. սիրում եմ քեզ, Նոր, սիրում եմ քեզ,  ախպերս… Գիտեմ, որ կաս… Կաս ու ապրում ես… Սպասում եմ քեզ… ԿԳԱՍ… Կգաս հաղթանակած… Դու միշտ հաղթել ես… Դու կնոջդ  սիրտն ես գրավել, պատերազմը հաղթելը քո համար ինչ է… ԿԳԱՍ…

Ու ես նորից գրում եմ քո մասին։

Ինչքան էլ խոսեմ, ինչքան էլ պատմեմ քո մասին, մեկ է, քիչ է, Նոր… Դու ուրիշ ես, դու միակն ես ու հենց իմ եղբայրը: Կներես, որ չեմ լսել քեզ,  ջղայնացրել եմ, ու կներես ինձ, որ ես հիմա տանը տաք ու հանգիստ նստած եմ, իսկ դու, չգիտեմ, թե ուր ես, բայց գիտեմ, որ կաս ու գալու ես, սիրտս զգում է…

Հա, կարոտել եմ, անսահման կարոտել եմ քեզ, բայց ոչինչ, մի քիչ էլ, ու դու կգաս, հաստա՛տ կգաս… Նոր, կյանքում չէի մտածի, որ կերազեմ գոնե մի րոպեով ձայնդ լսելու, քեզ գրկելու մասին, բայց հիմա պատրաստ եմ ամեն ինչ տալ, մենակ թե ձայնդ գոնե մեկ րոպեով լսեմ:

Երեք ամիս է արդեն, որ տանը չես, բայց ես հույսս պահում եմ իմ մեջ ու գիտեմ, որ կգաս: Նորից պատկերդ է աչքերիս առաջ ու հավերժ կմնա, նորից կարոտ, նորից հուշեր ու նորից երազանքներ, իմ հերո՛ս, դու ինձ առանց քեզ չես թողնի…