«Եղեգնաձոր» կամավորական ջոկատի հրամանատարը. Հրայր Խաչատրյան

Պատերազմում երկու մեծ կորուստ կա՝ հողն ու մարդկային կյանքը։ Բայց հողն անդարձ չեն կորցնում, աշխարհում անվերադարձ կորցնում են միայն մարդուն։  Նրանք չեն մահանում, այլ դառնում են հերոս, նրանք՝ հայրենիքի համար ծնվածները, հայրենիքով ապրողներն ու հանուն հայրենիքի զոհվածները։

Նրանցից է Հրայր Սուրիկի Խաչատրյանը, ով ծնվել է 1980թ. օգոստոսի 30-ին, ՀՀ Վայոց Ձոր մարզի Աղավնաձոր գյուղում։  Սովորել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցում։ 1998թ.-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Կոչումով կրտսեր սերժանտ էր։ 2000թ.֊ին ավարտել է ծառայությունը։ Ընտանիքը պահելու համար Հրայրը  մեկնել է արտագնա աշխատանքի։ 2008թ.-ին վերադարձել և ամուսնացել է. ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի. Միլենան, Էլենն ու Դանիելը։

Հրայրը կյանքի իմաստը գտել էր ընտանիքի մեջ, իսկ կյանքի գաղափարը հայրենասիրությունն էր։ Նրանց տանն ամեն օրը լցված էր մարտական տարբեր ֆիլմերով, և ամեն պատմության մեջ հայրենիքն անպակաս էր։

Հենց այդ գաղափարին հավատարիմ մնալով էլ առաջիններից էր, ով կամավորագրվեց 2020թ. Արցախյան հայրենական պատերազմին։
«Եղեգնաձոր» ջոկատի հրամանատար Հրայրն իր ջոկատով պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, մեկնեց Իշխանաձոր։ Տուն զանգելիս ասում էր՝ ինքը լավ է, երեխեքն են մեղք, որ 18 տարեկանում կյանքը հայրենիքին են տալիս։
Մի գիշեր նկատել է՝ տղաներից մեկը մրսում է, տարածքով անցել, զինվորական բաճկոն է գտել, բերել-հագցրել տղային։

Հրայրի քաջության ու հայրենասիրության մասին վկայում են նրա մարտական ընկերները։ Նրանք պատմում են, որ ամեն անգամ արկի ձայն լսելիս Հրայրը հրում էր ժամկետային զինծառայողներին, որ հասցնեն պառկել։ Շատ բարձր էր Հրայրի ոգին, ասում էր՝ հայրենիքն ընտանիքից է սկսվում, եկել ենք մեր ընտանիքները պահենք։

Իշխանաձորից բացի Հրայրը եղել է Հադրութում, հետո՝ Ջաբրայիլում։

Հայրենիքի համար սեփական կյանքը զոհասեղանին դրած Հրայրը՝ գերակտիվ ու ճարպիկ զինվորը, հոգատար հրամանատարը նույն այդ հայրենիքի համար էլ անմահացավ։
2020թ. հոկտեմբերի 10-ին, Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի զոհվեց «Եղեգնաձոր» կամավորական ջոկատի հրամանատար Հրայր Խաչատրյանը՝ շատերին հայտնի Հրոն։ Նա հերոսաբար ընկավ Ջաբրայիլում։

Էմմա մայրիկը հիմա միայն որդու նկարներով ու հուշերով է ապրում.

-Հրայրը շատ ճարպիկ էր, մատներից ոսկի էր թափվում։ Տղան՝ Դանիելը, լրիվ ինքն է, ամեն ինչով է նման՝ շարժուձևով, խոսելով, բնավորությամբ։ Հրայրս էլ իր հորն էր նման՝ համեստ ու աշխատասեր։ Հիմա երկուսն էլ չկան։ Մեծ շրջապատ ուներ Հրայրը՝ իր ընկերներով, իր ընտանիքով էր ապրում։ Մեր հարևանների տղան էր՝ բոլորի նկատմամբ սրտացավ ու հոգատար։
Օգոստոսի 30-ին Հրայրիս 40 տարին էր լրանում, 28-ի գիշերը եկավ իմ տուն, մինչև առավոտ սուրճ խմեցինք ու զրուցեցինք։ Ինչ երբեք չէր կերել, էդ օրը կերավ։
Սեպտեմբերի 27-ն էր, զանգեցին, Հրայրի հեռախոսահամարը հարցրին, ասացի։ Ինչ իմանայի՝ ուր է գնալու…
Մի քանի օր Հրայրի հետ կապ չկար։ Հոկտեմբերի 6-ին պատահաբար իմացա՝ Հրայրը պատերազմի ամենաթեժ կետերից մեկում է։ Ինձնից գաղտնի էր գնացել։
Հոկտեմբերի 10-ին գնացի աշխատանքի։ Բացի ինձնից բոլորը գիտեին, որ զոհվել է Հրայրը։ Բայց կարծես կանխազգում էի. սուրճի ժամին սուրճը դուրս չեկավ, հացի ժամին՝ հացը։  Ինձ ասացին՝ վիրավոր է, հասա տուն ու իմացա, որ զոհված հերոսի մայր եմ…
Հրայրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 12-ին, աղջկա՝ Միլենայի ծնունդն էր, տղայիս գրպանից գտած հեռախոսը նվիրեցի աղջկան…

Ինձ փորձեցին մխիթարել մի կտոր դրոշով, մի ձեռք շորով, Հրոյիս գրպանից հանած մի տուփ սիգարետով ու մի փոքր նկարով։ Բայց դրանք չեն մխիթարում, ո՛չ մի բան չի մխիթարում։
Հրայր չի ծնվել դեռ…

Ծննդավայր Աղավնաձորում է հանգչում Հրայրը։ Հայրական տնից քիչ ներքև, կողքին էլ ծածանվում է եռագույնը։
Տիկին Էմման մենակ է ապրում։ Ինքն իր հետ խոսում է, ինքն իր հետ էլ հիշում, որովհետև նա, ում հետ պիտի զրուցեր, հյուրասենյակի դաշնամուրի վրա խնամքով դրված նկարից է ժպտում միայն…

Հավե՜րժ փառք Հրայրի լուսավոր հիշատակին…