Երեկո էր։ Արդեն պետք է գնայի քնելու, երբ պատահական լսեցի ծնողներիս և քրոջս խոսակցությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանում ապագա չկա, որ յուրաքանչյուր եվրոպական երկրում ավելի շատ հնարավորություններ կան, նույնիսկ մտածում էին Կանադա գնալու մասին:
Երբ լսեցի դա, խառնաշփոթ առաջացավ իմ մեջ: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, քանի որ անընդհատ մտածում էի իմ, ընկերներիս, ուսմանս մասին: Մտածում էի, թե ինչպես եմ շարունակելու շփումը ընկերներիս հետ, հիշեցի ընկերուհուս` Մարիկային: Նա հիմա ապրում է ԱՄՆ-ում: Ես, Նարեն և Մարիկան մտերիմ ընկերուհիներ էինք և մտածում էինք, որ Մարիկայի գնալուց հետո ոչինչ չի փոխվի, որ միևնույնն է, մենք ամեն օր կխոսենք, բայց դա այդքան էլ այդպես չեղավ: Մարիկայի գնալուց հետո մեր շփումը տևեց մոտ երկու շաբաթ, որից հետո խոսելու թեմաները վերջացան: Ես և Նարեն խոսում էինք դպրոցից, երեխաներից, մեզ հետ եղած դեպքերից, իսկ Մարիկային դա այդքան էլ հետաքրքիր չէր: Հիմա անցել է գրեթե մեկ տարի, իսկ մեր շփումը սկսվում է և վերջանում սոցկայքերում հրապարակած նկարների տակ մեկնաբանություններ թողնելով:
Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Շատերն ասում են, որ այնտեղ էլ շատ ընկերներ կունենամ, բայց, միևնույնն է, ինձ համար շատ ծանր է նույնիսկ այդ ամենի մասին մտածելը: