Ես արթնացա ու որոշեցի արթնանալ, հագա որոշածս, ներկեցի աչքերիս պոչիկները միայն։ Մի քանի մանր մունր բան տանը մոռացա, բայց չնյարդայնացա։
Երթուղայինում ես նկատեցի կուրությունս։ Ինքս ինձնով հագեցած ու անդորրված, նայեցի կողքերս. տեսնում եմ ինչ-որ բան․ էլի ինձ, բայց գոնե՝ ոչ հայելում, որի միջով հիմա նայում եմ վարորդի դեմքին. ճակատի կնճիռներով որոշում եմ իրեն ու թողնում անորոշ, որ չսահմանափակեմ ինձնով ոչ մի շունչ։
Երևի թե նկատեցի մի քանի անգամ ավել բան, քան որևէ առօրեական հոգսերով տարված մարդ։ Ինչ խոսք, ես հիմա ունեմ և՛ ժամանակ, և՛ անհոգ եմ։ Էքստազի մեջ շնչում էի ազատ ընտրություններիս անվերջ հնարավորությունները՝ մետրոյի շարժասանդուղքին ու նկատում դեմքեր, թեկուզ երբեմն կնճռված, մութ ու միանման մահացած դեմքեր։ Երբ կանգառի տեղը մոռացա, ընտրածս ընտրության հնարավորությունները նույնքան անիմաստ թվացին, որքան չընտրածս, որ վզիս են փաթաթել, որովհետև ընտրել են ու իմաստացրել, որ ապրեն։
Մի աղջիկ նկարում էր մի մարդու ՝ մետրոյում նստած. ես չէի նկատել, ընկերս ասաց։ Երբ պտտվեցի նայելու՝ աղջկան չտեսա, միայն՝ նկարը։
Երբեմն ընկերներիս համար ու էլի էդպես շատուշատ մարդկանց համար օրը չի ապրվում, դժվարացել է կյանքն իրենց համար, շնչելը մոռացվել է, բայց ես չեմ կարողանում շնչել սովորեցնել. դրան միայն մի ձև կա, բայց խնդիրն այն է, որ ձևը ձև չունենալն է դրա։
Թե չծնվեն նորից, ես կսփոփեմ ինձ կուրությամբս ու ներսընկածությամբ։ Բայց մենք չափից շատ տարբեր ենք, որ իրարով չապրենք. կապրենք մեկս էսպես, մյուսս՝ էնպես, ու բոլորս, թե ուզենք, ամեն անգամ կմեռնենք, որ էլի ապրենք։
Երբ տարեց բարեկամները հավաքվում էին սեղանի շուրջ ու խոսում անցած- գնացած օրերից, միշտ զարմանքաշատ մի անհասուկ հայացք էր դեմքովս գլորվում՝ թեթև քննադատողական կնճիռներով, որ էս մարդիկ իբր էդ ինչքա՜ն են ապրել, որ անցածն էլ հազար տարի առաջ էր, քաղցր էր ու էլ չկա, ու թե ի՞նչ վատ են ապրում, որ նույնը հիմա չկա․ հիման լավը չէ՞ միթե։
Հիմա նայում եմ ըկերներիս։ Քիչ֊քիչ դառնում են մանկության ընկերներ։ Սկսել են մտածել, որ մի տարին ահագին է, հինգը՝ ավելի շատ, իսկ 70, 80-ը` խայտառակ կարճ։ Ես տեսնում եմ դա իրենց հայացքներում, երբ միասին որևէ հավես բան ենք կազմակերպում. էլի սովորական անմտություն, որովհետև դուրս ենք եկել խորը խոսակցական, փիլիսոփայական վիճակներից, երևի թե որովհետև հոգսը շատացել է մի քիչ, ու ժամանակը կարճանում է քիչ֊քիչ։ Ես տեսնում եմ դա առաջին սիրուս աչքերում, երբ փորձում է հասցնել ապրել ամեն վայրկյանը իր սիրելիի հետ։ Տեսնում եմ մորս ու տատիս կենսատու աչքերում, երբ մի փունջ կենսակտուր ծաղիկ չեմ ափսոսում ու գնում եմ իրենց համար․ տեսնում եմ երևի թե երբեմն, երբ դուրս եմ իմ դժվարացած ապրվելուց․ դուրս եմ հարցիցս՝ անիմաստությամբ պատասխանված, դուրս եմ ժամանակի կորստի զգացումիցս, դուրս եմ փնտրելուց ու հիմարությունիցս, երբ աչքերս հանել եմ դուրս ու նայում եմ ներս։
Մի տարիս տասնավոր կյանքեր է։ Ես սիրում եմ կյանքերիցս յուրաքանչյուրը, նաև նրանք, որոնք չեմ կարողացել ապրեցնել։
Անցնում եմ Հրապարակի ժամացույցի մոտով։ Անցյալի ու ապագայի միաձուլումից միայն մի կանգառ է շինվում. ժամանակը։ Ժամանակը կարող էր լինել մի սար, մի թուփ, մի քար թեկուզ (Սա և գիտականորեն և հոգեբանորեն կարող եմ ապացուցել, բայց ինչու՞)։
Քայլում եմ Օպերայի կողքով ու ինձ տեսնում եմ ռեժիսորի իմ աչքերով։ Աչքերիս գույները ամեն քայլի հետ փոխվում են ու մնում շագանակագույն։ Երբ ինձ հարցնում են, թե որ գույնն եմ սիրում՝ չեմ ունենում պատասխան. ինքս իմ մասին չեմ սիրում պատմել կամ էլ՝ դեռ չեմ կարողանում. ինչ էլ խոսեմ, թվում է՝ սուտ եմ ասելու։ Հիմա էլ։
Սկսել եմ Տարկովսկուն հասկանալ։
Գրել եմ լավ բանաստեղծություններ, որոնք մեծամասնությունը չի ըմբռնի։
Ժամանակին ատելու էի, որ կկարդան ու ինձ կընթերցեն կամ գրեի, որ ինչ֊որ մեկը կարդա ու ինձ տեսնի։ Բայց թղթերն այդ իմը չեն։ Վերցրու քեզ, թե կուզես։
Հասկացա, որ ընտրությունները անսահման են, անցա փողոցը՝ աջով կարծես թե։ Մեկ է։
Ես չկամ. ինձ ոչ մեկ չի տեսնում. ես ազատ եմ։
Նայում եմ նորից սրճարանի սեղանի ծաղիկներին։ Ծաղիկներ ինձ չնվիրեք. չեն սիրում սպանելով ու տիրելով։ Իրերս ինձնից պոկ են ոչ իմ սենյակում, այսինքն, կարող եմ կարդացածս ցանկացած գիրք տալ, իսկ շորերը սահմանափակում են օրվա գույները, նաև եղունգի լաքն է նույնը անում։ Շորերս, ճիշտ է, չեմ ուզի դեռ հանել, բայց լաքը չեմ քսել։
Սուրճը սառեց։ Երկուսս էլ խոսում էինք, երկուսս էլ լսում էինք։ Խոսում էինք տարբեր բառերով ու ձևակերպումներով մի բանի մասին միայն ու լսում նույնը։ Ես փորձում էի չստել, նա՝ չխաբվել կամ հակառակը։