Ջուլիի հաջողության գրավականը ձգտումն է

«Ունեմ մի սկզբունք. եթե Ա կետից պետք է հասնել Բ կետ, ինչ էլ ուզում է լինի՝ ես կհասնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց պարուհի Ջուլի Փափախչյանը։

Ջուլին 20 տարեկան է, մասնագիտությամբ՝ պարուհի։ Ունի տարբեր նախասիրություններ, վարում է ակտիվ կենսակերպ։ Ծնվել է ՌԴ – ում, 4 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Հայաստան, և մայրը որոշել է, որ երեխան պետք է հաճախի պարի խմբակ։ Հենց այդտեղից էլ սկսվել է նրա ընթացքը պարարվեստի հեքիաթային աշխարհում։

Ջուլիի ոգեշնչման աղբյուրը առաջին պարուսույցն էր։ Նրա շնորհիվ է սիրել պարարվեստը և տարվել դրանով։ Ավարտել է Կարմիրգյուղի մանկական արվեստի դպրոցի պարային բաժինը։ Հաճախել է «Ադանա» պարային համույթի, ինչպես նաև Amaras Dance Studio-ի դասերին։ Այժմ պարում է Level dance Studio-ում։ Ունի իր սեփական ստուդիաները Գավառում և Երևանում։ Գավառի խումբը հիմնադրել է 2020 թվականին, իսկ Երևանի խումբը`  2021֊ին։ Ստուդիան իր անունով է՝ Juli Dance Studio: Դասավանդում է տարբեր ոճերի պարեր՝ հայկական ժողովրդական, հիփ հոփ և այլն։ Աշխատում է երեքից մինչև տասնյոթ տարեկանների հետ։

Երկու տարվա ընթացքում ստուդիան արդեն գրանցել է որոշակի հաջողություններ, մասնակցել համերգների, փառատոնների, մրցույթների։ Juli Dance Studio խումբը համագործակցում է Հայաստանի մշակութային կազմակերպություններից Azdarar Art Prodaction, Minora մշակութային կենտրոնի և Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի միության անդամների հետ։

Ջուլին նկատում է, որ պարն իր կյանքի իմաստն է դարձել։ Նա այսօր ապրում է պարով և ձգտում նվաճել նոր բարձունքներ։