-Հե~յ, ես քեզ ճանաչում եմ:
-Որտեղի՞ց, ես քո դեմքը չեմ հիշում:
-Կարդացել եմ քո նյութերը 17.am- ում:
-Շատ ուրախ եմ:
Եվ այսպես ես ունենում եմ բազմաթիվ ծանոթներ: Դա մի անբացատրելի զգացում է, երբ կարողանում ես սեփական նյութերիդ շնորհիվ ծանոթներ ձեռք բերել:
Կամ այսպիսի մի դեպք:
-Ես քեզ գիտեմ:
-Հա, ես էլ քեզ, քո բոլոր նյութերը կարդացել եմ, էս վերջին նյութդ շատ լավն էր:
-Հա, ապրես…
Այսպես ծանոթանում ենք երկու թղթակիցներով` իրար ոչ մի անգամ չտեսած: Պատկերացրեք, որ շատ մարդկանց հետ ծանոթությունը գրեթե անհնար կլիներ, եթե չլիներ «Մանանան»:
Եթե այն ժամանակ ես մտածում էի` ինչ հետաքրքիր մարդ է, այնքան կուզեի նրա բարեկամը լինել, երկար զրուցեի հետը, այժմ կարող եմ մոտենալ ցանկացածին` որպես պատանի լրագրող, զրուցել, ինչքան ուզեմ և կիսվեմ:
Թերևս ինձ համար ամենակարևորներից մեկը` ես արդեն սիրում եմ դպրոցական շարադրությունները: Այն ժամանակ մտածում էի, որ շարադրություն գրելը ձանձրալի ու անօգուտ աշխատանք է, բայց հիմա սիրով եմ գրում: Անգամ ուսուցչուհիս է սպասում իմ նյութերին:
17-ը օգնում է քեզ անտարբեր չանցնել փողոցում կատարվող իրադարձությունների կողքով, նայել շուրջդ, տեսնել գեղեցիկը և դրանով կիսվել մարդկանց հետ:
Դու դրանով վարակում ես նաև ընկերներիդ ու ծնողներիդ: Անգամ նրանք են սկսում քեզ համար նյութի գաղափար մտածել ու մոտիվացնել քեզ:
Վերջապես դու դառնում ես «Մանանայի» մի մասնիկը:
Հ.Գ. Շնորհակալ եմ «Մանանային»` մեզ հիշարժան պահեր նվիրելու համար: