Բերքի տոն և հին ու բարի հիշողություններ

Հոկտեմբերի 9-ին Դարբասում բերքի տոն էր: Ահել-ջահել հավաքվել էին եկեղեցու բակում: Օրը սկսվեց Սուրբ Պատարագով: Աշնանային հիանալի տրամադրություն էր: Անընդհատ հանդիպում էի բոլորի ուրախ ու զվարթ դեմքերին: Մեկը սեղանն էր ձևավորում, մյուսը` պար փորձում, մի քանիսն էլ երգում էին: Նկարչության և ուլունքագործության խմբակի երեխաները ցուցադրեցին իրենց կատարած գեղեցիկ աշխատանքները: Կիրակնօրյա դպրոցի աղջիկները հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել համեմված երգով, պարով և ասմունքով: Այսօր առաջին անգամն էր, որ չէի մասնակցում կիրակնօրյա դպրոցի միջոցառմանը: Առաջին անգամն էր, որ իմ այդքան սիրելի տարազը չէի հագել: Դե, ես էլ մեծացա, դասերը, պարապմունքները սկսեցին, ու որոշեցի այլևս չհաճախել: Բայց դա չէր նշանակում, որ բաժանվում եմ իմ սիրելի ուսուցիչներից, երեխաներից: Նրանց շա~տ-շա~տ եմ սիրում: Ու ամեն անգամ այնքան մեծ ուրախություն եմ զգում, երբ ինձ ջերմորեն ընդունում են: Հանդիպեցի երգի ուսուցչուհուն, ինձ ամուր-ամուր գրկել էր ու ասում էր.

-Սոնա, խի՞ չես մեկ-մեկ գալիս, քեզ կարոտում ենք:

Ակամա հիշում եմ, թե ինչ ուրախ, նաև տխուր և անմոռաց պահեր եմ անցկացրել կիրակնօրյա դպրոցի երեխեքի ու իմ շատ սիրելի ուսուցիչների հետ և քիչ էր մնում լաց լինեմ: Հիշում եմ այն օրը, որ խոսեցի ուսուցիչներիս հետ և ասացի, որ էլ չեմ կարող հաճախել պարապմունքների, ինչքան էի հուզվել ու ինչքան լաց եղա: Երեխեքը անգամ կատակում էին, որ ինձ ուրախացնեն.

-Սոնա, կարո՞ղ ա ուսուցիչները քեզ մի լավ ծեծել են, դրա համար ես լացում:

Իսկ ես արցունքների միջից ծիծաղում էի: Ու այսօր ամեն ինչ այսքան փոխվել է: Ու չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում: Կողքիս Հերմինեն ու Սոսեն էին: Նրանք էլ ինձ հետ հին ու բարի հիշողությունների գրկում էին: Դե, այնպես ստացվեց, որ Զաքարյաններով լքեցինք կիրակնօրյա դպրոցը, բայց հոգով մնացինք այնտեղ: Է~, մեծանալն էլ մի բան չի: Բայց դե ի՞նչ կարող ենք անել…

Այդ օրը տարբեր հեռախոսներ էին ձեռքումս, անգամ չգիտեի` ումը որն է: Դե մի բան պիտի անեի, չէ՞: Ես էլ որոշեցի նկարահանումը ինձ վրա վերցնել: Այնքան նկարեցի, որ այսպես ասած, մեջքս ծռվեց: Դե, ոչինչ, կարևորը, որ լավ կադրեր ստացված լինեն: Հենց այդ օրն էլ հասկացա, թե ինչ բարդ ու պատասխանատու գործ է լրագրողի աշխատանքը: Իսկ միջոցառումը ուղղակի հիանալի էր: Թող Դարբասում բերքը միշտ առատ լինի, և մարդիկ հպարտանան իրենց կատարած աշխատանքով:

Բերքի տոն էր…