Տարիները մերսեդեսի պես արագ անցնում են՝ իրենց հետևից թողնելով մի մեծ փոշու ամպ: Մենք վազում ենք բռնելու բոլոր լավ պահերը, բայց միշտ չի, որ հասնում ենք:
Ես սովորություն ունեմ վազել մանկություն, որտեղ մնացել են իմ լավ ընկերները, ում հետ մի ժամանակ «մեջմտնելոցի» էինք խաղում:
«Մեջմտնելոցու» վարպետներից մեկը Վարազդատն էր: Ես հասկանում էի, որ անչափ անհաջողակ եմ, երբ իմ բոլոր հարվածներից նա «պաս» էր բռնում: Նրան խաղից հանելը ամենաուրախալի փաստն էր:
Մեր թաղում հիմա խաղի վարպետներ չեն մնացել, որովհետև խաղացողներն էլ չեն մնում: Վավային հարցրի՝ գնում ես հա՞, ասաց՝ տանում են,Նուշ:
Չի վախենում, վստահ եմ, գիտեմ, որ չի վախենում: Կկարոտի, անպայման: Նորմալ է, բոլորն են կարոտում, բայց ուրախ եմ, որ մի «ախպեր» էլ է ավելանում զինվորների թվին: Բանակը, ուղղակի տերմին չի, բանակը Վավայի նման տղերքն են, որ մենակ կարոտից են վախենում:
Ախպեր ջան, ընկեր ջան: Գիտեմ , որ խաղ չի, բայց ուզում եմ, որ խաղի նման վարպետ լինես, ու թշնամիդ ինձ նման անհաջողակ լինի: Ուզում եմ, որ երկու տարի շարունակես խաղալ, ոնց որ միշտ ես խաղում: Շատ «պաս» կբռնես, պիտի բռնես, իրավունք չունես չբռնելու: Երկու տարուց հետ ես գալու, ինձ Անիչկա ասելու ու ներվերս ուտելու համար: Հետ գալուցդ խմելու ենք իրար հետ, ես՝ կոլա, դու՝ լիմոնադ: Տես, հա, խոսք ես տվել:
Բարի ճամփա, ընկեր իմ: Ես վերջին «պասն» եմ տալիս, որ տանես հետդ ու հետ բերես: Ու հետ գաս: