Տասներկու տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, մենք սովորել ենք: Մենք սովորել ենք պատմություն, մենք սովորել ենք տարիներով տևած պատերազմների մասին կարդալ ընդամենը մի քանի էջ ու վերջ, սովորել ենք հայ դավաճանների, նրանց դավաճանությունների մասին: Իսկ ինչո՞ւ մեզ չեն սովորեցրել դիմադրել ցավին, դիմանալ ընկերոջ կորստին, ինչո՞ւ մեզ այդպես էլ չսովորեցրին մինչև վերջ սպասել ու սիրել, գնահատել ամեն պահն ու ակնթարթը: Թե՞ մենք չսովորեցինք: Չսովորեցինք, քանի որ չմտածեցինք, որ ամիսներ առաջ մեզ հետ քննությունների պատրաստվող ընկերը ամիսներ անց՝ այսօր, կարող է ֆիզիկապես էլ չլինել: Չսովորեցինք, քանի որ մտքներովս անգամ չանցկացրինք, որ մանկության ընկերներին բակում իրենց նստարաններին նստած էլ չենք տեսնի:
Պատմությունը միշտ էլ դաժան է եղել: Ու ամեն անգամ դաժան էջերի դասերը սովորելու փոխարեն զբաղվել ենք ուրիշ բաներով, իսկ դրանք պատասխանելու փոխարեն ուղղակի ասել ենք. «Էսօր չէ, էլի: Մնա` հաջորդին կպատասխանեմ»: Պատմությունը միշտ էլ դաժան է եղել, բայց դրա դաժանությունը զգում ենք այն դեպքում, երբ ապրում ենք այդ պատմության մեջ ու այդ պատմությունով: Դաժանությունը կզգանք, երբ մի քանի տարի անց պատմության նոր գրքերում կտեսնենք այն երկուէջանոց պատմությունը, որի միջով անցանք մենք: Այն պատմությունը, որը տարավ շատերից ամենաթանկը: Այն պատմությունը, որը ստիպեց մեծանալ վերջնականապես: Այն պատմությունը, որ ստիպեց համակերպվել ցավին: Այն պատմությունը…
Մենք երեխաներ էինք, ովքեր նոր էին կյանք մտել, սակայն նայեցին ուղիղ ցավի, տառապանքի, մահվան աչքերի մեջ: Նայե՛ք մեր աչքերի մեջ ու հասկացե՛ք, թե աշխարհում, ուր մենք ծնվել ենք ու ապրում ենք, որտեղից այդքան նենգություն, ցասում ու նախանձ: Նայե՛ք ու փնտրե՛ք բարության նշույլներ մեր աչքերում:
Մենք սերունդ ենք՝ չկոտրվող սրտերով: Մենք շարունակում ենք ապրել մեր ընկերների կիսատ մնացած երազանքներով: Մենք շարունակում ենք ցավով լցված սրտերով առաջ շարժվել: Շարժվել առաջ՝ բոլորին ապացուցելով, որ մենք կարող ենք անգամ անհնարինը:
Պատճառներն ու լուծումները փնտրենք մեր մեջ, անենք հետևություններ: Իսկ հոդվածն էլ ավարտեմ ավստրիացրի գրող Կառլ Կրաուսի հանճարեղ խոսքերով. «Ինչպե՞ս է կառավարվում աշխարհը, և ինչպե՞ս են բռնկվում պատերազմները: Դիվանագետները ստում են լրագրողներին և հավատում են իրենց իսկ ստերին՝ կարդալով դրանք թերթերում»:
Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի