Ի սկզբանե որոշել էի այլ բան գրել, բայց դեպքերն ու դեմքերը ինձ բոլորովին այլ բան հուշեցին: Պիտի ձեզ մտովի տեղափոխեմ 2008 թվականի մարտի 1-ի օրը: Տասը տարի առաջ ես 12 տարեկան էի: Այդքան էլ փոքր տարիք չէ հասկանալու համար, թե շուրջդ ինչ է կատարվում, բայց և մեծ էլ չէ, հասկանալու համար՝ ինչու: Մարտի 1-ին նախորդող գիշերը երբեք չեմ մոռանա: Տանը նստած էինք, երբ աղմուկ լսվեց, ու երբ մոտեցանք պատուհանին, տեսանք բավականին մեծ քանակությամբ տանկեր, զինվորական մեքենաներ: Թե ուր էին գնում՝ պարզ է: Առավոտյան արթնանալուն պես լուրերով հայտնեցին տասը զոհի, հարյուրավոր վիրավորների ու ձերբակալվածների մասին, որոնց մեջ կային նաև հարազատ մարդիկ: Երկար ժամանակ աչքիս առաջից չէին հեռանում այդ պատկերները: Ինձ մի հարց էր տանջում՝ ինչու: Ինչո՞ւ երկրի ղեկավարները չեն սիրում մեր հայրենիքն ու հայրենակիցներին: Ինչո՞ւ են հեռուստացույցով լուրերը հայտնելիս ստում: Ինչո՞ւ են դատապարտում մարդկանց, ովքեր ընդամենը պայքարում էին իրենց իրավունքների համար: Ե՞րբ է վերականգնվելու արդարությունը:
Եվ դրան հաջորդեց, երևի թե, երրորդ հանրապետության ամենադժվար ժամանակահատվածը: Երկիր, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, անմեղ դատապարտվածներ, որտեղ չկա ազատ, անկախ լրատվություն, ազատ խոսք, բայց կա համատարած վախի մթնոլորտ: Չկա ոչ մի հույս ապագայի հանդեպ: Բայց վերջինը կարճ տևեց: Պայքարը անցավ մի նոր փուլ, որին հաջորդեցին դատեր, քաղաքական զբոսանքներ, խաղաղ երթեր, հանրահավաքներ, որոնց ես մասնակից եմ եղել 12 տարեկանից: Ես մեծերի հետ հավասար մասնակցում էի այդ ամենին: Պայքարի գաղափարը արմատավորվեց հենց այդ ժամանակահատվածում: Իսկ արդեն տարիներ անց, երբ տեղի ունեցավ երկար սպասված համաներումը, հենց այն նույն պատուհանից, որտեղով անցել եին տանկերը, տեսա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ զարդարված եռագույնով, որ ուղեկցում էր իրեն բանտից դեպի տուն և ազդարարում պայքարի հաջորդ փուլը:
Երանի ոչ մի երեխա այդպիսի չափաբաժնով չբախվի անարդարությանը, քանի որ դրանից առհասարակ խուսափելը կյանքում անհնարին է: Երանելի է այս սերունդը, որ տեսնում է այնպիսի երկրի ղեկավարներ, ում համար քաղաքացու կյանքը, զինվորի մեկ կաթիլ թափած արյունը ավելի թանկ է, քան իր գրպանի պարունակությունը: Երկիր, որտեղ կա ազատ լրատվութուն ու ազատ խոսք: Տարիների դադարից հետո հիմա կարող եմ հեռուստացույց նայել: Որտեղ դասից չես ուշանա այն պատճառով, որ խցանման մեջ էիր, որովհետև երկրի նախագահը կամ երկրի ղեկին կանգնածներից ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է շտապում, և դրա համար բոլոր ճանապարհները պիտի փակվեն, մինչև նա կանցնի այդտեղով: Որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ չես մտածում երկիրը լքելիս ո՞ր երկրում արժե կյանքդ շարունակել: Որ կրթությունդ և գիտելքիներդ պետք կգան, նոր երկրի կառուցման գործում քո ներդրումը կունենաս: Մենք արդեն իսկ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, զբաղվում են ոչ թե հանրահավաքներին մասնակցող մարդկանց ինքնությունը պարզելով և սպառնալով, այլ իրենց իրական գործառույթներով: Երկիր, որտեղ մեր իրավունքները պաշտպանված են:
Եվ սա այնքան էլ թավշյա հեղափոխություն չէր: Մենք շատ թանկ ենք վճարել այն թավշյա կոչելու համար: Տարիներ էին պետք թավշյա հեղափոխության գիտակցմանը գալու համար: Շատ ու շատ դեպքեր մեզ ստիպեցին հասկանալ ու տվեցին իմաստություն պայքարի այս ձևը ընտրելու համար:
Եվ ուրեմն, կեցցե՜ սիրո և համերաշխության հեղափոխությունը:
Կեցցե՜նք մենք, որ արդեն իսկ ապրում ենք ազատ, անկախ և արդար Հայաստանում: