Հեղինե Ենոքյանի բոլոր հրապարակումները

heghine enoqyan

Երբ երազում ես հեղափոխել երկիրդ 12 տարեկանից

Ի սկզբանե որոշել էի այլ բան գրել, բայց դեպքերն ու դեմքերը ինձ բոլորովին այլ բան հուշեցին: Պիտի ձեզ մտովի տեղափոխեմ 2008 թվականի մարտի 1-ի օրը: Տասը տարի առաջ ես 12 տարեկան էի: Այդքան էլ փոքր տարիք չէ հասկանալու համար, թե շուրջդ ինչ է կատարվում, բայց և մեծ էլ չէ, հասկանալու համար՝ ինչու: Մարտի 1-ին նախորդող գիշերը երբեք չեմ մոռանա: Տանը նստած էինք, երբ աղմուկ լսվեց, ու երբ մոտեցանք պատուհանին, տեսանք բավականին մեծ քանակությամբ տանկեր, զինվորական մեքենաներ: Թե ուր էին գնում՝ պարզ է: Առավոտյան արթնանալուն պես լուրերով հայտնեցին տասը զոհի, հարյուրավոր վիրավորների ու ձերբակալվածների մասին, որոնց մեջ կային նաև հարազատ մարդիկ: Երկար ժամանակ աչքիս առաջից չէին հեռանում այդ պատկերները: Ինձ մի հարց էր տանջում՝ ինչու: Ինչո՞ւ երկրի ղեկավարները չեն սիրում մեր հայրենիքն ու հայրենակիցներին: Ինչո՞ւ են հեռուստացույցով լուրերը հայտնելիս ստում: Ինչո՞ւ են դատապարտում մարդկանց, ովքեր ընդամենը պայքարում էին իրենց իրավունքների համար: Ե՞րբ է վերականգնվելու արդարությունը:

Եվ դրան հաջորդեց, երևի թե, երրորդ հանրապետության ամենադժվար ժամանակահատվածը: Երկիր, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, անմեղ դատապարտվածներ, որտեղ չկա ազատ, անկախ լրատվություն, ազատ խոսք, բայց կա համատարած վախի մթնոլորտ: Չկա ոչ մի հույս ապագայի հանդեպ: Բայց վերջինը կարճ տևեց: Պայքարը անցավ մի նոր փուլ, որին հաջորդեցին դատեր, քաղաքական զբոսանքներ, խաղաղ երթեր, հանրահավաքներ, որոնց ես մասնակից եմ եղել 12 տարեկանից: Ես մեծերի հետ հավասար մասնակցում էի այդ ամենին: Պայքարի գաղափարը արմատավորվեց հենց այդ ժամանակահատվածում: Իսկ արդեն տարիներ անց, երբ տեղի ունեցավ երկար սպասված համաներումը, հենց այն նույն պատուհանից, որտեղով անցել եին տանկերը, տեսա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ զարդարված եռագույնով, որ ուղեկցում էր իրեն բանտից դեպի տուն և ազդարարում պայքարի հաջորդ փուլը:

Երանի ոչ մի երեխա այդպիսի չափաբաժնով չբախվի անարդարությանը, քանի որ դրանից առհասարակ խուսափելը կյանքում անհնարին է: Երանելի է այս սերունդը, որ տեսնում է այնպիսի երկրի ղեկավարներ, ում համար քաղաքացու կյանքը, զինվորի մեկ կաթիլ թափած արյունը ավելի թանկ է, քան իր գրպանի պարունակությունը: Երկիր, որտեղ կա ազատ լրատվութուն ու ազատ խոսք: Տարիների դադարից հետո հիմա կարող եմ հեռուստացույց նայել: Որտեղ դասից չես ուշանա այն պատճառով, որ խցանման մեջ էիր, որովհետև երկրի նախագահը կամ երկրի ղեկին կանգնածներից ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է շտապում, և դրա համար բոլոր ճանապարհները պիտի փակվեն, մինչև նա կանցնի այդտեղով: Որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ չես մտածում երկիրը լքելիս ո՞ր երկրում արժե կյանքդ շարունակել: Որ կրթությունդ և գիտելքիներդ պետք կգան, նոր երկրի կառուցման գործում քո ներդրումը կունենաս: Մենք արդեն իսկ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, զբաղվում են ոչ թե հանրահավաքներին մասնակցող մարդկանց ինքնությունը պարզելով և սպառնալով, այլ իրենց իրական գործառույթներով: Երկիր, որտեղ մեր իրավունքները պաշտպանված են:

Եվ սա այնքան էլ թավշյա հեղափոխություն չէր: Մենք շատ թանկ ենք վճարել այն թավշյա կոչելու համար: Տարիներ էին պետք թավշյա հեղափոխության գիտակցմանը գալու համար: Շատ ու շատ դեպքեր մեզ ստիպեցին հասկանալ ու տվեցին իմաստություն պայքարի այս ձևը ընտրելու համար:

Եվ ուրեմն, կեցցե՜ սիրո և համերաշխության հեղափոխությունը:

Կեցցե՜նք մենք, որ արդեն իսկ ապրում ենք ազատ, անկախ և արդար Հայաստանում:

Քանդակի սիմպոզիում. «Մեր պապերի սխրանքը»

Մայիսի 2-ին Ապարան քաղաքում մեկնարկեց քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով, որը համընկավ հայ ժողովրդի համար շատ կարևոր իրադարձության՝ «Թավշյա հեղափոխության» հետ: Սիմպոզիումի հրապարակը, որ գտնվում է Վերածնունդ հուշահամալիրի տարածքում, կարծես ազդարարեց հայ ժողովրդի վերածնունդը:
Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

13 քանդակագործներ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Ճապոնիայից, Բելգիայից, Բելառուսից և Հնդկաստանից քսան օր շարունակ, չնայած եղանակային դժվար պայմաններին, աշխատեցին և մայիսի 20-ին քանդակները ներկայացրին արվեստասեր հասարակությանը: Սիմպոզիումը գլխավորեց և անձնիվիրաբար իր ամբողջ ժամանակն ու ջանքերը ներդրեց ճանաչված հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Երբ քարերը արդեն պատրաստ էին «մարտի», Հնդկաստանը ներկայացնող քանդակագործ Կանտա Կիշորեն, ոգեշնչված Թավշյա հեղափոխության հաղթանակից, առաջինը գործի անցավ և պատկերեց հեղափոխությունից ստացած իր տպավորությունները: Ուժը և էներգիան մեկ կետից սկզբնավորվելով, բարձրանում է վերև և վերջանում ևս մեկ կետով: Վերևում գտնվում են հնդկական ուժի և էներգիայի սիմվոլները:

Իտալացի քանդակագործ, Կարրարայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպպին կյանքում առաջին անգամ մեծ սիրտ է քանդակել:

-Դուք չեք պատկերացնում՝ ինչքան երջանիկ է իմ սիրտը: Փորձեցի քանդակել մի մեծ սիրտ քարից, որ օրհնված է երկնքից և պաշտպանված Արարատով:

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Կենտրոնում կա մի հրեշտակ, որի վզից խաչ է կախված: Հրեշտակները խաչեր չեն կրում, բայց Մասսիմոյի հրեշտակը հայկական խաչ է կրում: Այստեղից այս սիրտը ամբողջ աշխարհով մեկ կտարածի մեր ուղերձը՝ որ ժողովուրդները հավատարիմ մնան իրենց մշակույթին:

Վիգեն Ավետիսը քանդակել է Արև, Սուրբ Հոգի: Նա նշում է, որ պատահական չէ, որ սիմպոզիումը համընկավ Հայաստանի համար պատմական այս օրերին:

-Այս հաղթանակը Աստծո կամքն էր, մենք երկնքից, Աստծուց ստացանք ուղերձ և հիմա պիտի տեր կանգնենք մեր հաղթանակին:

Զարզանդ Շահինյանը ներկայացնում է Ապարանը: Նրա քանդակը պատկերում է աղոթող կնոջ: Մինչ տղամարդիկ կենաց ու մահու պայքար են մղել թշնամու դեմ, կանայք աղոթել են գիշերուզօր, քաջալերել իրենց եղբայրներին, ամուսիններին ու հայրերին:

Ճապոնացի քանդակագործ Կումիկո Սուզուկին քանդակել է Արա Գեղեցիկին: Քանդակելիս ոգեշնչվել է Ապարանից երևացող Արա լեռան տեսարանից:

Սպարտակ Հարությունյանի քանդակը կոչվում է «Հաղթանակած զինվորի ծնունդը»:

Մասսիմո Լիպպիի որդին՝ Քրիստոֆորո Լիպպին, պայքարող, չհանձնվող զինվորի է պատկերել: Նա ասաց, որ շատ ուրախ է պատմական այս օրերին Հայաստանում գտնվելու և հեղափոխությանը ականատես լինելու համար:

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Դիզայներ, քանդակագործ Արման Նուռը ևս սիպոզիումի մասնակիցներից է:

-Մենք բոլորս շատ ոգեշնչված ենք, որ դարձանք մի փոքրիկ, շատ չնչին մասը այս ճակատամարտի, քանի որ քսան օր շարունակ քարի հետ ճակատամարդ տվեցինք: Մենք լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր միջավայրի մարդիկ, կարողացանք միավորվել մեկ գաղափարի շուրջ, ունենալով մեկ նպատակ և իրար ուժ տալով աշխատեցինք:

Այս բոլոր օրերի ընթացքում սիմպոզիումի հրապարակը վերածվել էր ամենատարբեր մշակույթների, ամենատարբեր քաղաքակրթությունների հանդիպման վայրի, որտեղ բոլորին միավորել է մեկ նպատակ՝ Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտի 100-ամյակը:

Ապարանով անցնելիս կարող եք կանգ առնել քանդակների պուրակի մոտ և վայելել նրանցից եկող դրական լիցքերը և էներգետիկան ու շարունակել ճանապարհը:

Կին, արվեստ, տոն

Լուսանկարը՝ Նարինե ԳեւորգյանիԱրարչագործության հրաշքը Աստծո մենաշնորհն է: Բայց Աստված այնքան սիրեց մարդուն, որ նրան ևս տվեց ստեղծելու, արարելու շնորհը։

Հովհաննես Շարամբեյանի անվան  Ժողովրդական արվեստի կենտրոնում գարնանամուտի մեկնարկը տրվեց մարտի 3-ին «Կին, արվեստ, տոն» խորագրով ժողովրդական վարպետների ցուցահանդեսով:

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Արվեստի գործեր ստեղծում են բոլորը, սակայն կնոջ ստեղծածը աչքի է ընկնում իր նրբագեղությամբ, կնոջը հատուկ բծախնդրությամբ և խորաթափանցությամբ։

Ներկայացված ցուցահանդեսը իր մեջ ներառում է դեկորատիվ-կիրառական արվեստի, խեցեգործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության նմուշներ, հուշանվերներ` նախատեսված կանանց համար։

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նարինե Գեւորգյանի

Ցուցահանդեսի մասնակիցներից Նարինե Գևորգյանը մեկ տարի է, ինչ ժողովրդական վարպետի կոչում է ստացել և արդեն ունեցել է վեց ցուցահանդես։ «Ես անում եմ այն, ինչ-որ չկա, գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, դա ինձ արդեն չի հետաքրքրում»։

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Գաղտնիք չէ, որ երաժշտությունը կարող է ոգեշնչել մարդուն, արարելու ոգի տալ։ Եվ  ես տեսա կակաչներով կոլաժ, որը ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգից:

Նարինեն առաջիկայում ծրագրում է ևս մեկ անհատական ցուցահանդես, որտեղ ընդգրկված կլինեն բոլորովին նոր աշխատանքներ։

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 11-ը: Ի դեպ, կարող եք նաև ձեռք բերել ձեզ դուր եկած աշխատանքները, քանի որ սա ցուցահանդես-վաճառք է:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցադրված էին նաև նկարչուհիներ Սիրանուշ  Բաղրամյանի, Ալվինա Աբելյանի, խեցեգործ Ժասմենա Տեր-Մանուկյանի, կարպետագործ Սոնա Մակարյանի, Լալա Մնեյանի և Մարալ Շիօղմելյան- Բերբերյանի ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև Անահիտ Գրիգորյանի կաշվե զարդերի հավաքածուն:

Անցորդը

Մարտի 1-ին կկայանա պոետ, երգահան Վախթանգ Հարությունյանի մենահամերգը և թվով յոթերորդ, «Հարազատ ստվերներ» ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Ամեն ուրբաթ երեկոյան Թումանյան փողոցի գողտրիկ անկյուններից մեկում մեկ տանիքի տակ հավաքվում են տարբեր տարիքի, մասնագիտության և մտածողության տեր մարդիկ՝ ունկնդրելու բարդերին՝ երգող պոետներին: Այն ինձ համար էլ է դարձել հարազատ մի վայր: Ես արդեն հինգ տարի է, ինչ այդ ունկնդիրների շարքերում եմ: Բարդ երաժշտության հետ իմ ծանոթությունը կայացավ  Բարդերի ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի շնորհիվ, ում հետ հարցազրույցը սկսվեց հետաքրքիր հարց ու պատասխանով:

-Ո՞վ է Վախթանգ Հարությունյանը:

-Անցորդ:

-Ի՞նչն է մղում ձեզ ստեղծագործելու, կամ ի՞նչը կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ:

-Առաջինը զարմանալու հնարավորություն ունենալը, երկրորդը՝ ինձանից դուրս մղելու զգացողությունը:

-Ի՞նչ է նշանակում բարդ:

-Դա անգլիական բառ է: Բարդեր, մենեստրելներ, երգող պոետներ, աշուղներ, գուսաններ, բոլորը նույն երգող պոետի տարբեր տեսակի դրսևորումներ են: Ծագումնաբանության մեջ եկել է Անգլիայից, հետո ամրապնվել է ռուսական իրականության մեջ, հետո նոր կիրառական է դարձել մեզ մոտ: Շատ հաճախ ասում են հեղինակ-կատարղներ, երգող պոետներ:

-Նպատակ ունե՞ք արդյոք Ձեր արվեստով ինչ-որ բան փոխելու:

-Եթե արվեստը, առհասարակ, չունենա այդ առաքելությունը, արդեն իմաստ չունի: Հետևաբար, եթե այդպիսի անուն կարելի է տալ ինչ-որ մի բանի` արվեստ, ապա ինքը պիտի փոփոխություն մտցնի, իսկ իմ պարագայում, եթե ես ինչ-որ բան փորձում եմ, առաջին հերթին ինձ համար:

-Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր, թե ով է Ձեր ունկնդիրը:

-Շատ կարևոր է: Ես հայացքներ եմ որսում, տեսնում, թե ինչքանով է հասկացված այն ամենը, ինչը որ ասում եմ: Կարող եմ գտնել ամբողջ դահլիճում մեկ հոգու, որի հայացքը խաչեմ և ամբողջ համերգը նվիրեմ նրան:

-Դուք նաև հանդիսանում եք «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիրը: Ի՞նչ պայմանով եք առաջնորդվում փառատոնի նախնական փուլի մասնակիցներին ընտրելիս:

-Ամեն ինչ սկսվում է նրանից, որ բանաստեղծությունը գոնե պիտի ունենա բանաստեղծական հիմք: Երիտասարդի պարագայում միգուցե այդ նիշը մի քիչ ցածր է դրվում, բայց սերմի մակարդակը այնուամենայնիվ պահպանվում է: Բանաստեղծական կալորիայի քանակը չպիտի լինի զրո և մինուս, գոնե զրոյից մի քիչ բարձր: Իսկ ինչքան ավելի բարձր, այնքան լավ: Ոչ մեկը չի ակնկալում, որ 18-ից 25 տարեկան երիտասարդը պիտի գրի խորը փիլիսոփայություն, բայց գոնե պիտի գիտակցական չափաբաժինը և բանաստեղծական ձիրքը առկա լինեն, որը խոսում է տաղանդի սերմնային վիճակի մասին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք արվեստի այս ուղին ընտրած երիտասարդներին:

-Ես առհասարակ կարծում եմ, որ 20-25 տարեկան երիտասարդներին որպես հեղինակ-կատարող կարող ենք կոչել, բայց բարդ դեռևս ոչ: Ինքը կարող է սկսել է ստեղծագործել, բայց բարդ կոչելու համար պիտի անցնի որոշակի ապրումների միջով, պիտի առաջին հերթին ծառայելու գաղափարին հանգի, իսկ երիտասարդը հիմնականում փորձում է ծառայեցնել: Այդ աստիճանը անցնելուց հետո նա պիտի կարողանա իր ներսում հաղթահարել իր հպարտության շատ կարևոր տարրեր, հետո նոր միգուցե ինչ-որ բան սկսվի ստացվել:

Ծիսական տիկնիկներ

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում «Հանգույց» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի «Հայ ժողովրդական  տարեկան տոները և դրանց հետ կապված ծիսական տիկին-տիկնիկները ու պարերը նորօրյա որոշ վերապրուկային դրսևորումներով (XX-XXIդդ.)» խորագրով գրքի շնորհանդեսը:

Ցուցադրվեց հեղինակի ծիսական տիկնիկների հավաքածուն, որը նվիրաբերվել է Ժողովրդական արվեստի կենտրոնին:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Գիրքը բաղկացած է երկու մասից:Առաջին մասում հետաքրքիր պատմություններով ներկայացված են այն  տոները, որոնց ժամանակ պատրաստվել են ծիսական տիկնիկներ: Երկրորդում արդեն ներկայացված է ծիսական տիկնիկների նկարագրություն:

Ժենյա Խաչատրյանը շրջել է տարբեր շրջաններով, հավաքել ծիսական ավանդույթներ և ներկայացրել դրանք ուսումնասիրության տեսքով:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

-Այս տիկնիկները ստեղծվել են իմ աչքի առաջ: Մենք միասին շրջել ենք և ամեն գյուղում Ժենյան հարցրել է «Ի՞նչ է տիկնիկը, ունե՞ք տիկնիկներ, պատրաստե՞լ եք,- ասում է ազգագրագետ Էմմա Պետրոսյանը:-Շատերը մտածում են, որ սա ուղղակի խաղալիք է, բայց տիկնիկի ֆենոմենը շատ հին հասկացողություն է: Դեռևս Հին Հռոմում պատրաստում էին տիկնիկ, որին փոխանցում էին իրենց ցանկությունները, դժբախտությունները և նետում  գետը, որպեսզի տիկնիկը տանի իր հետ այն ամենը, ինչ կա իր մեջ:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցադրության ժամանակ տեսա մի քանի տիկնիկ, որոնք շատ նման էին տատիկիս պատրաստած տիկնիկներին: Պատրաստելու համար տատիկս խաչաձև ամրացնում էր երկու նեղ երկար փայտի կտորներ, հետո փաթաթում սպիտակ կտորով: Իսկ որպես տիկնիկի գլուխ օգտագործում էր կոճակ: Մեր ժամանակներում, երբ տիկնիկների պակաս չկա, այդ տիկնիկը առանձնահատուկ տեղ էր գրավում իմ տիկնիկների հավաքածուի մեջ:

Հայտնի և անհայտ Ստվերների թատրոնը

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ուղիղ վեց տարի առաջ կայացավ իմ և ստվերների թատրոնի առաջին «հանդիպումը»: «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները կազմակերպել էին  արդեն ավանդական դարձած ազգային ձիախաղեր: Ձիախաղերի ավարտից հետո այրուձիականները երգեցին հայկական ժողովրդական և ազգային երգեր, որոնք ուղեկցվում էին հայկական պարերով: Այդ օրվա վերջին հատվածը եզրափակվեց անակնկալով՝ ստվերների թատրոնի  ներկայացումներ դիտելով: Երբևէ չէի լսել թատրոնի այս տեսակի մասին, որ կա ստվերների թատրոն և, որ վեց տարի անց այն պիտի դառնար իմ դիպլոմային աշխատանքի թեման: Առաջին հայացքից այն ինձ արտասովոր մի բան թվաց: Ճիշտ է, տիկնիկային ներկայացում դիտել էի, բայց ստվերների՝ ոչ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստեղծել ստվերների թատրոն:

Ստվերերի թատրոն ստեղծելու համար բավական է գտնել մի քանի էլեկտրական լամպ, սպիտակ պաստառ, որը կհանդիսանա որպես էկրան, պատրաստել մի քանի տիկնիկ և սկսել ստեղծագործել: Էկրանի հետևում կանգնում է դերասան-տիկնիկավարը, ով տիկնիկը շարժում է հակառակ կողմից կիպ մոտեցնելով էկրանին՝ հատուկ պատրաստված շյուղերի օգնությամբ, խոսելով տարբեր հերոսների ձայներով: Էկրանը իրենից ներկայացնում է ուղղանկյուն փայտե շրջանակ, որի վրա ձգված է սպիտակ կտոր: Լույսի աղբյուրը հակառակ կողմից ընկնում է տիկնիկի վրա և էկրանին հայտնվում է նրա ստվերը:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզեցի, որ Հայաստանում տարածված է եղել Ղարագյոզ կոչվող ստվերների թատրոնը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իբրև թուրքական մշակույթի մի մաս: Սակայն Ղարագյոզը զուտ թուրքական երևույթ չէ: Այն իր մեջ կրում է շատ ժողովուրդների մոտ ընդունված նման կերպարների բնորոշ գծեր:  19-րդ դարի սկզբներին և ամբողջ այդ դարի ընթացքում Ղարագյոզը եղել է հայերի սիրած խաղերից մեկը: Սակայն հայերի մասնակցությունը չի սահմանափակվել միայն այն դիտելով, նրանք հանդես են եկել իբրև կազմակերպիչներ, իսկ թուրք պատմաբաններից շատերը լռում են այս մասին:

1984 թվականին «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները ձիերով արշավների են գնում և շրջում Հայաստանի տարբեր բնակավայրերով: Հենց այդ ժամանակ էլ ծագում է ստվերների թատրոնի վերականգնման միտքը: Եվ այս թվականից արշավների անբաժան մասն է կազմում ստվերների թատրոնը: Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ժենյա Խաչատրյանը, ով  զբաղվում էր ստվերների թատրոնի  ուսումնասիրությամբ, նրանց է փոխանցում  թատրոնի մասին նյութերը:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Այսօր հնարավորություն ունենք դիտելու  ստվերների թատրոն «Այրոգի» թատերախմբի շնորհիվ: Խաղացանկում առկա են 19-րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ական թվականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Հովհաննես Մելքոնյանը: Այժմյան թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են: Ներկայացման հետ կապված իրերը, խաղացնելու ձևը և տեքստը ժառանգաբար է փոխանցվել: Տեքստը հեղինակ չունի: Ինչպես նախորդները, այնպես էլ Խաչատուր Թումասյանը տեքստը հարմարեցրել է հանդիսատեսի ճաշակին: Դա հնարավորություն է տվել տեքստի բուն բովանդակությունը չփոխելով դիմել իմպրովիզացիայի: Կա սյուժե, որ մեզ է հասել 5-րդ դարից: Պատմիչ Փավստոս Բուզանդը նկարագրում է զվարճալի պատմվածքներ ոմն Յոհան եպիսկոպոսի մասին՝ հարբեցող, խաբեբա ու խարդախ մի մարդու, ով հարստանալու համար պատրաստ է ամեն ինչի:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Իհարկե, այս ավանդույթը կորցնել չարժե, և մենք ինչ-որ տեղ նաև հետ ենք մնում. մինչ փորձում ենք պահպանել, ուրիշ ժողովուրդներ այն զարգացնում են և մատուցում նոր տեխնոլոգիական հնարքներով:

heghine enoqyan

Մեկ տարի առաջ այս օրերին

2017թ.-ի ապրիլի 4: Առավոտյան արթնանալուն պես Facebook-ը հիշեցրեց մեկ տարի առաջ նույն օրը քրոջս կատարած գրառումը. «Դավս զանգեց, երեխեք, ասեց՝ լավ եմ»: Այս մի քանի բառերը մեզ անսահման ուրախություն պարգևեցին: Մեկ օրից ավելի էր անցել, իսկ Դավիթից լուր չունեինք: Դավիթը մորեղբորս տղան է՝ իմ եղբայրը: Մանկության տարիներին ես ընկերներ չունեի: Իմ ընկերները քույրերս ու եղբայրներս էին, բայց Դավիթը ամենամտերիմ ընկերս էր: Փոքր տարիքում շատ էինք չարաճճիություններ անում: Ինչ գալիս էր մտքներիս, հենց նույն պահին որոշում էինք իրագործել: Երբ արդեն պապիկս իմանում էր մեր կատարած «սխրանքների» մասին, ես արագ փախչում ու թաքնվում էի՝ մտածելով, որ Դավիթը նույնպես ինձ հետ է, բայց շրջվելուն պես տեսնում էի, որ նա տեղից չի շարժվել: Ամբողջ մեղքն իր վրա էր վերցնում և պատժվում իմ փոխարեն: Իսկ երբ «վտանգն» արդեն անցնում էր, ես հանգիստ հայտնվում էի պապիկիս տեսադաշտում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի կերպ չէի կարողանում խոսել նրա հետ: Զանգում էր շատ հազվադեպ, ձայնը հազիվ էինք կարողանում լսել: Եթե անգամ խոսեի, կսկսեի լաց լինել, իսկ լաց լինել չէր կարելի, նույնիսկ արգելված էր: Պետք էր ուժեղ լինել կամ, թեկուզ, թվալ:

Ապրիլի 8-ն էր: Դասից վերադառնում էի տուն: Մտքերով Արցախում էի, երբ հեռախոսիս զանգ եկավ անծանոթ համարից, բայց շատ ծանոթ կոդով: Արցախից էր: Արագ պատասխանեցի և լսեցի ինձ շատ ծանոթ ու հարազատ ձայն՝ ուրախ ու զրնգուն: Ծառայության ընթացքում չի եղել մի օր, որ Դավիթը ընկճված ձայնով խոսի: Միշտ ոգևորում և ուժ է տալիս՝ համբերելու ու հաղթահարելու ծանր օրերի ապրումները: Ուրախությունից չգիտեի՝ ինչ հարցնել: Գիտեմ, որ ծառայության վերաբերյալ արգելված է հեռախոսով որևէ հարց տալ, և երբեք էլ չեմ հարցրել:

-Դավ, գիտե՞ս, բոլորը ձեզանից են խոսում, ձեր հերոսություններն են պատմում:

-Գիտեմ, գիտեմ, կբարևես բոլորին հայ զինվորների կողմից ու փոխանցիր, որ մեր դիրքերը ամուր են ու թշնամու համար անհասանելի:

Հպարտություն, անհանգստություն ու անսահման կարոտ իրար միախառնած՝ անցնում են օրերը, մինչև կգա երկար, շա՜տ երկար սպասված հուլիսի 3-ը:

heghine enoqyan

Ինչո՞ւ չգիտենք

Մոտավորապես երկու տարի առաջ «Այրուձի» հեծյալ ակումբը իր կազմավորման 35-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր շրջագայություն Հայաստանի տարբեր վայրերով: Այդ մասին տեղեկացա համացանցի միջոցով: Խումբը լինելու էր նաև Ապարանի տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ Լուսագյուղում: Պետք է ներկայացվեին ազգային ձիախաղեր, սակայն ձիերի հոգնածության պատճառով իրականացվեց ծրագրի միայն մի մասը՝ խումբը կատարեց ազգային երգեր, պարեր, ցուցադրվեց մոռացության ճիրաններից փրկված ստվերների թատրոն: 

Մեր տարածաշրջանում այսպիսի շրջագայություններ հազարից մեկ են լինում՝ մանավանդ ազգային երգ ու պարով ուղեկցվող: Դպրոցի մուտքի հարթակը վերածվել էր համերգային հրապարակի: Կային մեծահասակներ, դպրոցականներ ու մայրիկներ՝ երեխաներին գրկած: Հենց երգի առաջին հնչյուններից պատանիները շրջան կազմեցին դպրոցի տնօրենի հետ և պարեցին մինչև համերգի ավարտը: Երեկոն վերածվեց իսկական տոնի: Բոլորի աչքերում ուրախություն էր ու կարոտ՝ տոնախմբության, երգի, պարի:

Այս ամենը տեսնելով՝ առաջանում են մի շարք հարցեր: Իսկ մենք ինչո՞ւ ենք տարբեր միջոցառումների ժամանակ պարում ինչ-որ անհասկանալի ծագումով, ազգություն չճանաչող երաժշտության տակ: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ չգիտենք հայկական պարեր, հայկական երաժշտություն՝ կոմիտասյան մշակումներով: Չէ որ ծանր գնով է վիճակվել փոխանցել սերունդներին մեր ազգային նկարագիրը, ստեղծել պետություն ու պահպանել այն: Վերջապես ժամանակն է վերադառնալու մեր արմատներին, վերականգնելու մեր ինքնությունը, տարածելու ու փոխանցելու մերը՝ ազգայինը:

heghine enoqyan

Թատրոնից մինչև ձիավարություն

Ես Հեղինեն եմ: Առաջին հայացքից մարդիկ մտածում են, որ չշփվող և չխոսկան եմ, բայց դա այդպես չէ: Իրականում մտերիմներս շատ կուզեին, որ այդ փաստը ճիշտ լիներ: Ընկերներիս շրջապատում ես ակտիվ եմ, աշխույժ և շատախոս: Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ ընտրել թատերագետի մասնագիտությունը: Նրանց կարծիքով թատերագետը պիտի միշտ բարձր խոսի, քննադատի և վիճի: Բայց մենք վերլուծում ենք, տալիս խորհուրդներ և արտահայտում մեր կարծիքը:

Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ եղել է արվեստի շունչը: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ գրքեր և քննարկել ընտանիքիս հետ: Նվագում եմ դաշնամուր օրվա տարբեր ժամերին, և կապ չունի՝ մեր հարևանները ուզո՞ւմ են լսել ինձ, թե՞ ոչ: Վերջերս սկսել եմ սովորել հայկական պարեր: Մասնակցում էի տարբեր միջոցառումների, ու նախանձով նայում, թե ինչպես են հայրենակիցներս պարում մեր պարերը, ու ինքս ինձ խոստացա, որ անպայման պիտի սովորեմ: Վախենում եմ բոլոր կենդանիներից, և այդ վախը հաղթահարելու համար սկսեցի ձիավարել սովորել: Հենց առաջին օրն ընկա զվարճալի պատմության մեջ: Մի քանի շրջան պտտվելուց հետո, երբ եկավ իջնելու ժամանակը, գլուխ բարձրացրեց վախը, բայց այս անգամ՝ արդեն բարձրությունից: Ձիուց մինչև գետին ընկած հատվածը ինձ ահռելի տարածություն էր թվում: Չնայած ներքևում գտնվողների հորդորներին՝ չէի էլ պատրաստվում իջնել, երբ վերջապես ինձ օգնության հասան:

Սիրում եմ շրջել Հայաստանի տարբեր վայրերում, լուսանկարել և ուսումնասիրել պատմամշակութային կոթողները: Հայաստանի ամեն մի գողտրիկ անկյունում անսպասելի կարող ես բացահայտել մի ամբողջ դարաշրջանի պատմություն: