Երկիրդ ո՞վ պիտի պահի

Նժդեհյան գաղափարներով դաստիարակված ու մեծացած 20-ամյա Արտաշես Հակոբյանը մայր հողին ամուր կանգնած ու մեծ հայրենասեր էր։ Երբ խոսում էին Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում, ասում էր․ «Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի։ Եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի»:

Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, երկու ամիս էր մնացել զորացրմանը։ Անհամբեր էր սպասում տուն գնալուն։ Քույրը՝ Մարիամը, հիշում է․ «Զանգում, ասում էր՝ մեռնեմ քեզ, ի՞նչ կա, ո՞նց ես, կարոտել եմ բոլորիդ, մի քիչ մնաց, ու գալու եմ, բոլորիդ հետ լինեմ, բոլորիդ կողքին»։ Հայրենապաշտ Արտաշեսն այժմ բոլորի կողքին է իր երկնային ներկայությամբ։

Արտաշեսը դիպուկահար էր։ Սակայն իր զենքից բացի կրտսեր սերժանտը տիրապետում էր նաև մի քանի այլ զինատեսակի։ 44-օրյա պատերազմի օրերին հերոսաբար կռվում էր ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Թաղավարդ, Քերթ, Ավետարանոց, Կարմիր Շուկա։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ այդ օրերին ընկերների հետ ոչնչացրել էր թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։

Ընկերասեր ու հավասարակշռված Արտաշեսի քույրը պատմում է, որ թեև եղբայրն իրենից փոքր էր, բայց այնքան հասուն էր, որ միշտ ինքն էր եղբորից խորհուրդ հարցնում:

«Մի օր Արտաշեսը մորս հարցրեց, թե որն է հոգևոր սնունդը։ Մայրս օրինակներով բացատրեց։ Մի քանի օր հետո մայրս աշխատանքից ուշ եկավ տուն ու շատ անհանգիստ էր՝ մտածելով, թե քաղցած ենք մնացել։ Տուն մտնելուն պես արագ անցավ խոհանոց ու սկսեց պատրաստել։ Եղբայրս գնաց, նստեց խոհանոցում ու մորս հույս տվեց. «Մամ ջան, մենք այսօր հոգևոր սնունդ ենք ստացել, դա ավելի կարևոր է», – հիշում է Մարիամը։

Վերջին անգամ Արտաշեսը տուն էր զանգել հոկտեմբերի 28-ին, իսկ նույն օրը, երբ արդեն վիրավոր փորձում էր հրամանատարին փրկել, նրան գտավ թշնամու ԱԹՍ-ն, և Արտաշեսն անմահացավ։

Մարիամը չի մոռանում եղբոր առաջին սեպտեմբերի 1-ը. «Երբ եղբորս 1-ին դասարան ուղեկցեցինք, ուսուցչուհին ասաց՝ գնացեք, 2 ժամից կգաք՝ երեխաներին տանելու։ Մեր տունը դպրոցին մոտ էր. որոշեցինք անակնկալ պատրաստել, հետո գնալ նրան բերելու։ Դեռ 1 ժամ չէր անցել, հանկարծ դռան թույլ թակոց լսեցինք, մայրս դուռը բացեց, տեսանք եղբորս՝ շեմին տխուր կանգնած։ Մայրս գրկեց, համբուրեց, շնորհավորեց մուտքը դպրոց, իսկ Արտաշեսն արցունքակալած աչքերով մորս պարանոցը գրկել ու բաց չէր թողնում՝ անդադար կրկնելով. «Մա՛մ, բոլորին տարան, դու չկայիր, էլ երբեք ինձ մենակ չթողնես, մա՛մ ջան»։ Մորս մտքից մինչև հիմա դուրս չեն գալիս Արտաշեսի խոսքերը. «Էլ ինձ երբեք մենակ չթողնես, մա՛մ»»։

Արտաշես Արմանի Հակոբյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։