Զարմանալի են այս մարդիկ, նույնիսկ կասեի շատ զարմանալի, բոլորը ասում են, թե իրենք հասարակ են, բայց նրանք երբեք այգուց երիցուկ չեն քաղի: Կգնեն թանկարժեք վարդեր: Բոլորը ասում են, թե սիրում են գիրք կարդալ, բայց համոզված եմ, վերջին գիրքը նրանք կարդացել են մոտ երեք տարի առաջ: Կամ քայլելիս նկատում եմ, որ ձեռքին պահած գրքի շապիկի գույնը համընկնում է պայուսակի գույնի հետ… Եվ վատն այն է, որ նույնիսկ վերնագիրը չգիտեն:
Զարմանալի են այս մարդիկ: Բոլորը կարծում են, թե իրենք նկարիչներ են և խոսում են այնպիսի նկարների մասին, որոնք չեն տեսել:
Ես կարծում եմ, որ մարդիկ միայն պետք է խոսեն այն մասին, ինչից լավատեղյակ են: Կամ ինչի մասին կարող են մոտավորապես կարծիք կազմել: Երբեմն, չէ հաճախակի, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խոսում են վեհ բաներից: Օրինակ, խոսում են մշակույթից, թատրոնից, կինոյից: Խոսում են այնպես, կարծես իրենցից բացի ոչ մեկը չի կարող գաղափար կազմել դրանց մասին:
Կամ երբ պատերազմ չտեսած երիտասարդը կոչումներ է ստանում, երբ պատերազմում կռված մարդիկ չունեն ոչինչ բացի անգործությունից և պատերազմի թողած ծանր հետևանքներից:
Կամ ամեն երրորդ մարդ դառնում է քաղաքագետ: Անարդար է, բայց փաստ է:
Երանի մի օր մարդիկ հասկանան այս կյանքում իրենց դերը և կոչումը: Եվ միայն այդ ժամանակ չեմ զարմանա մարդկանց վրա և չեմ ասի` ինչ զարմանալի են այս մարդիկ: