Քաղաք, որի փողոցային լապտերները վառվում են յոթին, բայց անջատվում տասնմեկին, երբ դեռ կեսգիշեր էլ չէ: Գուցե հենց նրա համար, որ այստեղ օրը հենց այդ ժամին էլ ավարտվում է: Բայց հետո փորձեցի պատկերացնել, թե այստեղ այդ ժամին ուր կարող եմ գնալ, և հասկացա , որ եթե այստեղ քիչ են ժամանցային վայրերը, էլ ում են պետք գիշերային լույսերը: Չկան շատ ժամանցային վայրեր գուցե հենց այն պատճառով, որ Աշտարակը հեռու է մայրաքաղաքից ընդամենը քսան կիլոմետր, և մարդիկ կարիք չեն զգում կառուցել առանձին Աշտարակին հատուկ վայրեր:
Ու թեպետ քաղաքը աչքի չի ընկնում նեոնային լույսերով, և թվում է, թե մեռած է, բայց առավոտը այստեղ մաքուր օդով է, իսկ նրանց, ում հաջողվել է ապրել հենց Քասախ գետին շատ մոտ՝ նաև գետի ձայնով: Այստեղ կան փողոցներ, որտեղով կարելի է քայլել, և երկինքը այնքան էլ տեսանելի չլինի, որովհետև երկու կողմերից փակում են հնամյա ծառերը:
Աշտարակը լեռնային եկեղեցիներով, ասֆալտով, ժամանակակից ավտոմեքենաներով և խանութներով քաղաք է, որտեղ կարելի է լսել նաև աքլորի կանչ: