Արձակուրդների վերջին օրն էր: Այդ ամբողջ օրը անցկացրի սոցիալական կայքերում, գրում էի ընկերներիս` բամբասում էինք, նկարներ և տեսահոլովակներ էինք տեղադրում ցանցում, հետո էլ այդ նկարները և տեսահոլովակները քննարկում: Օրս շատ աննկատ անցավ, նույնիսկ չէի նկատել, որ արդեն երեկո է: Իսկ երեկոյի մասին էլ ինձ հիշեցրեց իմ ընկերուհին, որը եկել էր մեր տուն, որպեսզի գնանք զբոսնելու:
-Հայ, հերիք ա, անջատիր ինտերնետը: Արի գնանք զբոսնելու, ինձ հրելով աթոռից ասում էր նա:
-Հա, հա: Հեսա սպասիր՝ տեսնեմ ինչ է եղել Աննային, ինձ տխուր «սմայլ» է ուղարկել:
-Լավ, բայց ընդամենը հինգ րոպե,- ասաց նա և նստեց կողքս:
Մենք երկուսով սկսեցինք գրել մեր ընդհանուր ընկերներին, չնկատելով, թե ինչպես թռավ ժամանակը: Հանկարծ ընկերուհուս մայրը զանգահարեց.
-Մայ, որտե՞ղ եք:
-Մամ, զբոսնում ենք,- ասաց նա՝ թաքցնելով, որ մենք տանն ենք և գրում ենք մեր ընկերներին, որոնք նույնպես պետք է գնային զբոսնելու: Սակայն, երբ մտել էին համացանց, նույնպես ժամանակի մասին մոռացել էին: Բայց եթե նրա մայրը իմանար, որ ինտերնետում ենք, կարգելեր դուրս գալ տնից կասեր, որ համացանցից նա կարող է օգտվել նաև տանը:
-Տուն արի, արդեն ուշ է:
-Լավ շուտով կգամ,- ասաց նա ու կախեց լսափողը,- Հայ, ես գնում եմ տուն, մայրս կանչում է:
-Լավ,- մի պահ հայացքս կտրելով համակարգչից ասացի ես:
- Հայ, մենք էլի չզբոսնեցինք,- փնթփնթալով ասաց նա:
-Խոսք եմ տալիս, վաղն անպայման դուրս կգանք զբոսնելու,- ասացի ես և ճանապարհեցի նրան մինչև դուռը, հետո էլի վերադարձա սենյակ և կրկին նստեցի համակարգչի առաջ: