Տատիկիս պատմությունները

 

Լրիվ պատահական որոշեցի տատիկիցս հարցազրույց վերցնել ու տատիկս համաձայնեց: Եվ քանի որ անպատրաստ էի, հարցերս ցաքուցրիվ էին, բայց կարողացա մի քանի հետաքրքիր պատմություններ կորզել նրանից: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Ջանգյուլումի տոնը տատիկիս հուշերում

-Տատ, ջահել ժամանակ ի՞նչ տոներ եք նշել, որ հիմա այդքան էլ շատ չեն նշում:

-Ջահել վախտ ջանգյուլում կար, հիմիկվա երիտասարդությունը ջանգյուլում չի խաղում: Իսկ ես սկսեցի արդարանալ.

-Բայց մենք խաղացել ենք, տատ: Երբ փոքր էինք, մեր շենքի տարիքով մեծ աղջիկները կազմակերպում էին և մեզ մասնակից էին դարձնում այդ հետաքրքիր տոնին:

-Հա~, մենակ փոքր ժամանակչէ,- ասաց տատս:
-Լավ, լավ, տատ, կասես` ի՞նչ էիք անում տոնի ժամանակ:
-Էտ ժամանակ ծաղիկներ էինք հավաքում, էտ ջանգյուլումներով պսակ էինք գործում, հետո գցում էինք ջուրը, տղերքը բռնում էին` ասում էին. «Ով որ բռնի, նրա հետ էլ կամուսնանանք»:
-Իսկ հետո՞:
-Հետո: էլ ի՞նչ ասեմ: Օրինակ, ջանգյուլումը հիմա մեր նման չեն խաղում: Հիշում եմ, էն ժամանակ գյուղի երկար մազերով աղջիկները թղթեր էին գրում-գցում կճուճների մեջ, տենց ոնց որ բախտներն էին էլի գուշակում: Հետո տղաներից վերցնում էին կճուճների միջի թղթերից ու տենց գուշակում էին, թե ով ում հետ կամուսնանա:
-Հետո տոնախմբություն չէի՞ք անում:
-Հա, հետո քեֆ էինք անում: Էն ժամանակ ջանգյուլումին անպայման պիտի բրինձ պատրաստեին: Բրինձ էինք եփում, ձուն ջարդում էինք վրան: Հետո էլի ուտելիքներ, թխվածքներ էինք պատրաստում:
-Դրանք դո՞ւք էիք պատրաստում, թե ձեր ծնողները:
-Չէ, ամեն ինչն էլ մենք էինք եփում, դե մեծ աղջիկներ էինք: Հավաքվում էինք մեկի տանը ու մինչև գիշեր քեֆ էինք անում:
-Ի՞նչ ձևով էիք նախապատրաստվում:
-Աղջիկներվ գնում էինք ջանգյուլում էինք բերում Ծաղկաձորի անտառից: Հետո հավաքվում էինք մեկի տանը, պսակներ ու ուտեստներ էինք սարքում:

 

Լողալ…

Տատիկս Ջրառատ գյուղից է, ու գյուղի տարածքով է հոսում Հրազդան գետը: Այն ժամանակ, ինչպես շատ երեխաներ, տատիկս ևս շատ է սիրել լողալ գետում:

-Շատ էի սիրում լողալ: Էն ժամանակ Ազնիվ տատին (տատիկիս մայրը) ջղայնանում էր վրես: Էնքան էի լողում, որ աչքերս լրիվ արյունոտվում էին: Որ լողանալուց ջուր էր լցվում ականջներս, մի ոտքի վրա թռնում էինք, հետո ձեռքով խփում էինք ականջներին, ջուրը գալիս թափվում էր: Էն ժամանակ մի հատ կամուրջ կար, շատ փոքր էր ու լրիվ ջարդված-փշրված էր: Որ ձմեռը դրա վրայով գնում էինք, մեկ էլ տեսար, մեկի ոտքը սղում էր, ու ոտքը մտնում էր փոսը: Կանգնում էինք կամուրջի վրա ու թռնում էինք ջրի մեջ: Աչքերներս փակ մտնում էինք ու, որ գլխի վրա մտնում էինք, չէ, աչքերներս արյուն էր լցվում:

 

Տատիկիս ընտանիքը

Տատիկիս ընտանիքի մասին քիչ բաներ գիտեի և որոշեցի առիթից օգտվել և իմանալ ավելին:
-Տատ, մի քիչ կպատմե՞ս քո ընտանիքից:
-Պապաս թվաբանության դասատու ա եղել, դե, էն ժամանակ հանրահաշիվ չէր, թվաբանություն էր: Հետո ժողկրթբաժնում ա աշխատել, եղել ա ֆինբաժնի ավագ տեսուչ: Մամաս լավ երգել ա:
-Իսկ ինչպե՞ս են ծանոթացել մամադ ու պապադ:
-Էն ժամանակ մամայենքս ճանաչված են եղել գյուղում, ունևոր են եղել, բայց պապայենքս` էդքան էլ չէ: Հետո հանդիպել են, էլի, դե, մի գյուղից են եղել:
-Քանի՞ երեխա եք եղել:
-5 երեխա ենք եղել` 4 քույր, 1 եղբայր:
-Էն ժամանակ, որ ոչ հեռուստացույց, ոչ ինտերնետ ա եղել, ինչո՞վ եք զբաղվել ամբողջ օրը:
-Պապաս առավոտից գնում էր գործի, գիշերը նոր գալիս էր տուն: Մամաս էլ ամբողջ օրը տան գործ էր անում, մեկ-մեկ անտառ էր գնում: Մենք էլ էինք հետը գնում. մասուր էինք հավաքում, տանձ էինք բերում, լոբիները տնկելու համար փայտ էինք բերում: Մի անգամ արջ էինք տեսել ու ահավոր վախեցել էինք, բայց մեր հարևանը ասեց, որ արջ չի եղել, ինքն ա եղել, բայց դե խաբում էր` մեզ հանգստացնելու համար: Էլ ի՞նչ ասեմ: Պապաս տարիքով մեծ ա եղել մամայիցս: Գնացել ա կռիվ, 8-ը տարի մնացել ա այնտեղ:
-Իսկ մեդալներ ստացե՞լ ա:
-Մեդալներ շատ-շատ ուներ:
-Մի քիչ էլ քույրերիդ մասին պատմի:
-Էս Ազնիվ տատին (տատիկիս մայրը) սիրուն երկար շորեր ուներ, քրերով հագնում էինք, գնում-մտնում էինք գետի ջուրը, լողում էինք, իսկ հետո մաման, իհարկե ,բարկանում էր մեզ վրա:
-Դպրոց կա՞ր, տատ:
-Հա, մի տարի մի հատ սեփական տուն ենք գնացել: Այդտեղ մենակ առաջին դասարանցիներն էին սովորում, բայց երկրորդ դասարանից տեղափոխվեցինք դպրոց` 5-րդ դպրոցն էր:

Քիչ հետո տատս այլ թեմայից է խոսում:

-Պապայիս եղբորն են աքսորել: Ինքը հեղափոխական էր: Կասկածել են որոշ գործերի մեջ, բանտ ա նստել, հետո արդարացրել են: Բայց, որ դուրս ա եկել արդեն, հիվանդ ա եղել: Էտ հորեղբորս տղան շատ լավ ա սովորել: Գիտական աշխատող ա եղել ու շատ լավ նվերներ ա ստացել: Օրինակ, փոքր հեռուստացույց: Էտ եղել ա սրանից մի 40-50 տարի առաջ, էն ժամանակվա համար էտ մեծ բան էր`էն ժամանակ քչերը հեռուստացույց ունեին: Երբեմն տատիկիս պատմությունները լսելը ինձ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն ժամանակաշրջանի մասին, որը եղել է մեզանից բազմաթիվ տարիներ առաջ և զգալ, թե ինչպես են ապրել մարդիկ այն ժամանակ: Գուցե նրանց կյանքը չի ունեցել այն հարմարություններն ու դյուրությունները, որոնք մենք ունենք այսօր, բայց այն ևս ունեցել է իր հետաքրքրությունները: Եվ, միգուցե, օրերից մի օր ես ինքս կպատմեմ թոռնիկիս իմ կյանքի մասին, և այն նրան չի թվա այնքան ժամանակակից, որքան իր կյանքը: