Հիմա, երբ բոլորդ արդեն պլանավորում եք ձեր ամառային հանգիստը, կամ ինձ նման ոչ մի բան էլ չեք պլանավորում, կուզենամ խոսել այս մեծ մոլորակի մի գողտրիկ ու ինձ համար անգին տարածքի՝ Ամասիայի մասին:
Ամասիան գյուղ է ՀՀ հյուսիսային սահմանում: Շիրակի Բազեն լավ ասում է․ «Բնականաբար, դուք չեք ճանաչում Ամասիան այսքան գեղեցիկ, որովհետև չեք բացահայտել այն ձեր սեփական աչքերով»: Այլևս չեմ վիճի ձեզ հետ, կտամ ևս մեկ հնարավորություն բացահայտելու Ամասիան, մի քիչ էլ ջիջիլ կգցեմ:
Մի սիրիահայ ընկեր ունեմ, անցած տարի մայիսին որոշեցինք Երևանից ուղևորվել Ամասիա մի քանի օրով, իմիջիայլոց, գաղափարը և ցանկությունը իրենն էր, որովհետև ինձ մոտ ակտիվ քննական շրջան էր, ժամանակ չունեի Ամասիայում անցկացնելու, բայց քանի որ Մաիդը շատ էր ուզում, գնացինք:
Երբ մոտենում էինք Ամասիային, իջեցրել էինք մեքենայի պատուհանները ու քամու ներքո վայելում էինք դրախտը: Ճանապարհն սկզբում անցնում էր կանաչ անտառով, ապա՝ դաշտերի միջով, դաշտերը բազմերանգ ծաղիկներով էին լիքը՝ մանուշակագույնից աստիճանաբար դեղին, ապա դաշտը ներկվում էր սպիտակ, ու ծաղիկները՝ իրենց բարակ ցողուններով, քամու ուղղությամբ թեքվում էին, շորորում։ Այս տեսարանը պատկերացնել է պետք: Ես այդպիսի պահերին լռեցնում եմ միտքս ու տրվում բնությանը ու ձայներին: Իսկ Մաիդը կողքիս ասաց կամաց․ «It’s a part of paradise»: Ես հասկացա, որ դա այն էր, ինչ պետք էր ասել հենց այդ պահին, բայց քանի որ ես բառիս բուն իմաստով անջատված էի, իմ մտքով էլ չէր անցել, որ կարելի է վերնագրել տեսարանը:
Մենք զբոսնեցինք անտառներով, այգիներով, հետո իրար հետ կով կթեցինք՝ ես էլ, ինքն էլ առաջին անգամ էինք մասնակցում էդ պրոցեսին: Հետո այդ կաթը զտեցինք, ստացանք թթվասեր, իսկ մնացած մասով պանիր պատրաստեց հորաքույրս: Ես ու Մաիդը շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք գյուղում, ապա երկու օրից վերադարձանք Երևան։ Ես էլ չեմ մանրամասնի, որ անակնկալների մասը ապահովեմ:
Իսկ հիմա խոսեմ այն 10 պատճառների մասին, որոնք ներկայացրել է Շիրակի տուրիզմի զարգացման կոմիտեն, և մեկնաբանեմ դրանք «ամասիերեն»:
1. Դուք կարող եք լինել այն եզակիներից, ում բախտ կվիճակվի այցելել բրդի վերամշակման արտադրամաս և բրդից սեփական ձեռքերով թել ստանալ:
Ես իմ կամավորական խմբի հետ մի քանի տարի առաջ մի քանի տարի շարունակ զբաղվել եմ բրդի վերամշակմամբ, ինչպես նաև թաղիքագործությամբ:
Սա յուրահատուկ գործընթաց է. բուրդը լվացվում է, ապա գզում ենք, հատուկ կաղապարներով այն վերածում թաղիքի: Սա էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու ամենահավես եղանակներից է:
2. Ամասիայում Ձեր լուսանկարների գունագեղությունը կապահովեն Ամասիայի Հարավսլավական թաղամասի գեղեցիկ ու գունավոր տները։ Դուք միայն Պորտուի գունավոր տներն եք տեսել:
Այո, մենք ունենք նման թաղամաս, ու այս թաղամասի ամենագրավիչ հատկանիշը, ըստ իս, դրա՝ սարերի մեջ ծվարած լինելն է: Ասենք՝ ինչպես Ալպերում, այդպես էլ Ամասիայում: Գժական է, չէ՞։
3. Ամասիան հրաշալի հնարավորություն է տալիս հայտնի մարդկանց հետ հանդիպելու և լուսանկարվելու: Այստեղ մինչ օրս պահպանվել է Սովետական միության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը։
Այս արձանը տեղադրվել է մեր շենքի բակում, մեր հարևան Մուշեղ ձյաձյայի ջանքերով: Հիշո՞ւմ եք Մաիդին, նա, օրինակ, նույնիսկ չգիտեր՝ Լենինն ով է, իսկ պապիկս, որը հոգով-սրտով կոմունիստ է, պատմեց Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին, երգեց, բեմականացրեց, Մաիդն էլ հիացած լսում էր։
4. Քայլարշավի սիրահարներին սպասում են Ամասիայի լեռները, բնության հրաշքներ համարվող դողդոջուն կաղամախու ծառուտները և փետրախոտային տափաստանները։ Դուք կզգաք Ձեզ մայր բնության մի մասնիկը։
Իհարկե, ես դողդոջուն կաղամախի, բան չգիտեմ, բայց ճիշտը էն ա, որ կձուլվեք բնությանը: Ես, օրինակ, ունեմ իմ տեղերը, որտեղ ստեղծագործում եմ կամ ուղղակի հանգստանում:
5. Zip-line-ով թռչելու և էքստրիմի սիրահարները ևս անմասն չեն մնա, Կապսի ձորում էքստրեմալ գրավչությունները սպասում են ձեզ։
Էս Կապսի ձորի ավանդական անունը Աղասնոց է: Դրա նախկին տերը՝ Աղասին, իր ձեռքերով է հիմնադրել ամենը, և անգամ պատմում են, որ ինքն էր պատրաստում ամեն ինչ՝ մշակում մսեղենը, պատրաստում երշիկեղենը, վառում վառարանները և այլն:
6. Եթե ցանկանում եք վայելել տարվա 4 եղանակների յուրահատկությունները, ապա անպայման պետք է Ամասիայով այցելեք Արփի լիճ ազգային պարկ։
Արփի լճի մասին սուս եմ: Մենակ կասեմ՝ հիշո՞ւմ եք, որ Մաիդն ասում էր՝ It’s a part of paradise, այ սա հենց էդ շարքն է:
7. Տեսնելու Եռակատար լեռը, որը գտնվում է 3 երկրների տարածքում, ունի 3010 մետր բարձրություն:
Այո:
8. Պատմության հետքերով գնալու համար կարող եք այցելել Բանդիվան՝ տեսնելու կիկլոպյան ամրոցներ, քարանձավներ, ջրաղացների մնացորդներ և զգալու միջնադարյան կառույցների գրավչությունը։
Սա իմ ու եղբորս սիրելի վայրերից է, մենք մինչ օրս փորձում էինք օգտվել գյուղից գյուղ խոսելու իրենց տեխնիկայից, բայց չենք կարողանում, էլի: Հսկայական ժայռեր, ժայռերի մեջ անձավներ, փոքրիկ արահետներ, աղբյուրներ, հսկայական դարպասներ: Սա հրաշք է:
9. Թռչնադիտարկման, ինչպես նաև հաստածղրիդների երգեցիկ ձայնը լսելու համար հրաշալի վայր է Ախուրյանի կիրճը, որը սկիզբ է առնում Արփի լիճ ազգային պարկից։ Որսի թույլատրելի շրջանում հնարավոր է նաև ձկնորսություն՝ ըստ պահանջի։ Այստեղ հանդիպում են բեղլու, ծածան տեսակի ձկներ։
Օրինակ՝ ես համարյա միշտ զբաղված եմ թռչնադիտարկմամբ կամ ունկնդրմամբ, բայց երբեք դրան գիտական նշանակություն չեմ տվել:
10. Կարող եք ծանոթանալ նաև Ամասիայի ռոբոտաշինության խմբակի հզոր փոքրիների հետ։
Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ մեր երեխեքը ֆենոմենալ երեխեք են: Խելացի, տաղանդավոր, շնորհքով, աշխատասեր, հետաքրքրասեր, ստեղծարար, մաքուր, անկեղծ: Տաղանդ են, ես սիրում եմ Ամասիայի երեխեքի հետ աշխատել:
11. Կարող եք այցելել Ամասիայի լավաշի արտադրամաս և համտեսել անուշաբույր լավաշ։
Արտադրամասը գտնվում է գյուղի հրապարակի մոտ, և ամբողջ կենտրոնը լցված է լավաշի անուշ բույրով:
12․ Հյուրընկալվել Դավիթ Ալեքսանյանի հյուրատանը, ինչպես նաև մասնակցել ջիպ-տուրերին:
Էս մարդու հետ ջիպ-տուր է անգամ կենտրոնական փողոցով երթևեկելը:
Սա ձեզ փոքրիկ ուղեցույց-մոտիվատոր:
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Հուսանք շատ շուտով կստանանք նոր լուսանկարներ գարնանային դրախտային Ամասիայից: