Երբ ես փոքր էի, ինձ զարմացնելն անչափ հեշտ էր։ Ես միշտ իմ տարիքի աղջիկներից տարբերվել եմ։ Չեմ սիրել երկար մազեր, չեմ սիրել պարել, չեմ սիրել վարդագույնը, չեմ ցանկացել լինել արքայադուստր, դեռ ավելին՝ դասարանցիներիս խաբում էի ու ասում՝ իբր գնում եմ կարատեի, մազերս ձգտում էի կարճ կտրել, աղջիկների հետ խոսելու ընդհանուր թեմաներ կարծես թե չունեի, իսկ տղաներին անդադար նեղացնում էի։ Ու ծնողներիս միշտ խնդրում էի, որ ինձ տանեն կարատեի։ Հա՜, մոռացա ասել, որ այդ ժամանակ 9 տարեկան էի։ Փոքր էի, չէ՞։ Ինչպես ասում է տատիկս՝ «մեյմուն» եմ եղել։
Ծնունդիցս օրեր անց հայրս, ձեռքիցս բռնած, ինձ տարավ որևէ «սպորտի տալու»։ Սկզբում ոտք եմ դրել մի սպորտդահլիճ, որտեղ ձյուդո էին պարապում, ու սարսափահար փախել եմ, հետո՝ ըմբշամարտ, հետո՝ սամբո։ Շարունակ վախկոտի նման փախչում էի։ Շուտով հայրիկիս հետ առաջին անգամ ոտք դրեցի մի սպորտդահլիճ, որտեղ առաջին անգամ տեսա հիմա ինձ արդեն հարազատ ուսուցչիս և ընկերներիս։ Տարիները ձգվում էին մեկը մյուսի հետևից, և արդեն 7 տարի է, ինչ ես զբաղվում եմ կարատեով։
Ջեյ Քեյ Էյ (JKA) Արմենիա շոտոկան կարատեի ֆեդերացիան միակ և բացառիկ կարատեի կազմակերպությունն է, որը համալսարաններում և միջազգային կառույցներում ևս սկսեց անցկացնել պարապմունքներ և մարզումներ։
1957 թվականին Ճապոնիայում տեղի ունեցավ JKA-ի առաջին կարատեի առաջնությունը։ Այս ընթացքում կարատեի ուսուցման համակարգը ապրեց իր հետագա զարգացումն ու մշակումը և ընդլայնեց իր մասնաճյուղերը ողջ Ճապոնիայի տարածքով։ 2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սևակ Հակոբյանը պաշտոնապես գրանցեց JKA Armenia-ի Ամերիկյան մասնաճյուղը, որը ստեղծեց սպորտային յուրահատուկ կամուրջ երկու երկրների միջև։ Ես շատ շնորհակալ եմ մարզիչիցս՝ Տիգրան Կարապետյանից, որ ծնողներիս հետ հավասար դաստիարակեց ինձ և սիրեց հարազատ աղջկա նման։ Լինելով նրա սանը՝ ծանոթացա ուրիշ տարբեր մարզիչների հետ, որոնցից շատ բան վերցրի և դեռ վերցնում եմ։ Սևակ Հակոբյանը նույնպես, և՛ ուսուցիչ է, և՛ ընկեր, լավ մարզիչ, և՛ ուղղակի սպորտին նվիրված մարդ։ Նրանք երկուսով բացեցին իմ առջև մի ճանապարհ, որով ես որոշել եմ ուղղորդվել ողջ կյանքիս ընթացքում։