Համարյա երեք ամիս առաջ Կադիսի համալսարանից հրավեր ստացա ու իմացա, որ Էրազմու+ ծրագրի կրթաթշակ եմ ստացել և փոխանակման ծրագրով կես կիսամյակ պիտի սովորեմ Կադիսում: Ծրագրի և ծրագրին դիմելու ընթացքի մասին հավանաբար ավելի մանրամասն կանդրադառնամ իմ մյուս նյութերում: Հիմա, երբ ուզում եմ պատմել Կադիսի մասին, առաջին բանը, որ գալիս է մտքիս այն է, թե ինչպես էր մեր ինքնաթիռը վայրէջք կատարում Մադրիդի օդանավակայանում, ինչպես էր ամբողջ ճանապարհին Մանեն կրկնում, որ չի հավատում, որ իր երազանքը կատարվում է, ու թե ինչպես անտարբեր հայացքով պատասխանեցի, որ ինձ համար Իսպանիան երբեք էլ երազանք չի եղել, չնայած… ո՞վ գիտի…
Կադիսում չկան օրինաչափություններ: Կարծես` այստեղ ոչ մի բան չի կրկնվում: Ամեն ինչ քեզ ստիպում է հասկանալ, որ կյանքում չկան ցիկլիկ ալգորիթմներ, որ ամեն ինչ պահի զգայական ընկալման մեջ է: Թվում է` չկա գոյաբանական ժամանակ, որից դու կարող ես ուշանալ կամ ժամանակից շուտ հասնել. ամեն ինչ քո ժամանակի մեջ է: Հենց այդ անցողիկության զգացումն է, որ երբեմն դրդում է վավերագրել ժամանակը, պահել ամեն մի րոպեն նոթատետրիդ էջերում:
… Փետրվարն անցավ, մարտն էլ համարյա վերջանում է: Օվկիանոսն արդեն երկրորդ անգամ է հետ ու առաջ անում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ մի շիշ գինի ենք վերցնում ու գալիս Լա Կալետա: Օվկիանոսը էլի հետ է գնացել` ափին թողնելով խեցիների, կորալների կտորտանքներ: Ձկնորսների փոքրիկ նավերը անփույթ «շպրտվել են» ափին` կածես ամբողջացնելու այդ անհոգ տեսարանը: Օվկիանոսը, թվում է, չի շարժվում. միայն տեղ-տեղ շերտատվող ջուրը հուշում է, որ ինչ-որ շարժում կա, փոփոխություն: Թաց ավազի վրա տպվել են քաղաքի լույսերը, իսկ լուսինը մեծ ու անփույթ փռվել է օվկիանոսի վրա:
Մենք նստած ենք ափին` լուռ, ամեն մեկս մեր մտքերի հետ:
-Երեխե´ք, էն ի՞նչ լույսեր են,-լռությունը խախտեց Մանեն:
-Երևի Ամերիկան ա… կամ Աֆրիկան,-գինու վերջին մնացորդները բաժակների մեջ դատարկելով եզրակացրեց Հայկը:
-Երեխե´ք, բա գիտե՞ք, որ Կոլումբոսը Կադիսից ա գնացել Ամերիկա: Այ, էն ծառերը տեսնում եք համալսարանի դիմացի, հա, այ հենց սրանք, ասում են Նոր Աշխարհից ա հետը բերել,-արագ-արագ պատմում էր Լուսոն` քարտեզի վրա փոձելով փնտրել օվկիանոսի մյուս ափը:
Երբեմն-երբեմն կարճ խոսակցություն ենք ունենում, հետո` էլի լռություն: Հինգով նստած ենք կողք կողքի` լուռ, ականջակալներում ինչ-որն երաժշտություն: Մենք ենք, Լա Կալետան, ափին զբոսնող մի քանի զույգեր ու էլի մի մարդ. հավանաբար գրող է: Առաջին անգամ մի քանի շաբաթ առաջ տեսանք ափին: Մանեն, արդեն չեմ հիշում որերորդ անգամ, երբ գալիս ենք Լա Կալետա, շատ համոզված ու նույն չպակասող զարմանքով ավազի վրա փնտրում էր ինչ-որ անցքեր ու.
-Վա՜յ, երեխե´ք, նայե´ք, էս էն ձկներից ա: Եթե աղ լցնենք դուրս կգան: Անունը ի՞նչ էր… չեմ հիշում: ՈՒ՞մ մոտ աղ կա, շուտ. ես պիտի որսամ սրանց:
Ամեն անգամ, երբ Լա Կալետա ենք գալիս Մանեն հիշում էր իր ձկներին ու ամեն անգամ հարցնում, թե ով աղ ունի` կածես թե դա ինչ-որ սովորական ու բնական երևույթ պիտի լիներ, եթե յուրաքանչյուր մարդ իր գրպանում աղ ունենար պահած, բայց ախր ինչու՞… իսկ ինչու՞ ոչ:
Հենց այդ ժամանակ, երբ Մանեի ձկներով էինք տարված, պատահաբար հանդիպեցինք Մարդուն: Պառկել էր ավազին. մտածեցինք մուրացիկ է, հետո տեսանք թուղթն ու գրիչը: Դրանից հետո միշտ տեսնում ենք նրան. նույնիսկ արդեն սովորել ենք նրա մշտական ու արդեն անձնավորված ներկայությանը: Թվում է, թե այդ տեսարանի մեջ ինչ-որ կարևոր դետալ է ներկայացնում: Այստեղ հաճախ կարելի է տեսնել այդպիսի մարդկանց:
Ոմանք գալիս են լուսանկարելու, ոմանք` գրելու, ոմանք` սիրվելու, իսկ ուրշները` վայելու օվկիանոսի ներդաշնակ աղմուկը ու երևի կարոտելու, երազելու կամ նման մի բան: Բայրոնն էլ, երբ համարյա մեր տարիքին էր, ոգեշնչվել էր Լա Կալետայից ու գրել իր բանաստեղժություններից մեկը:
Մեր կյանքի իսպանական շրջանի հետ կապված համարյա ամեն ինչ առնչվում է այս ափի հետ: Ինչ-որ անսովոր կապ կա տեղանքի հետ, որ ամեն օրվա վերջում էստեղ է բերում` վայելեու մթության մեջ նեոնային լույսով ճախրող ճայերի ընթացքը:
Հետ եմ գնում, պառկում սպիտակ թաց ավազին: Մեր ստվերները ինչ-որ կանոնիկությամբ տպվել են գետնին. ինչ-որ խիստ լրջություն կա ստվերների մեջ:
-Երեխե´ք, ինչ-որ շտրիխներ պակասում են:
-Շտրիխները մնացել են Երևանում,- անթարթ, բայց ժպտացող հայացքով պատասխանում է Լուսոն:
Հետո ինչ-որ մեկը առաջարկում է, որ նամակ գրենք թղթի վրա, դնենք գինու շշի մեջ ու նետենք ջրի մեջ: Էլի լռություն է. շարժվում են գրիչները, ինչ-որ բան է խզբզվում թղթի վրա, ինչ-որ կարևոր մի բան: Շիշը էլ չկա. կորավ ալիքների մեջ…
17.03.2017
Ինչ-որ ժամանակ գիշերվա մեջ, Լա Կալետա, Կադիս