Ես Հեղինեն եմ: Առաջին հայացքից մարդիկ մտածում են, որ չշփվող և չխոսկան եմ, բայց դա այդպես չէ: Իրականում մտերիմներս շատ կուզեին, որ այդ փաստը ճիշտ լիներ: Ընկերներիս շրջապատում ես ակտիվ եմ, աշխույժ և շատախոս: Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ ընտրել թատերագետի մասնագիտությունը: Նրանց կարծիքով թատերագետը պիտի միշտ բարձր խոսի, քննադատի և վիճի: Բայց մենք վերլուծում ենք, տալիս խորհուրդներ և արտահայտում մեր կարծիքը:
Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ եղել է արվեստի շունչը: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ գրքեր և քննարկել ընտանիքիս հետ: Նվագում եմ դաշնամուր օրվա տարբեր ժամերին, և կապ չունի՝ մեր հարևանները ուզո՞ւմ են լսել ինձ, թե՞ ոչ: Վերջերս սկսել եմ սովորել հայկական պարեր: Մասնակցում էի տարբեր միջոցառումների, ու նախանձով նայում, թե ինչպես են հայրենակիցներս պարում մեր պարերը, ու ինքս ինձ խոստացա, որ անպայման պիտի սովորեմ: Վախենում եմ բոլոր կենդանիներից, և այդ վախը հաղթահարելու համար սկսեցի ձիավարել սովորել: Հենց առաջին օրն ընկա զվարճալի պատմության մեջ: Մի քանի շրջան պտտվելուց հետո, երբ եկավ իջնելու ժամանակը, գլուխ բարձրացրեց վախը, բայց այս անգամ՝ արդեն բարձրությունից: Ձիուց մինչև գետին ընկած հատվածը ինձ ահռելի տարածություն էր թվում: Չնայած ներքևում գտնվողների հորդորներին՝ չէի էլ պատրաստվում իջնել, երբ վերջապես ինձ օգնության հասան:
Սիրում եմ շրջել Հայաստանի տարբեր վայրերում, լուսանկարել և ուսումնասիրել պատմամշակութային կոթողները: Հայաստանի ամեն մի գողտրիկ անկյունում անսպասելի կարող ես բացահայտել մի ամբողջ դարաշրջանի պատմություն: