Ես հայ ազգին շատ եմ սիրում: Բայց ոչ դրա համար, որ բոլոր հայերը ընդհանրապես շատ լավ մարդիկ են: Ուղղակի իմ շրջապատում՝ իմ գյուղում, վատ մարդիկ շատ քիչ են: Այսինքն, վատ մարդը ընդհանուր է ասված: Եկեք ասենք՝ էն մարդիկ, ում արարքները մնացածին դուր չեն գալիս: Օրինակ, ինձ դուր չի գալիս անտարբեր մարդը: Ուրեմն…
Ուրեմն, ամսի 6-ն էր: Առավոտյան ինձ մի կերպ արթնացրի, իջա կանգառ, նստեցի մեր ավտոբուսը ու գնացի Եղեգնաձոր, որ էդտեղ էլ իջնեմ, նստեմ մի ուրիշ ավտոբուս ու գնամ Երևան: Դե, այդ մասը հետաքրքիր էլ չի: Մենակ ասեմ, որ հետևիս նստած աղջիկը, որ ինձնից երևի մի երկու տարի մեծ էր, ամբողջ ճամփին էդ սփինեռը էնքան ֆռռացրեց, որ արդեն կարող էի վայրկյանով ասել, երբ կֆռռացնի ու երբ կկանգնի: Ինչևէ: Պիտի գնայի համալսարան՝ ատեստատս տալու համար: Ու քանի որ ես գիտեի, որ հաստատ մի բան էն չի լինի, մի տեսակ նույնիսկ հաճույք ստացա, երբ ասացին, որ ինչ-որ ստացական է պետք, որը ես թողել եմ մի 120 կմ-ի վրա: Իհարկե, ես գտա ճարը: Ինձ ասացին, որ նկարն էլ է բավական: Ես էլ դուրս եկա, զանգեցի ընկերոջս ու ասացի, որ գա համալսարանի մոտ: Որովհետև իմ հեռախոսով դժվար նկարը ցույց կարողանայի տալ (ինչ հիանալի է, երբ առանց սմարթֆոնի ես ապրում, հետ ես վարժվում նորմալ կյանքին): Վերջը: Նստել եմ համալսարանի դիմացի նստարաններից մեկի վրա ու նայում եմ գնացող-եկող մարդկանց: Ուրեմն, ամեն ինչ այնպես կատարվեց, որ ես չհասցրեցի էլ տեսնել՝ որտեղից եկան: Մի տատ ու մի իմ տարիքին աղջիկ, իրար թև մտած քայլում էին: Մի կին, 35 տարեկան կլիներ, քայլում էր դեպի համալսարան, էլի ինձնից մի երկու մետրի վրա: Ամեն ձեռքում էլ մի վեց լիքը լցված տոպրակ: Ուրեմն, իրար ընդառաջ էին քայլում: Հասան իրար: Կինը նայեց աղջկան ու ասաց:
-Excuse me.
Մյուս կինն ու աղջիկն իրենց ուղղությունը փոխեցին՝ «на одиннадцать часов»:
-Excuse me?
Կինն ու աղջիկը բանի տեղ չդնելով նրա ասածին, արագ հեռանում էին:
-Hey. I’m not a beggar. I’m a professor at this university.
Էս բառերը ասաց էնքան նեղացած տոնով, որ ես ծիծաղից փորս բռնեցի: Հետո իհարկե, հասա նրան, ու պարզվեց, որ իրեն ուղղակի պետք էր էսինչ շենքը: Նոր էր եկել Հայաստան: Ինչ ափսոս էր: Հայերի մասին առաջին հիշողություններից մեկը վատը եղավ նրա համար: Այ, սրա համար արժի չսիրել հայերին: Իսկ այ, ինչի սիրել…
Ուրեմն նույն օրը գալիս եմ կանգառ, որ նստեմ մեր «գազելը» ու վերադառնամ տուն: Երևանից, էլի: Իմ սովորության համաձայն եկա ու նստեցի էն վերջին անկյունի նստարանին: Տեղ համարյա չէր մնացել. կողքիս երկու տեղ ու առջևի մի ծալովի նստարան: Մի կին երկու տղայի հետ եկավ ու անդորրս խախտելով հարցրեց.
-Ստեղ ազատ ա՞:
-Չէ, ոնց որ:
Մի 10 վայրկյան երեքի ձայնը ցածրացավ, ոնց որ իրար մեջ խորհրդակցեին, ու տղաներից մեկը ասաց.
-Ախպերս, որ խնդրեմ՝ չես հելնի դեմը նստես, մենք նստենք ստեղ:
-Հա,- ասացի,- ինչի՞ չէ որ:
-Ապրես, ցավդ տանեմ:
Հա, ուրեմն դուրս եկա գնացի, նստեցի էն ծալովի նստարանին: Չէի հասցրել պայուսակս նստարանի տակ տեղավորել, մի չաղլիկ կին եկավ ու ցանկություն հայտնեց իմ տեղը նստելու: Ես արդեն ուզում էի ասել, որ էլ տեղեր չկան, իսկ ես ուզում եմ էսօր տուն գնալ, էն էլ մեր վարորդը ինձ առաջարկեց իր կողքին նստել: Ես էլ զարմացած, որ էդտեղ զբաղված չէր, ուրախ դուրս եկա ու նստեցի մի մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկա ու վարորդի արանքը:
Շարժվեցինք: Վարորդը «բարդաչոկից» վերցրեց ծամոնը, մի հատիկ վերցրեց, հետո տուփը տվեց ինձ ու ասաց, որ աղջկան էլ տամ: Մենք էլ շնորհակալություն հայտնելով վերցրինք: Էս մեր վարորդը կարգին մուժիկ էր, ու մենք ուրախ ասել-խոսելով եկանք:
Հետևի նստարաններից մեկին մի չաղ մորքուր էր նստել: Էն տիպիկ քծիպ հայերից: Ուրեմն, մեկ էլ չհասկացա՝ ոնց, տեսնեմ՝ վարորդի հետ վիճում է, թե ինչու են ուղևորները տոմսի գումարը սկզբից տալիս: Մեր հոպարն էլ, առանց հեգնանքը թաքցնելու, ձեռ էր առնում մորքուրին: Մորքուրը, թե.
-Բա էս ո՞ր երկրում ես տեսել տրանսպորտ նստելիս փողը սկզբից տաս: Ամբողջ աշխարհում ֆռռաս, տենց բան չկա, մենակ մեր մոտ ա: Որովհետև անտեր երկիր ա:
-Չէ, այ ցավդ տանեմ: Թարսի պես, օրենքով՝ մարդը իրա տոմսը պիտի առնի ու նոր նստի տրանսպորտ,- հոպարը վառեց ծխախոտը:
-Չկա տենց բան: Հիմա ինձ մի արի բան սովորացրա, էլի: Ոչ մի քաղաքակրթված երկրում տենց բան չկա:
-Բայց չէ, է: Օրենքով առնում՝ նոր են նստում,- կիսաձայն ասացի ես՝ ցույց տալով օգնությունս հոպարին:
-Հա, տղա ջան, ես էլ տենց գիտեմ: Այ, ցավդ տանեմ, օրինակ, որ նստում ես սամալյոտ, էթում-հասնում ես, նո՞ր ես փողը տալի, կամ պոեզ:
-Հա, բայց սամալյոտների պասաժիրներին որ բան ըլնի, էդ ապահովագրման փողերը տալիս են, չէ՞, ընտանիքներին:
Նայեցի հոպարի դեմքին: Քմծիծաղելով գլուխը տարուբերում ու ծտծտացնում էր:
-Է, մորքուր ջան: Հըմի որ Աստված չանի, մի բան ձեզ լինի, կարո՞ղ ա ես փող չտամ: Մի տեղից կճարեմ, կտամ, էլի:
-Նենց էլ խեղճ-խեղճ ես խոսում, ոնց որ փող չես ստանում: Հեսա, էս ռեսը տարար, 20 000-ը կդնես ջեբդ, քեզ ի՞նչ կա:
-Է՜, մորքուր ջան: Բանից բեխաբար ես: Որ իմանաս՝ ցելի օրը 2 անգամ գնում-գալիս եմ Երևան, 5000 փող եմ ստանում:
-Պահ-պահ-պահ…
Էստեղ իրականում մտքիս մեջ ասացի՝ ցավ-ցավ-ցավ…
Իսկ հոպարը ընդհանրապես ոչ իրեն վատ էր զգում, ոչ էլ նյարդայնանում: Մենակ դեմքի հեգնանքով լի ժպիտը ավելի էր լայնանում:
-Է, մորքուր, է՜…
-Հա, ի՞նչ: Ի՞նչ գործ ա, որ: Սաղ օրը քո համար նստած ավտոյի մեջ քշում ես, էլի:
Մեկ էլ հետևից մորքուրի կողքից մի հոպար էլ խառնվեց:
-Խի՞ ես, է, տենց ասում: Էս գործն էլ իրա դժվարությունն ունի: Սրա վեշը տար, դրա վեշը հասցրա, սրան տեղ գտի, էն մեկի մուննաթը տար:
-Հա, դե լավ,- մեղմանալով ասեց մորքուրը,- ես տենց տեղյակ չեմ:
-Բա որ տեղյակ չես՝ ի՞նչ ես մարդու ականջին նստե: Հիմա էս ա էսօրվա դրությունը:
-Է՜, չգիտեմ, է,- մորքուրը մեղմացավ ու արդեն սկսեց խոսքը փոխել,- ախր, էս ի՞նչ անօրեն երկիր ա: Մարդ պետք ա թողնի գնա ստեղից, գլուխը փախցնի: Երկիր չի էլի, հո զոռով չի՞: Ո՞վ ա սենց բան տեսել:
-Դե հիմա՝ էս ա: Պիտի յոլա գնանք,- եզրափակեց հետևիս հոպարը:
-Ժողովրդի ձեռը մի կոպեկ փող չկա, էն վերևներն էլ չգիտեն՝ փողը ոնց ծախսեն:
Ոչ ոք ձայն չհանեց: Նայեցի կողքիս նստող մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկան: Իր դեմքին էլ էր հեգնանքը սառել: Հոպարը կողքիցս արմունկով բզեց.
-Երևի երկիրը երկիր չի,- աչքով տվեց, մի թեթև քմծիծաղ ու գլուխը թեքեց ճանապարհին:
Այ հիմա ասեք՝ մենք մարդ չենք, որ ապրում ենք նման մորքուրներով, տատիկներով ու աղջնակներով լիքը Հայաստանում: Մարդ ենք: Հիմա «յոլա» ենք գնում, էլի: Իսկ իրենց համար Հայաստանը… Է… Երկիրը երկիր չի, էլի: