Գիտե՞ք դպրոցում իմ սիրելի առարկան որն էր: Պատմությունը: Հա: Էն, որ ոչ մեկը չէր ուզում էդ անիծված օրերը հասնեին, ես սպասում էի: Սիրում էի դասերը, երևի էն պատճառով, որ հեշտ եմ միշտ սովորել պատմությունը: Դե, բոլորն էլ էդպես են. ինչը հեշտ է տրվում, միշտ էլ սիրում են: Ես էլ բացառություն չեմ: Հա, հնարավոր ա՝ էդ դասագրքերը ինձ համար միշտ էլ գեղարվեստական գրականության նման բաներ են եղել: Բայց դրա մեջ հեչ էլ վատ բան չկա: Ախր, էնքան հետաքրքիր բաներ կան: Ես միգուցե չեմ հիշում, թե ո՞վ էր Հայոց արքան մեր թվարկության 160 թվականին, բայց փոխարենը գիտեմ, որ Էդվին Հաբլը ծնվել ա նույն թվին, ինչ Հիտլերը ու մահացել նույնին, ինչ Ստալինը:
Ասածս ի՞նչ ա: Առաջին հայացքից էնքան անպետք ինֆորմացիա է կրում իր մեջ էդ պատմություն կոչվածը: Ինչիս ա պետք իմանալ՝ ինչ ա եղել 200 տարի առաջ: Սխալվում եք: Պետք ա: Համ էլ՝ հետաքրքիր ա: Էդ տհաճ վերաբերմունքը պատմության հանդեպ դպրոցական ուսուցումից ա գալիս: Դասերը հաճախ անհետաքրքիր են (իմ բախտը բերել ա էդ հարցում), ու բացի էդ էլ մի մոտեցում կա մեր դասագրքերում: Ես գիտեմ հաստատ, որ սովորելու համար ճիշտ ա սիստեմատիկ դասերը, բաժին առ բաժին: Տենց էլ գրված են մեր դասագրքերում: Հա, էլի եմ ասում. տենց հեշտ ա: Բայց անհետաքրքիր: Դրա համար էլ դասագրքերը մեզ հաճախ մոլորեցնում են: Իրականում պատմությունը շատ ավելի բազմաշերտ ա: Այսինքն կան իրադարձություններ , որոնք շատ ավելի մոտ են իրար, քան ձեզ թվում է: Այ, էդտեղ գալիս ա «պատմության ընկալում» հասկացությունը: Պատմության ընկալումը երևի ամեն մեկի դեպքում տարբեր ա լինում: Հիմնականում մարդկանց մեծ մասի համար պատմությունը մի երկար գիծ ա, որի վրա շարված են իրադարձությունները հերթով: Բայց…
1960-ականների վերջին, երբ մարդկությունն սկսվեց համարվել «տիեզերական հասարակության անդամ»՝ ուղարկելով մարդ տիեզերք, կամ տասնյակ զոնդեր դեպի Լուսին, Մարս, Վեներա. այդ նույն ժամանակ ԱՄՆ-ի 16 նահանգներում (Ֆլորիդա, Տեխաս և էլի ուրիշներ) սևամորթների ու սպիտակամորթների միջև միջռասայական ամուսնությունները օրենքով արգելված էին: Կամ օրինակ, գիտեք, չէ՞, ինչ է գիլիոտինը: Եթե չգիտեք, իմացեք արագ: Ըհը: Վերջին անգամ մահապատիժ իրագործելու համար օգտագործվել ա Ֆրանսիայում նույն թվականին, որին լույս ա տեսել Ջորջ Լուկասի «Star Wars» ֆանտաստիկ սագայի առաջին մասը: Հայրս արդեն 6 տարեկան էր, հեհ… Զարմանալի ա:
Չէ, իրոք: Պատմությունն էսպես տարօրինակ բան ա: Մեկ էլ տեսար՝ էնպիսի բան եղավ ու էն ժամանակ, երբ ոչ մեկը դրան չէր սպասում: Ո՞նց ա հիմա. մարդկության հաշվարկներով Մարսը լրիվ գաղութացնելը 1000 տարվա պատմություն կլինի սկսած մեր օրերից: Բայց հնարավոր ա 100 տարի հետո պատկերը լրիվ ուրիշ լինի: Ի՞նչ 100 տարի: Քանի որ պատմության մասին ենք խոսում, պատմական ակնարկներով ասեմ, էլի: Համ էլ հետաքրքիր ա: Հա, ի՞նչ էի ասում: 100 տարվա պահով: Հա: 1903 թվականին աշխարհահռչակ New York Times-ը մի հոդված հրապարակեց, որի մեջ նշվում էր, որ մարդկությունը չի կարող ստեղծել թռչող մեքենաներ մոտակա 1-10… միլիոն տարիների ընթացքում: Իսկ նույն թվականի դեկտեմբերին Ռայթ եղբայրները (Օրվիլն ու Ուիլբուրը) վերցնում ու Հյուսիսային Կարոլինայում մարդկության պատմության մեջ առաջին թռչող մեխանիզմով թռիչք են կատարում: 1908-ին էլ պնդվում էր, որ ոչ մի թռչող մեխանիզմ երբևէ չի կարողանա Նյու Յորքից հասնել Փարիզ: Ո՞վ էր ասում էդ կատարյալ ապուշությունը: Օրվիլ Ռայթը: Հիմա ի՞նչ՝ երևի կասեք դուք: Ոչ մի բան: Ուղղակի օրինակ եմ բերում, թե ինչքան անկանխատեսելի ա պատմության ընթացքը: Ամեն ինչ շատ ավելի խառն ա պատմության մեջ, քան դպրոցում ենք սովորել:
Ես միշտ էլ էն կարծիքին եմ եղել, որ ոչ թե պատմությունն ա կերտում կերպարներ, այլ կան էնպիսի կերպարներ, որոնք կերտում են պատմությունը իրենց գոյությամբ ու գործերով: Սենց: Էլի չեմ հիշում ով ա ասել (ոնց-որ նկարիչ էր), բայց մի միտք ա ասել, որ հարյուրավորների հետ հաճախ պտտվում ա ուղեղումս: Ասում ա՝ մարդը կարող է մահանալ 2 անգամ. առաջինը՝ ֆիզիկապես, երբ դադարում ա շնչել, իսկ երկրորդը, երբ իր անունը տալիս են վերջին անգամ: Լավ ա չէ՞ ասել: Ասելուց տենց են ասում, էլի:
Սենց բաներ: Ամեն պահի քո արարքը հնարավոր ա փոխում ա պատմության ընթացքը, ասենք, 2500 թվականին ապրողների համար: Ուրեմն, զգույշ: Դու պատմություն ես կերտում:
Հ.Գ. Ոգեշնչեց Ջարեդ Դայմոնդը:
Սեպտեմբեր, 2017