Հիմա դժվար է, ու դժվար է ասել՝ ավելի դժվար է եղել, թե՞ չէ։ Կիսատ մնացին շատ բաներ, անավարտ մնացին որոշները, իսկ շատերը՝ անսկիզբ։ Ժամանակը ինչ-որ անարդար է, երբ կանգնեցնում է մեզ, ու մենք չէինք հասցրել ասել այն, ինչ պետք էր՝ թե սիրեցինք ու չհասկացանք, թե հանձնվեցինք, բայց չհասկացանք էլ՝ ինչի համար։ Կիսատ մնաց ամեն ինչ՝ բառերը, գործողությունները, մարդիկ։ Դու փորձում ես վերակազմել այն, ինչ արդեն կործանվել է, բայց ամեն նոր խոսք ավելի խճճված ու ցավոտ է դարձնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր նոր տող մի ամբողջ գիրք է դառնում՝ մի գիրք, որը դեռ չսկսված մնաց անավարտ, քանի որ գլխավոր հերոսին դու հորինեցիր, իսկ իրականում նրան նույնիսկ հերոս անվանելն արդեն ծիծաղելի կլիներ։ Իսկ մյուս հերոսները ուղղակի գեղեցիկ էին դարձնում գիրքդ։ Գլխավոր հերոսի դրվագներն ու բառերը, որոնք առաջին պահին այնքան անկեղծ ու տպավորիչ էին, այսօր արդեն խամրել են՝ ինչպես անհետացած երազներ։ Այդ կեղծ հերոսը կործանեց քո գրքի առաջին էջը, ու հիմա մնում են միայն դատարկ տողեր՝ առանց բացահայտված սյուժեների ու առանց գրված ճակատագրերի։ Պատմությունը, որ մի ժամանակ թվում էր անմահ, այժմ դարձել է անտեր ու անավարտ, ինչպես ուրվական, որն էլ չէր կարող գտնել իր տեղը այդ էջերում։ Կեղծ հերոսը, ով մի ժամանակ քեզ համար ամբողջ աշխարհ էր, պարզվեց՝ ոչինչ ու ոչ ոք էր։ Դու չէիր մտածում, որ այդ կեղծ հերոսը մի օր կծածկի իրական հերոսիդ հետքերը, կկառուցի պատնեշներ ու փակուղիներ, որտեղ դու այլևս չես կարողանա գտնել այն ճանապարհը, որը նախկինում կարծես քեզ համար բաց էր։ Եվ հիմա, երբ կարդում ես այն տողերը, որոնք վաղուց մոռացել էիր, հասկանում ես, որ ամեն ինչ, ինչ դու սիրել ես, պարզապես մնաց անցյալում՝ ինչպես մոռացված պատմություն։ Նրա տեղում դու գտար միայն մենակություն, իսկ գիրքն այդպես էլ մնաց անավարտ, պատմությունն էլ՝ չստացված։ Դժվար է, երբ անցյալն ու ապագան միմյանց հետ խառնվում են, ու դու չգիտես՝ որտեղից սկսել, որպեսզի գտնես վերջը։ Բայց հանկարծ, մի պահ, դու քո ներսում գտնում ես խաղաղություն՝ առանց այն բաների, որոնք չհասցրեցիր ասել, առանց այն մարդկանց, ովքեր հեռացան։ Ու դու հանկարծ հասկանում ես, որ… Երբ կմնա ընդամենը հինգ րոպե, ու վայրկյանները գնալով կդառնան ծանր, դու կհասկանաս, որ այլևս չես սպասում ու չես հավատում։ Միամիտ կլիներ հավատալ, որ դեռ ինչ-որ բան կփոխվի, իսկ սպասել նշանակում է` հավատալ, բայց դու արդեն բավականին մեծ ես, որ հրաշքներին չհավատաս։ Ու երբ ժամացույցը կհարվածի 00։00, կհասկանաս, որ մահը խլեց հարազատներիդ, պատերազմը՝ հայրենիքդ, ժամանակը՝ ընկերներիդ, իսկ սերդ չգիտեմ՝ ինչը խլեց, կամ միգուցե՝ ով։ Հասկանում ես, որ կան հարցեր, որոնց պատասխանը ավելի լավ է չիմանաս, բայց մի բան հաստատ գիտես՝ ամեն ինչ պետք է թողնես անցյալում։ Րոպեները դանդաղ կսողան դեպի կեսգիշեր, և դու կզգաս, թե ինչպես է ներսումդ ամեն բան կոտրվում՝ հասկանալով, որ այդ վերջն անխուսափելի է։ Բայց դու արդեն որոշել ես՝ ամեն ինչ ու բոլորին թողնել այնտեղ, որտեղ նրանց տեղն է՝ հիշողությունների, երազանքների ու չապրած զգացմունքների մեջ։ Նրանց քեզ հետ տանելը կնշանակի շարունակել վազել մի կյանքի հետևից, որն արդեն կորցրել ես։ Բայց երբեմն, որպեսզի ազատվես, պետք է ինքնակամ փակես այն դուռը, որը միշտ բաց ես թողել՝ հույսով, որ ինչ-որ մեկը ներս կմտնի։ Եվ այդ դուռը մարդիկ են, ովքեր գնում են ու այլևս հետ չեն գալիս, մարդիկ, ովքեր պետք է մնային։ Երբ ժամացույցը հարվածի 00։00, դու ամեն ինչ կհանձնես ժամանակին։ Ժամանակը կսպառի ամեն բան՝ հիշողություններ, բառեր, հայացքներ, բայց ոչ զգացմունքներ։ Բայց կհանձնես մարդկանց ժամանակին, ու թողնես, որ մնան այն ամենի մեջ, ինչին դու այլևս մոտիկ չես գալու ու չես դիպչելու։ Ու այդ պահին, գուցե առաջին անգամ՝ դու կշնչես ազատության իրական օդը։ Դու կհասկանաս, որ ազատությունը չի գալիս այն պահին, երբ դու լուռ փախչում ես անցյալի ծանրությունից։ Այն գալիս է այն պահին, երբ վերջապես հասկանում ես, որ դու չես կարող պահել այն, ինչ արդեն հեռացել է, և երբ… Եվ երբ ժամացույցը հարվածի 00։00, քեզ կհարցնեն, թե ինչ երազանք պահեցիր։ Դու կնյարդայնանաս ու կպատասխանես՝ «Հերիք է հիմարություններ հարցնեք, ես չափազանց մեծ եմ երազանքներ պահելու համար», բայց իրականում բոլորից թաքուն մի երազանք կպահես՝ այն, որ երբեք ոչինչ ու ոչ ոքին չկորցնես։ Եվ երբ գիշերները մենակ մնաս, կնայես աստղերին ու կպատկերացնես, որ այդ աստղերը ոչ միայն լուսավորում են մթությունը, այլ նաև քո սրտի բոլոր անկյունները՝ հիշեցնելով, որ կա մի տեղ, որտեղ բոլորը անվտանգ են, որտեղ անշուշտ կրկին հանդիպելու եք առանց ցավի, առանց բաժանումների…
